×


Առաջնորդության թեման՝ XiB նոր բիզնես հարթակում

XiB-ն փոխակերպվող բիզնեսի լավագույն փորձառություններով աշխարհի հետ կիսվելու հարթակ է: Առաջին XiB-ն, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 29-ին, առաջնորդության թեմայով էր։ Միջոցառման ընթացքում «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության ղեկավար անձնակազմը ներկայացրեց կարիերայի ընթացքում ձեռք բերած առաջնորդության իրենց փորձը եւ կիսվեց անձնական հետաքրքիր պատմություններով։

Նախապատմություն

XiB հարթակը հնարավորություն է Ճանապարհորդել բիզնեսի աշխարհով՝ բացահայտելով այն գիտելիքն ու փորձը, որն առկա է մեծ կազմակերպությունների հաջողության հիմքում։
Նպատակը լավագույն բիզնես փորձառությունները տարածելն ու նպաստելն է գործարար նոր կապերի հաստատմանը:

Քրիստինե Սարգսյանը, որ նաեւ TEDx Yerevan-ի հիմնադիրն ու արտոնակիրն է, միջոցառման սկզբում պատմել է՝ ինչպես ծնվեց հարթակի ստեղծման գաղափարը։

Քրիստինե Սարգսյանը


Տարիներ առաջ նա «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության կողմից ստացավ համագործակցության առաջարկ, որը, սակայն, մերժեց: Պատճառն այն կանխակալ կարծիքն էր, որ սովորաբար ունեն բոլորը մեծ ընկերությունների վերաբերյալ։

«Աշխատելով ընկերության հետ՝ բացահայտում էի հրաշալի պատմություններ ընկերության աշխատակիցների, նրանց երազանքների մասին ու մտածեցի՝ անարդար է, որ նման կազմակերպությունները չունեն այդպիսի խոր եւ ազդեցիկ պատմությունները պատմելու իրենց ուրույն ձեւաչափը։ Իսկ ինչո՞ւ չունենալ XiB՝ X in Business, որտեղ X-ն անհայտն է՝ քննարկվելիք թեման՝ տարբեր յուրաքանչյուր կազմակերպության համար։ Անչափ տպավորված էի «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության ղեկավարների առաջնորդական կարողություններով, այդ պատճառով էլ այն դարձավ առաջին XiB-ի հիմնական թեման»,- մանրամասնել է Քրիստինե Սարգսյանը։

Ծնող լինելը՝ գլխավոր առաջնորդություն

«Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» ներգրավման ու զարգացման ծրագրերի ղեկավար Նինա Գրիգորյանն իր ելույթում առաջնորդությունը համեմատել է ծնող լինելու բարդ առաքելության հետ. «Ծնող լինելն ամենակարեւոր առաջնորդությունն է մեր կյանքում, որովհետեւ մենք դաստիարակում ենք մարդկանց, որոնք հետագայում իրենց հերթին դաստիարակելու են այլ մարդկանց եւ այդպես՝ սերունդների։ Մենք պետք է հասկանանք, որ երեխաները մեր սեփականությունը չեն, այլ վստահված են մեզ հոգ տանելու, սովորեցնելու եւ հզորացնելու համար, որից հետո պետք է բաց թողնել ու թույլ տալ նրանց ուրույն կյանքում կայացնել սեփական որոշումները։ Նույնն էլ հաջողակ առաջնորդների դեպքում է»:

Նինա Գրիգորյանը


Ներուժի բացահայտում

Ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովայի ելույթի թեման կանանց ներքին հզորության բացահայտումն էր։ Նա ներկայացրել է իր անձնական պատմությունն առ այն՝ ինչպես է կարողացել հասկանալ իր ներուժը։

Նա կարեւորել է այն, որ կառավարությունը եւս պետք է մասնակից դառնա կանանց կարողությունների բացահայտման գործընթացին՝ սահմանելով հավասար վարձատրություն, աշխատանքային ներգրավվածություն, կանխատեսելի բիզնես միջավայր, մանկապարտեզների հասանելիություն։

Նատալիա Մայորովան


«Եղեք բավարար խիզախ՝ հասկանալու համար ձեր ներքին ուժը։ Կարող եք դիմել աջակցության ստանալու համար, եթե կա դրա կարիքը, բայց երբեք մի խնդրեք ուժ, որովհետեւ դուք այն ունեք, միայն թե կարողացեք գտնել»,- եզրափակել է իր խոսքը ընկերության գլխավոր կառավարիչը։

Առաջնորդությունը՝ պատասխանատվություն ստանձնելու հետեւանք

Առաջնորդությունը ոչ թե մի բան է, որի համար պետք է պայքարել, այլ հետեւանք է ստանձնած պատասխանատվության, գործիք՝ գաղափարները կյանքի կոչելու համար։ Այսպես է կարծում ընկերության արտաքին կապերի հաղորդակցության գծով գործադիր Տաթեւիկ Հովհաննիսյանը, որ իր տեսակետը հիմնավորել է անձնական պատմությամբ։

Տաթեւիկ Հովհաննիսյանը


«Առաջնորդի պաշտոն զբաղեցնելուց առաջ մտածեք, թե ինչու եք անում դա՝ շրջապատի մարդկանց ինչ-որ բան ապացուցելո՞ւ համար, թե՞ որովհետեւ տեսնում եք այն խնդիրը, որը կարող եք լուծել եւ այն, որ պետք է պատասխանատվություն ստանձնեք շրջապատի մարդկանց համար՝ նրանց կյանքի, զարգացման եւ ապագայի։ Եթե վստահ եք, որ պատրաստ եք դրան, ուրեմն ստանձնեք այդ պատասխանատվությունը, իսկ առաջնորդությունը կգա որպես հետեւանք»,- ամփոփել է բանախոսը։

Համբերատարություն եւ խիզախություն

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության էկո համակարգի զարգացման ծրագրի ղեկավար Մարիամ Դավթյանը ներկայացրել է գիտահետազոտական ոլորտում ընկերության ծրագրերը, որոնց շրջանակում իրականացրել են հետազոտական նախագծեր՝ աշխատելով հայաստանյան 7 ինստիտուտների հետ, աջակցել 850 գիտնականների եւ ինժեներների, տրամադրել կրթաթոշակներ։

Մարիամ Դավթյանը


Նա հիշել է այն բարդ ճանապարհը, որն անցել է իր թիմի հետ ծրագրերն իրականացնելիս։

«Ոչինչ անմիջապես տեղի չի ունենում։ Մենք պետք է լինենք համբերատար եւ բավարար խիզախ՝ հետեւելու մեր նպատակներին։ Երբեմն դա մեզ մասերի է բաժանում, բայց մենք պետք է հավաքենք ինքներս մեզ՝ հիշելով վերջնարդյունքի այն պատկերը, որն առկա է մեր գլխում, եւ պարզապես առաջ գնանք՝ առանց կանգ առնելու»,-նշել է Մարիամ Դավթյանը։

Կիսելով ապագայի պատասխանատվությունը

Սպառողների փորձառության բաժնի ղեկավար Մարիամ Թավբերիձեն մերժում է ավանդական առաջնորդությունը եւ առաջ բերում կոլեկտիվ պատասխանատվության գաղափարը։

Մարիամ Թավբերիձեն


Ելույթի ընթացքում նա հիշել է ամիսներ առաջ իր հայրենի Վրաստանում խաղաղ ցույցի ժամանակ տեղի ունեցած դեպքերը, երբ ցուցարարների վրա ուժի կիրառման պատճառով հարյուրավոր մարդիկ հիվանդանոց ընկան, ոմանք կուրացան։ Փնտրելով այն պատճառը, թե ինչու են նման իրադարձություններն անդադար կրկնվում անգամ առաջնորդներին փոխելուց հետո, նա եկել է հետեւյալ եզրահանգմանը. մեղավորները մարդիկ են, որոնք պարզապես չեն գիտակցում, թե ինչպես են իրենց արարքներն ազդում սերունդների ապագայի վրա։

Բանախոսն ընդգծել է՝ պետք է կիսել ապագայի պատասխանատվությունը՝ դառնալով ավելի մարդկային եւ մեծացնելով միասին մեծ գործեր կատարելու հնարավորությունը։


Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաեւ պանելային քննարկում առաջնորդության թեմայի շուրջ՝ խոշոր մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:


Միջոցառումն ուղեկցվել է հայկական «Էմփիրեյ» ռոք-խմբի կատարումներով:

Տեքստը՝ Գայանե Ենոքյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին