×


Աշխեն Կոստանդյան՝ «մալյարությունից» մինչ դիմահարդարման արվեստ

Դիմահարդար Աշխեն Կոստանդյանը BRAVO.am-ին է տրամադրել նոր ֆոտոշարք, որի գաղափարը տարիներ առաջ հուշել է տատիկը: Մինչ լուսանկարների ստեղծման նախապատմությանը հասնելը կկարդաք ժամանակակից դիմահարդարման առանձնահատկությունների մասին, թե ինչպես է տարիների ընթացքում փոխվել վերաբերմունքն այս ոլորտի նկատմամբ, որն է գեղեցկության բանաձեւը, եւ ոչ միայն:):

Աշխեն, Անի եւ Լիլիթ Կոստանդյանները


«Դիմահարդարումը խաբկանք չէ»

Դիմահարդարումը նախ եւ առաջ ինքնաարտահայտման միջոց է, քանի որ դրա միջոցով ցույց ես տալիս ոչ միայն արտաքին, այլեւ ներքին որակները՝ տեսակը, ճաշակը: Դիմահարդարումն ինքնավստահություն է, վիզուալ հաղորդագրություն դիմացինին եւ առավելություններն ընդգծելու միջոց: Այն ստեղծում է իմպրեսիա, որի միջոցով մարդիկ ընդունում են դիմացինին: Մեյքափը խաբկանք չէ, եթե արված է գրագետ եւ ներդաշնակ՝ միջավայրի եւ անձի ներաշխարհին համապատասխան, իսկ եթե համահունչ չէ կրողի «ես»-ի հետ, ապա կարճ ժամանակահատվածում չքանում է ստեղծված կերպարը:

Բացահայտելով կնոջ ներաշխարհը

Դիմահարդարումն իմ կյանքի մասն է կազմում: Առանց սիրելու անհնար է զբաղվել այս գործով: Դիմահարդարման արվեստի միջոցով ես կարողանում եմ նաեւ բացահայտել մարդկանց հոգեբանությունը: Ինձ համար կարեւոր է հասկանալ, թե ինչ ներաշխարհ ունի կինը, որպեսզի կարողանամ ներդաշնակ դիմահարդարել: Սիրում եմ իմ մասնագիտությունը, որովհետեւ դիմացինի առավելությունները ընդգծելով եւ նրան հայելու առջեւ երջանիկ տեսնելով իմ ներսն էլ է մաքրվում: 

Կրթությամբ կերպարվեստի տեսաբան եմ եւ իմ խնդիրն է նկարչության մեջ գտնել գեղեցիկն ու արժեքավորը, նույնը դիմահարդարման մեջ եմ կիրառում: Նկատել եմ, որ կիսատ, անհամաչափ դիմահարդարմանը երկար չեմ կարող նայել:

Անի, Լիլիթ եւ Աշխեն Կոստանդյանները


«Հայուհիները գեղեցկուհիներ են»

Հայուհիների աչքերն ուժեղ էներգետիկա ունեն: Մեզ բնորոշ թախծոտությունը վայելուչ է եւ հենց դրանով ենք տարբերվում մյուս ազգերից: Հայուհիների հայացքն անսահման խոր է եւ չբացահայտված: Գեղեցկության տեսանկյունից բնությունը մեզ օժտել է ամեն ինչով՝ փարթամ մազեր, ընդգծված, գեղեցիկ դիմագծեր, անկրկնելի աչքեր, հոնքեր. այս ամենը միայն առավելություններ են, որոնք դիմահարդարելիս պետք է շատ նուրբ ընդգծել: Արդեն իսկ հայուհիների շրջանում նկատվում է նուրբ դիմահարդարվելու միտում, ինչը տարիներ առաջ չկար:

Հաջողության հասնելիս

Իմ հաջողության գրավականն է աշխատասիրությունը, համբերությունը, մարդկանց ամեն օր ուսումնասիրելու ցանկությունը եւ հետեւողականությունն առավել լավ աշխատելու առումով: Հաջողությունների հասնելիս չպետք է մեծամտանալ եւ չպետք է կորցնել մարդկանց լսելու ունակությունը:

Գեղեցկության գաղտնիքը

Գեղեցիկ կինը նա է, ով խնամված է բոլոր իմաստներով: Խնամված կին ասելիս ես պատկերացնում եմ նրբագեղ նիստուկաց, գեղեցիկ խոսելաոճ, խնամված ու կոկիկ արտաքին: Կինը գեղեցիկ է, երբ ներդաշնակ է ինքն իր հետ:

Անի Կոստանդյանը


Ոգեշնչվելով տատիկի խոսքերից :)

Այս ոլորտում եմ 2001 թվականից, երբ դեռ «Մեյքափ արտիստ» տերմինը շրջանառության մեջ չէր, ու բոլորը «կոսմետոլոգ» բառն էին օգտագործում:  Իմ տատիկը բոլոր հայ տատիկների պես էր՝ հասարակ, աշխատասեր, տանը նվիրված, եւ գեղեցկության սրահներ այցելելը խորթ էր իր համար: Երբ փորձում էի բացատրել, թե ինչ աշխատանքով եմ զբաղված, հանգիստ լսում ու ավելացնում էր՝ «Բալես, դե, «մալյար» ես էլի»: Փորձում էի բացատրել, որ դիմահարդարումն արվեստ է, բայց այն ժամանակ ընկալումն այլ էր, մեր օրերում՝ բոլորովին այլ:

Որոշեցի տատիկիս կնքած մականվանը համապատասխան ֆոտոշարք ունենալ, որում կներկայանան նաեւ մյուս Կոստանդյանները, որոնք նույնպես դիմահարդար են: Ներկայանում ենք երկու կերպարով: Ժամանակակից կերպարները ստանալու հարցում մեզ օգնեց երիտասարդ եւ տաղանդավոր դիզայներ Մերին Ստեփանյանը:

Ընտանեկան չպլանավորված բիզնես

Հարազատներով աշխատելու երեւույթը երբեք չեմ սիրել: Մեր ընտանիքում դա պատահաբար ստացվեց: Ֆոտոշարքում ինձ հետ եղբայրներիս դուստրերն են: Լիլիթն իր աշխատասիրությամբ անընդհատ ապացուցում էր, որ կարող է այս աշխատանքով զբաղվել, ինչի համար ուրախ եմ: Իսկ Անին բնավ մտադիր չէր դիմահարդար դառնալ. մասնագիտությամբ լոգոպետ է, սակայն ավարտելուց հետո, քանի դեռ աշխատանք չէր գտել, առաջարկեցի ինձ օգնել, ու որոշ ժամանակ անց նա հաճելիորեն զարմացրեց, ու այսօր Կոստանդյաններով աշխատում ենք նույն ոլորտում: Ես մեծ մտավախություն ունեի, որ մարդիկ, ինձ վստահելով, կդիմեն նրանց եւ հուսախաբ կլինեն, բայց ուրախ եմ, որ հաջողեցին:  

Տեքստը՝ Անի Կարապետյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արտաշես Մարտիրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW