×


Աննա Դավթյան.«Դուստրս ինձ հավասար արտասվում էր»

Տեւական դադարից հետո Աննա Դավթյանը ստեղծագործական նորություն ունի: Ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհին կրկին բեմում է՝ գլխավոր հերոսուհու դերում: Այս մասին նա հայտնել է BRAVO.am-ին եւ տրամադրել առաջնախաղի լուսանկարները:

«Մայիսի 31-ին կայացավ Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան» ստեղծագործության հիման վրա բեմադրած «Վերջին արքա» ներկայացման պրեմիերան: Խաղալու առաջարկը ստացա հայկական «Գավիթ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Համլետ Ղալեչյանից: Երբ գործն առաջին անգամ ընթերցեցի, այնքան էլ տպավորված չէի: Շնորհիվ ռեժիսորական ճիշտ լուծումների եւ հրաշալի թիմի՝ արդյունքն այլ պատկեր ստացավ: Բովանդակությունն ու ասելիքն արդի դարձան: Մարմնավորում եմ գլխավոր հերոսուհուն՝ Զապելին, որի դերը պիեսում ռեժիսորի մեկնաբանությամբ էլ ավելի կարեւորվեց, քան կար: Նրա շուրթերից հնչում է ճշմարտությունն այսօրվա եւ, առհասարակ, բոլոր ժամանակների», ասել է դերասանուհին եւ հավելել, որ խաղացել են բնագիր լեզվով՝ արեւմտահայերենով, հաջորդ ելույթը նախատեսված է հունիսի 21-ին:

«Վերջին արքա» ներկայացման պրեմիերային


Աննայի խոսքով` հատուկ պրեմիերային մասնակցելու համար Հայաստանից Մոսկվա էր մեկնել ռեժիսոր, ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Ներկա էին նաեւ ռուսական թատրոնի ռեժիսոր, Մոսկվայի Ն. Ի. Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանը, արվեստաբանության թեկնածու, երաժշտական քննադատ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Կարինա Մելիք-Փաշաեւան եւ այլք:

2.5 տարվա դադարից հետո կրկին թատրոնի բեմ բարձրացած դերասանուհին խոստովանել է, որ շատ էր կարոտել: Հերթական անգամ համոզվել է, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել:

«Վերջին արքա» ներկայացման պրեմիերային


Պարզվում է՝ Աննայի դուստրը՝ փոքրիկ Ադելը, մասնակցել է ներկայացման փորձերին.«Շատ է սիրում այդ գործընթացը: Իմ վերջին մենախոսության ժամանակ ինձ հետ հավասար ապրում էր եւ արտասվում: Ընկերներիցս մեկը գաղտնի տեսագրել էր, թե ինչպես է զգում ու վերապրում իմ խաղացած դերը»:

Խոսելով ներկայացման արձագանքներից` մոսկվաբնակ դերասանուհին ասել է, որր դրանք գերազանցել են իրենց սպասելիքները: Մինչ այսօր լսում են հիացմունքի խոսքեր, ստանում հաղորդագրություններ, ինչի համար խորապես շնորհակալ են: Իսկ հետագա անելիքների վերաբերյալ խոսելիս Աննա միայն նշել է, որ շատ աշխատանքներ կան անելու թատրոնում, եւ ոչ միայն:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էրիկ Ավագյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW