Աննա Մանուչարյանն այժմ վայելում է երեւանյան ամառը: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է ստեղծագործական դադարի, Միացյալ Նահանգներ այցի, դստեր նկարահումների եւ Հունաստան մեկնելու պլանների մասին:
Աննա Մանուչարյանը
Մերժված առաջարկներ
«Քարե դարդ» սիթքոմի ավարտից հետո առաջարկներ եղան, որոնք մերժեցի. չէի ցանկանում հեռանալ արդեն հարազատ դարձած հեռուստաընկերությունից: Առաջիկա եթերաշրջանի համար նոր ծրագրեր ու նախագծեր կան, իսկ մինչ այդ վայելում եմ ամառային արձակուրդները:
Այցելություն ԱՄՆ
Գարնանը հյուրախաղերով Միացյալ Նահանգներում էինք: Շատ կարեւոր է, թե առաջին անգամ ում հետ ես շրջում տվյալ երկրով: Մեզ դիմավորեցին Վաչեի ընկերները՝ «Դեմք» շոուի տղաները, եւ աննկարագրելի ձեւով, անշահախնդիր կազմակերպեցին մեր հանգիստն ու շրջագայությունը: Այնտեղ անցկացրած մեր տասն օրերը շատ հետաքրքիր ու լեցուն անցան:
Դստեր մասին
Առօրյաս հիմնականում Արփիի հետ է անցնում: Աղջիկս խաղում է «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում. միասին նկարահանման ենք գնում եւ այլն: Նկարահանման հրապարակում հաճախ չեմ լինում, ուզում եմ՝ ինքնուրույն լինի, իր վրա վերցնի ողջ պատասխանատվությունը: Այս շրջանում նրա զբաղվածությունը մեծ է:
Աննա Մանուչարյանը` դստեր հետ
«Ասացին` պետք է փորձել»
Երբ իմացանք, որ մանկական մյուզիքլի համար քասթինգ է հայտարարվել, Արփիին ճանաչողներն ասացին՝ պետք է փորձել, քանի որ պարում է, երգում ու նվագում: Անընդհատ հետաձգվում էր, ի վերջո մասնակցեցինք, եւ Արփին ընտրվեց:
Երազում է
Աղջիկս մեծ ոգեւորությամբ է մասնակցում նկարահանումներին: Որպես ծնող՝ ուրախ եմ, որ նրա օրը հետաքրքիր եւ լեցուն է անցնում, վոկալի եւ պարի լրացուցիչ պարապմունքների է հաճախում, մոտիկից ծանոթանում նկարահանման ընթացքին: Չեմ կարող ասել՝ հետագայում դերասանուհու կարիերան կընտրի, թե ոչ. այժմ պարուհի դառնալու մասին է երազում:
Դեպի Հունաստան
Ճիշտ է՝ ԱՄՆ-ում լավ հանգստացել ենք, բայց Արփիի հետ որոշել ենք առաջիկայում եղբորս մոտ՝ Հունաստան, գնալ: Այս պահին պարզապես Երեւանի հետ կապող կարեւոր գործ ունեմ, որը թույլ չի տալիս ճամփորդել:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աննա Մանուչարյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: