×


Անտոն Բելյաեւ.“Մինչ Յուլիային սիրահարվելը բավական կրքոտ կյանք եմ ունեցել”

Ճիշտն ասած` հեռուստացույց չեմ դիտում, բայց հավատարմորեն հետեւել եմ ռուսական “Ձայնը” նախագծին, որի երկրորդ եթերաշրջանում էլ հանդիպեցի նրան` աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկին` Անտոն Բելյաեւին: Կույր լսումների ժամանակ նա կատարեց Քրիս Այզեքի “Wicked Game” երգն ու չորս մարզչին էլ “ստիպեց” շրջվել: Բայց մինչ “Ձայն”-ում հայտնվելը, Բելյաեւը հասցրել էր երաժշտական երկար ճանապարհ անցել` 2004-ին հիմնադրելով “Therr Maitz” խումբը, որ բավական հայտնի է “անդերգրաունդում”, նաեւ աշխատել է որպես երաժշտական պրոդյուսեր եւ համագործակցել ռուսական էստրադայի հայտնի կատարողների հետ: Ինչպես արդեն պատմել ենք, այս ամիս նա իր բենդի հետ համերգներով Երեւանում էր, մենք էլ չէինք կարող բաց թողնել առիթն ու չզրուցել երաժշտի հետ:):

Անտոն Բելյաեւը


-Անտոն, խոստովանեք, հոգնե՞լ եք հարցազրույցներից:

-Չէ, հա, աշխատանքիս մի մասն է եւ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում: Գուցե ոչ այնքան հետաքրքիր մասն է, որովհետեւ ստիպված եմ հետեւել, ստուգել, թե ինչ գրվեց, եւ հետո պարզվում է, որ կյանքիդ մեծ մասը հենց դրա վրա ես ծախսում:

-Իսկ բացի հարցազրույցներից, համացանցում Ձեր մասին տեղեկություն փնտրո՞ւմ եք:

-Իհարկե, պատահում է: Երբեմն իսկապես հետաքրքիր է կարդալ, թե ինչ են գրում քո մասին: Ճիշտն ասած` շատ ուրախ եմ ու շնորհակալ. առ այսօր որեւէ տհաճ բան չեմ կարդացել իմ մասին: Մարդիկ բավական նրբանկատ են վերաբերվում ինձ եւ իմ խմբի գործունեությանը: Մեզ վրա երբեւէ կեղտ չեն գցել: Պատահում է, իհարկե, որ սխալ տեղեկատվություն տարածվի, բայց դա շտկվում է:

Անտոն Բելյաեւը


-“Interview” ամսագրին տրված հարցազրույցում ասել եք` հույս ունեք մեկ օր ազատվել ““Ձայնը” նախագծի տղան” պիտակից, չէ՞ որ յուրաքանչյուր արտիստ ուզում է յուրահատուկ լինել: Ձեր նոր ձայնասկավառակն էլ կոչվում է “Unicorn”` միաեղջյուր, միֆական մի կենդանի, բայց, համոզված եմ, իրականում որեւէ բան չեք անում յուրահատուկ լինելու համար եւ հենց դրանով էլ տարբերվում եք մյուսներից:

-Ճիշտ եք, չեմ մտածում հատուկ ինչ-որ բան անել, որ յուրահատուկ լինեմ: Եթե անեի, ոչինչ էլ չէր ստացվի: Ճակատագրական պահ կա, գիտե՞ք, կամ կայանում ես որպես ինքնատիպ արտիստ, կամ` ոչ: Պետք է ստացվի, եւ վերջ: Իսկ ինչ վերաբերում է “Ձայն”-ին, ինչ խոսք, նախագիծը որոշակի հետք թողեց կյանքիս վրա: Բայց դրանից հետո բոլորը չէ, որ այս երկու տարվա ընթացքում եկել են մեր համերգներին: Այ, երբ գան, այդ ժամանակ ամեն ինչ շատ լավ կլինի:

-Ձեր կնոջ` Յուլիայի հետ արդեն հինգ տարի միասին եք: Շատ գեղեցիկ զույգ եք եւ, հավատացեք, շատերին եք ոգեշնչում: Այս հարցում էլ եք յուրահատուկ:):

-Գիտեք, ամենակարեւորն, ինչ բացահայտել եմ զույգերի հարաբերությունների հարցում, հավասարակշռությունն է: Այս դեպքում էլ մեր բախտը բերել է, կրկին ճակատագիր էր` ստացվեց, ու վերջ: Մինչեւ Յուլիային սիրահարվելը բավական կրքոտ կյանք եմ ունեցել: Հետո հանդիպեցի նրան ու կանգ առա: Հազվադեպ է այդպես ստացվում, բայց այսօր իմ կյանքում ամեն ինչ ճիշտ տեղում է: Կարծում եմ՝ բախտս բերել է:

Անտոն Բելյաեւը՝ կնոջ հետ


-Ինչի՞ համար պետք չէ երբեք զղջալ:

-Ոչ մի բանի համար էլ պետք չէ զղջալ: Իհարկե, կարեւորը չգործել վատ, կեղտոտ արարքներ: Պիտի կարողանանք ապրել այնպես, որ զղջալու բան չլինի:

-Իսկ կա՞ մի բան, որ անպայման պետք է հասցնել իրականացնել կյանքում:

-Ես դեռ շատ երիտասարդ եմ այդ հարցին պատասխանելու համար: Բարդ է միանգամից ինչ-որ բան մտաբերել:

Անտոն Բելյաեւը՝ կնոջ հետ


-Մոռացա հարցնել՝  “Radiohea՞d”, թե՞ “Led Zeppelin”:

-Վա~յ, հրաշալի է: Հմ, “Radiohead”:

-Այդպես էլ գիտեի:

-Չէ, չէ, մի րոպե, “Led Zeppelin”-ն էլ շատ լավն է:):

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW