×


Ավո Խալաթյան.«Մեր երեխաներին փորձում ենք զերծ պահել…»

Ավո Խալաթյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է աշխատանքային նորությունների, ընտանիքի, առաջիկա անելիքների մասին, եւ ոչ միայն։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանը հայտնել է, որ նոր պիեսները քննարկման փուլում են, որոնք կբեմադրվեն աշնան թատերաշրջանի համար.«Այս տարի ավելի ուշ կմեկնենք արձակուրդ. մինչեւ օգոստոսի 5-ը ներկայացումներ ունենք։ Ամառային հանգստից հետո կսկսենք փորձերը»։

Լուսինե Թովմասյանը եւ Ավո Խալաթյանը՝ «Բարի լույս»-ի տաղավարում


Նա վերջերս սկսել է վարել «Արմենիա TV»-ի «Բարի լույս» ծրագիրը.«Առավոտյան վաղ արթնանալն ինձ համար խնդիր չի եղել, քանի որ թատրոնում աշխատանքս առավոտյան է սկսվել։ Թեպետ ուշ եմ քնում, բայց պատասխանատվության ու զարթուցիչի շնորհիվ առանց բողոքելու արթնանում եմ։ Արդեն սիրելի աշխատանք է դարձել»։

Ավոյի ու Նունեի ընտանիքը նախատեսում է Հայաստանից դուրս անցկացնել ամառային արձակուրդը.«Մեկ-երկու շաբաթով կմեկնենք ծովափնյա որեւէ երկիր, հիմնականում երեխաների համար, մենք էլ կօգտվենք ու կփորձենք կտրվել առօրյա հոգսերից, որովհետեւ ծանրաբեռնված եմ աշխատում, իսկապես զգում եմ՝ հանգստի կարիք ունեմ»։

Նունե Եսայանը՝ որդու հետ


Դերասանը նկարահանվել է Արշո Հարությունյանի կարճամետրաժ ֆիլմում, որը դեռ մեծ էկրան չի բարձրացել.«Կարճամետրաժ մի քանի ֆիլմեր միասին կներկայացվեն, ինչպես «Տաքսի, էլի լավա» նախագիծը։ Մեր ֆիլմը հետաքրքիր սիրո պատմություն է, որում ընդգրկված են ռեփեր Միշոն, Սոս Ջանիբեկյանը, Արման Մարգարյանը, նաեւ Արա Երնջակյանի կուրսի ուսանողները»։

Ավոն ընդգրկված է նաեւ Նարեկ Դուրյանի «Օպերացիա Նեմեսիս» ներկայացման կազմում, որը հիմնականում բեմ է բարձրանում ապրիլին։ Աշնանը պլանավորում է Վահրամ Սահակյանի պիեսի շուրջ աշխատել.«Հավանաբար, կբեմադրի Արթուր Սահակյանը, ինչպես տարիներ առաջ աշխատեցինք «Երկու ընկեր, չհաշված կյանքը» ներկայացման կազմում։ Արթուրը հետաքրքիր ոճ ունի, կուզենք նա լինի ռեժիսորը։ Կան ներկայացումներ ու թեմաներ, որ անկախ հաճախականությունից, անընդհատ ուզում ես խաղալ, բայց կան պիեսներ, որ անընդհատ խաղալով ձանձրալի են դառնում, բայց եթե սիրում ես թատրոնն ու բեմը, չես տրտնջում, սիրով խաղում ես»։

Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի դուստրը


Խոսելով երեխաների՝ Հենրիի եւ Էլիզաբեթի մասին՝ դերասանը նշել է, որ կնոջ հետ փորձում են նրանց զերծ պահել բեմից.«Հենրիին երբեմն տանում եմ մեր թատրոն, նայել է որոշ բեմադրություններ, նույնիսկ բեմ է բարձրացել Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի եզրափակիչ տեսարանում այլ երեխաների հետ։ Նա այդքան էլ հետաքրքրված չէ թատերական մթնոլորտով, կուլիսներում լինելու ձգտում չունի։ Դեմ չեմ, որ երբեմն մասնակցեն նկարահանումներին, ինչպես՝ հունիսմեկյան ծրագրին, բայց չեմ ցանկանա, որ ընտրեն որպես մասնագիտություն»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Ավո Խալաթյանի արխիվից
Թոփ լուսանկարը` Վահե Մինասյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW