×


Կադրը՝ Ակի Կաուրիսմյակիի «Հավր» ֆիլմից

Անցած տասնամյակի կարեւորագույն ֆիլմերն՝ առանց Օսկարի արձանիկի. մաս 2

Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը համոզված է՝ ֆիլմի արվեստագիտական արժանիքները եւ որակը կապակցված չեն ամենահայտնի կինոմրցանակաբաշխության արձանիկի առկայության հետ։ «Օսկար» մրցանակաբաշխությանն ընդառաջ կինոսեր հասարակության ուշադրությանն ենք ներկայացնում անցած տասնամյակի կարեւորագույն ֆիլմերը, որոնք այդպես էլ չեն արժանացել ամերիկացի կինոակադեմիկոսների գնահատականին։

«Հավր», Ակի Կաուրիսմյակի

21-րդ դարի կինոաշխարհում հեքիաթասացները, իբրեւ հազվագյուտ եւ վերացող տեսակ, փայփայվում են մի այլ կարգի. Ֆրանսիայում՝ Ժան-Պիեր Ժենեն է, Միացյալ Նահանգներում՝ Ուես Անդերսոնը, իսկ Ֆինլանդիայում ազգային արժեք Ակի Կաուրիսմյակին, թեեւ ապրելու համար նախընտրում է ավելի տաք երկրներ։ «Հավրը» Եվրոպա մեկնող ապօրինի ներգաղթյալ-փախստականների մասին ֆինն ռեժիսորի առաջին ֆիլմն է՝ ստեղծված միամիտ տրագիկոմեդիայի դասական կանոններին համաձայն։ Սկսած գլխավոր հերոս Մարսել Մարքսի մասնագիտությունից (նա փողոցում կոշիկ մաքրող է), ընդհուպ մինչեւ նավահանգստային փոքրիկ քաղաքը, որտեղ եւ պատկերված է ամբողջ պատմությունը, հանդիսատեսին չեն թողնում հնաոճ գողտրիկության եւ հեքիաթային անտուրաժի զգացողությունը: Գուցե բաղադրատոմսը նուրբ խամրած գույների մեջ է, որոնց դեկորացիաներում Կաուրիսմյակին խոսում է Եվրոպայի ամենասուր սոցիալ-քաղաքական խնդրի մասին, գուցե նրան հայտնի է մեկ այլ գաղտնիք, որը հատուկ է միայն սկանդինավյան ֆոլկլորի ժառանգորդներին։


«Աղավնին նստել էր ճյուղին եւ մտորում էր կյանքի մասին», Ռոյ Անդերսոն

Իր ֆինն գործընկերոջ պես, պարոն Ռոյ Անդերսոնը, սկանդինավյան հեղինակային՝ այլընտրանքային կինեմատոգրաֆի բարի ավանդույթներին համաձայն, կերտում է կատարյալ խոշոր պլաններ՝ էլ ավելի արտիստիկ, ասես, կենդանացնում է Էդվարդ Հոփերի կտավները։ Ի տարբերություն շատերի՝ սկսում եւ ավարտում է տեսարանը մեկ դուբլով՝ խաղացնելով ոչ միայն առաջին, այլ նաեւ այնտեղ հեռվում գտնվող երկրորդ պլանի դերասաններին։ Անդերսոնը, իհարկե, բոլորի համար չէ. անպատրաստ հանդիսատեսին կարող է թվալ դանդաղաշարժ, անհայտ ուղղությամբ շարժվող աբստրակտ հեղինակ։ Սակայն, երբ «բռնում» ես շվեդական աբսուրդիստական սատիրայի պոչը, ամեն ինչ ընկնում է տեղը։ Այլեւս որտե՞ղ կտեսնեք նմանատիպ հարաբերականապաշտություն Ռուսաստանի վրա հարձակվող Կառլ XII-ի ձախողումների, փաբում համբույրների դիմաց ալկոհոլ վաճառող, երգող եւ կախող փաբատիրուհու եւ վամպիրի ատամներ վաճառող անհաջողակ շրջիկ առեւտրականների մասին։


«Ֆոքսթրոթ», Սամյուել Մաոզ

Արաբա-իսրայելական հակամարտության թեման թելավիվցի Սամյուել Մաոզի դեպքում դառնում է եթե ոչ ժամանակակից հեքիաթի, ապա ինքնատիպ տրագիկոմեդիայի նմուշ՝ լի դառը երգիծական երանգներով։ Գրեթե աբսուրդիստական քամահրանքի են հասցվում բազմաթիվ քաջ հայտնի ռազմական ատրիբուտներ, որոնք ծանոթ են սահմանին զինվորներ ուղարկած բոլոր երկրներին։ Սկզբից զինվորականները ներխուժում են Միխայելի եւ Դաֆնայի գեղեցիկ բնակարան եւ հայտնում որդու մահվահ գույժը, հետո պարզաբանում՝ շփոթել են մեկ այլ երիտասարդի հետ. նրանց տղան ողջ է։ Մաոզի հեղինակային մոտեցումն անկանխատեսելի է՝ չես հասկանում՝ որտեղ ավարտվեց իրականությունը եւ սկվեց չար կատակը։ Աննպատակ եւ անողոք կոնֆլիկտը, ֆոքսթրոթի պես, կարծես, դրված է «պաուզայի» վրա, սակայն ամեն վայրկյան կարող է վերսկսվել իր սրընթաց եւ անսպասելի ռիթմը՝ շրջապտույտի մեջ ներծծելով բոլոր ներկաներին։


«Սիերանեւադա», Քրիստի Պույու

Մեկուկես տասնամյակ առաջ ռումինացի մի խումբ ռեժիսորներ բավական համեստ գումարներով սկսեցին պատկերել հարազատ երկրի անշուք եւ ոչ դուրեկան ռեալիզմը։ Փառք սոցիալիստական ռեժիմին՝ պատկերելու բան շատ կա(ր)։ Այդպես ծնվեցին բազմաթիվ կարեւոր, հակաուտոպիստական ժապավեններ, որում եթե ռումինական Լազարեսկուն փոխարինես հայկական Ղազարյանով, երկրների միջեւ առանձնապես ակնհայտ տարբերություն չես տեսնի։

«Սիերանեւադան» կարելի է մեկնաբանել ե՛ւ որպես Ռումինիայի ալեգորիա, ե՛ւ իբրեւ մարդու էգոցենտրիզմի մանիֆեստ, ե՛ւ պարզապես անշուք ռեալիզմի ապացույց. այն, ինչ մնաց կոմունիզմի կառուցման ճանապարհին։ «Ռումինական նոր ալիքի» հեղինակները, կարծես, հակադրում են շինծու, անբնական ֆիլմերին՝ հասցնելով գեղարվեստականը մաքսիմալ իրականին՝ վավերագրականին՝ այդ կերպ հանդիսատեսին դարձնելով պատմության մի մաս։

Գրեթե երեք ժամ տեսախցիկը շրջում է խորհրդային ժամանակներից մնացած համեստ բնակարանի մեջ՝ մեկընդմեջ սեւեռելով ուշադրությունը բազմազավակ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի վրա։ Նրանց մեջ չկան հերոսներ եւ հակահերոսներ, մեղավորներ եւ անմեղներ,  հանճարներ կամ հիմարներ։ Պույուն չի տարանջատում՝ իր համար բոլորը հավասար են, ինչպես իր նախորդ՝ «Պարոն Լազարեսկուի մահվան» մեջ. պարզապես կյանքն է՝ ինչպիսին կա. մահից առաջ եւ հետո այն, սովորաբար, շարունակվում է։


«Երջանիկ Լազարոն», Ալիչե Ռորվախեր

Եթե ռումինական իրականության մեջ՝ Լազարեսկու, ապա իտալական աշխարհում՝ Լազարո։ Փոքրիկ, հեռավոր գյուղի տեղաբնակները ոչինչ չգիտեն փոփոխված օրենքների մասին, ապրում են նոր տեխնոլոգիաներից մեկուսացված եւ շարունակում են փոխանցել հողատիրոջը հավաքված ամբողջ բերքը։ Հողատերը մարքիզա դե Լունան է, ով, խաբելով գյուղացիներին, շարունակում է շահագործել նրանց մինչ մի արեւոտ օր նրա որդին չի ծանոթանում գյուղի ամենաբարի երիտասարդի՝ Լազարոյի հետ, իսկ խարդախության մասին հայտնի է դառնում մոտակա ոստիկանական բաժանմունքում։

Ինչպես եւ «Հրաշքներ»-ում, այստեղ նույնպես Ռորվախերը շարունակում է աշխարհից կտրված գյուղի թեման։ Նրա Լազարոն միստիկական այլաբանության կենտրոնական հերոսն է, որի համար չկան հստակ սահմանումներ, քանի որ պատմության կեսից ֆիլմ է ներխուժում աստվածաշնչյան մոտիվ, իսկ ընթացքը թեեւ շատ պարզ է՝ հղում տալով քրիստոնեական հայտնի իրադարձություններին, սակայն կարող է մեկնաբանվել տարբեր կերպ։ Այստեղ խիստ կապակցված են ինքնազոհությունը, դավաճանությունը եւ մարդկային մյուս հավերժ որակները, որոնք Նոր կտակարանից մինչեւ մեր օրեր առանձնապես չեն փոխվել։ Հարություն, խորհրդավոր գայլ, ճամփորդություն ժամանակի մեջ, հին ազնվական ընտանիք՝ նմանատիպ երեւույթներ ժամանակակից կինեմատոգրաֆում հաճախ չես հանդիպի։

Դիանա Մարտիրոսյան

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW