×


Ապարանյան երգերը՝ «Հովեր»-ի ու Վահագն Հայրապետյանի մատուցմամբ

Ապարանյան ազգագրական երգերը ոչ ավանդական մշակմամբ հանդիսատեսին նորովի մատուցելու գաղափարը միավորել է «Հովեր» պետական կամերային երգչախմբին եւ «Վահանգն Հայրապետյան» տրիոյին։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել նոր խմբերգային «Թե չես գա-լի, մը-նաս բա-րի» խորագրով համերգը։ Երգերն ընտրված են Ալինա Փահլեւանյանի ժողովածուներից, մշակումները կատարել է Վահագն Հայրապետյանը:

«Հովեր» երգչախումբը


Յուրաքանչյուր բեմելից առաջ, ավանդույթի համաձայն, «Հովեր»-ի անդամները միասին շրջան են կազմում ու ձեռքերը վեր բարձրացնում: Այս անգամ BRAVO.am-ը ետնաբեմում լուսանկարել է այդ հետաքրքիր պահը:

Ջազմեն Վահագն Հայրապետյանը (դաշնամուր, վոկալ) համերգին ներկայացել է իր տրիոյով, որի կազմում են նաեւ Արմեն Հովակիմյանը (կոնտրաբաս) եւ Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ)։ 

Վահագն Հայրապետյանը


Ինչպես նշել է «Հովեր»-ի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Սոնա Հովհաննիսյանը, նախագծի համար ընտրել են Ապարանի երգերը, քանի որ այն համարվում է Հայաստանի ամենաերգեցիկ շրջաններից մեկը.«Կոմիտաս վարդապետն Ապարանում է ձայնագրել «Մոկաց Միրզա»-ն, «Սասնա ծռեր»-ի հինգ տարբերակները։ Հնչում են ոչ այդքան հայտնի երգեր, քանի որ նպատակ ունեինք թղթի վրա մնացած այդ երգերը եւս հայտնի դարձնել։ Պատկերացրեք՝ կայացավ 100-ից ավելի տարի առաջ ստեղծված երգերի ու մեր հանդիպումը։ Երգերը միայն երգ էին, իսկ Վահագն Հայրապետյանը դրանք դարձրեց երաժշտություն. երախտապարտ եմ ինձ տակնուվրա անելու, հրաշալի երաժշտությունը նվիրելու համար։ Վահագ ջան, մտքիդ մեռնեմ»,- բեմից ասել է Սոնա Հովհաննիսյանը:

Վահագն Հայրապետյանն էլ պատմել է, որ ապարանյան երգերի համն ու հոտը պահպանելով, նոր մշակում է արել.«Այս երգերը ռիթմիկ եւ ներդաշնակ կառուցվածք ունեն, պարզ մեղեդիներ են, փորձել եմ շատ չփոխել, պարզապես այդ ամենին ժամանակակից  երանգ է հաղորդվել` ներդաշնակ ռիթմերի ու իմպրովիզացիայի շնորհիվ: Չեմ ցանկանում այդ ամենը կապել ջազի հետ, որովհետեւ այսօր, երբ մի բան են փոխում, անունը ջազ են դնում: Սա պարզապես ավանդական երգերի ոչ ավանդական ներկայացում է»։

«Հովեր»-ի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Սոնա Հովհաննիսյանը


Համերգային ծրագրում հնչել են «Ես աղջիկ եմ», «Հազարներից քեզ եմ սիրել» , «Մեր հայաթը դիփ քյալամ ու բողկ ա », «Բաղչա ունեմ մեջը լիքը վարդերով», «Հին վալս» (հեղինակ` Վահագն Հայրապետյան), «Էլլու յար», «Գնացիր, մնացիր», «Դարդո», «Խաղաղություն» (հեղինակ` Վահագն Հայրապետյան), «Սին, Սին, Սինամե», «Յար, մտքիդ մեռնեմ», «Չիթ, չիթ» հայկական ժողովրդական երգերը:

Երեւանյան հանդիսատեսը բարձր ծափահարություններով է բեմից ճանապարհել երաժիշտներին, ավարտին ջազմենը նշել է, որ «առաջնեկը»՝ առաջին համերգը կայացած է,  հույս ունի, որ համերգները կշարունակվեն Հայաստանի եւ արտերկրի տարբեր քաղաքներում։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW