×


Արամ Րիանը եւ May-ը

Արամ Րիան.«Մեր ծննդյան օրը կլինենք նվեր տվողի դերում»

Հայ-բրիտանական արմատներով VO.X երաժշտական նախագիծը դադարից հետո ներկայանում է նորություններով ու նոր անդամով։ Նոյեմբերի 14-ին կթողարկվի նոր՝ «One-Way Ride» ալբոմը, որի երգերն էլեկտրոփոփ, ինդի-փոփ եւ չիլ-աութ ոճերում են:  BRAVO.am-ը զրուցել է VO.X-ի համահիմնադիր, երաժիշտ-պրոդյուսեր Արամ Րիանի հետ։ Նրա բնորոշմամբ՝ նոր ալբոմը ոճապես թարմ է, գաղափարապես` բարի ու երազկոտ, հոգեպես` եթերային եւ լի հույսով, որ ամեն մի բարդություն հաղթահարելի է, եթե հավատարիմ մնաս ներքին կոչմանդ ու ներքին ձայնիդ:

- Ձեր հիմնադրած VO.X նախագիծը ներկայացնում եք նորովի եւ նոր ձեւաչափով։ Ինչպե՞ս սկսվեց համագործակցությունը May-ի հետ։

- Պարբերաբար, պահ է գալիս, երբ հարկավոր է վերապրել որոշակի update կամ upgrade, որպեսզի կատարած աշխատանքդ ակտուալ մնա եւ համապատասխանի տվյալ ժամանակաշրջանի չափանիշներին: Դա է միշտ իմ դիրքորոշումը եղել VO.X-ում. թարմացվել` մնալով նորաոճ ու արդիական, սակայն չփոխելով էությունը: Միշտ էլ կա ու կմնա թե՛ VO.X-ի կրկնակի լավագույն բրիտանական նախագիծ ճանաչվելը Մեծ Բրիտանիայում 2003 եւ 2004-ին, թե՛ Հայաստանում պաշտոնապես բրիտփոփի առաջին ներկայացուցիչ լինելը, թե՛լեգենդար Փոլ ՄքՔարթնիին իմ հանդիպելն ու նվեր փոխանցելը` որպես առաջին հայաստանյան ներկայացուցիչ... եւ այլն, եւ այլն... Բայց անցյալով ապրողն առաջ չի գնա: Լավ անցյալն ուղղակի լավ հիմք է` ներկան կառուցելու եւ ապագան ծրագրելու համար: Առաջնորդվելով նման փիլիսոփայությամբ` զգացի, որ ժամանակն է հերթական թարմացման: Դրան նպաստեց իմ համագործակցությունը` May ստեղծագործական անվան տակ հանդես եկող նորահայտ երաժշտական պրոդյուսեր-երգչուհու հետ: May-ն այն յուրահատուկ ու եզակի օրինակներից է, որոնք ապացուցում են՝ այսօրվա Հայաստանում հնարավոր է ունենալ իգական սեռի տաղանդավոր, հմուտ եւ ժամանակակից երաժշտությունից քաջ տեղյակ երաժշտական պրոդյուսեր, որն ի վիճակի է զրոյից ստեղծել վերջնական երաժշտական արտադրանք` շրջանցելով միայն երգչուհի կամ հեղինակ-կատարող իգական երաժշտական կերպարի կարծրատիպը: Բացի այն փաստից, որ May-ը VO.X-ի վաղեմի երկրպագու էր, նաեւ բացահայտեցինք, որ մեր երաժշտական ճաշակները, մտածելակերպն ու նպատակները համընկնում են: Բնականաբար, առիթը չկորցրինք, որպեսզի VO.X-ը միասին թարմացնենք։

May-ը եւ Արամ Րիանը


- Նոյեմբերի 14-ին կթողարկվի նոր՝ «One-Way Ride» ալբոմը: Ձեզ հուզող ու հետաքրքրող ի՞նչ թեմաների եք անդրադարձել երգերում։

- Նոր ալբոմին տվել ենք ներառված երգերից մեկի անվանումը` «One-Way Ride»/ «Ուղեւորություն մեկ ուղղությամբ»: Ալբոմը EP ձեւաչափի է, այսինքն` ոչ շատ երկար տեւողությամբ, ընդամենը 7 գործ պարունակող: Սակայն դրանց մեջ սրտանց ներդրել ենք մեր մաքսիմալ ստեղծագործական էներգիան եւ դրական լիցքերը: Ալբոմի երգերը նոր փուլ են բերում VO.X-ի վաղեմի ավանդույթը` լուրջ թեմաներ մատուցելով հեշտ ընկալվող խոսքերի ու ժամանակակից մեղեդայնության ներքո: Վոկալների պարագայում կիրառել ենք ունիսոնային դուետային կատարման սկզբունքը, որը նախկինում գրեթե չի օգտագործվել VO.X-ում:

- Հայերեն ճկուն լեզվամտածողություն ունեք, ինչո՞ւ են Ձեր հեղինակային երգերը մեծ մասամբ անգլալեզու։

- VO.X-ն անցել եւ դեռ անցնելու է հայալեզու փուլերով, որոնք որպես փորձառու եւ որակավորված լեզվաբան մատուցել եւ մատուցելու եմ գեղեցիկ, ճիշտ եւ ժամանակակից հայերենով: Սակայն փաստ է, որ VO.X-ը միշտ եղել է, այսպես ասած, էքսպորտային նախագիծ եւ պատրաստի ապրանք` հայաստանյան մշակույթի եվրոպական ասպեկտը ներկայացնելու համար: Ինչ վերաբերում է մեր անգլալեզու երգերին, VO.X-ի անգլերենը երբեք չի կրել ձեւական կամ սիրողական բնույթ:

Տարիների ընթացքում այն միշտ եղել է պոետիկորեն գրագետ եւ ֆոնետիկորեն ճիշտ բրիտանական անգլերեն: Իսկ VO.X-ի երգերի խոսքերն արժանացել են բազում անգլիացի եւ ամերիկացի մասնագետների գովասանքի` իրենց լիրիկական եւ շարահյուսական արժեքի համար: Այնպես որ, երբեւէ չենք ընկնում մոդայիկության կամ ձեւականության հետեւից, այլ անում ենք այն, ինչ բնական է մեզ համար:

May-ը եւ Արամ Րիանը


- «When The Worlds Collide» երգը Միացյալ Նահանգներում երգահանների միջազգային մրցույթում հաղթողներից մեկն է։ Ո՞ր անվանակարգում եք հաղթել ու ինչպե՞ս տեղեկացաք այդ մասին։

- Այո, այս տարի մեր երգը դարձավ հաղթողներից մեկը` Օրիգինալ երգի միջազգային մրցույթի (ԱՄՆ) ժամանակակից «Adult Album Alternative» անվանակարգում: Տեղեկացանք այդ նորության մասին էլեկտրոնային նամակով, որում բացի պաշտոնական շնորհավորանքներից, կցված էր նաեւ հաղթողի լոգո` յուրաքանչյուր հարմար առիթով օգտագործելու համար: «When The Worlds Collide» երգը մենք համարում ենք ամենահզորը նոր ալբոմում` էներգետիկ տեսակետից: Դա մի օրհներգ է՝ նվիրված բոլորիս խղճի ձայնին այն բոլոր իրավիճակներում եւ հանգամանքներում, երբ խավարը հանդես է գալիս լույսի դիմակի տակ, իսկ սուտը` ճշմարտության:

- Ի՞նչ հեռանկար ունի ամերիկյան մրցույթը Ձեզ համար։ Պատրաստվո՞ւմ եք նոր երգերով մասնակցել։

- Մեր պարագայում նման մրցույթների իմաստը հեռանկարը չէ: Ուղղակի ոգեւորվում ենք, երբ եւս մեկ անգամ կողմնակի մասնագիտական կարծիքն ու բարձր  գնահատականն ավելի են ամրապնդում այն փաստը, որ VO.X-ը  որակյալ գործ է անում, որով թե՛ ընկերովի, թե՛ (գուցե նաեւ) ազգովի կարելի է հպարտանալ: Մրցույթները գայթակղիչ երեւույթ են, բայց չենք ցանկանում առաջնորդվել դրանցով մեր գործում: Մեզ համար ավելի կարեւոր է, որ մեր երաժշտությունն իր ճիշտ ունկնդրին գտնի, որպեսզի մարդկանց սրտերը մի փոքր էլ բարիանան, լուսավորվեն, մաքրվեն` մեր ներդրած երաժշտական լումայի շնորհիվ:

-Համացանցի գերակայության պարագայում հիմա շատերն են հրաժարվում սկավառակ թողարկելու մտքից։ Ինչո՞ւ որոշեցիք ձայնասակավառակ հրատարակել։

- Ճիշտն ասած, մենք էլ ենք հրաժարվել այդ մտքից: Չեմ կարող նույնիսկ հիշել, թե վերջին 10 տարվա ընթացքում երբ եմ օգտագործել CD կամ DVD: Իհարկե, որոշ երաժշտասերներ նույնիսկ վինիլային սկավառակներ են ձեռք բերում: Սակայն այսօր մասսայականություն է վայելում համացանցի միջոցով հասանելի թվային ֆորմատով երաժշտությունը: Մենք էլ ենք դրան կողմնակից` համարելով ամենապրակտիկ եւ ժամանակակից տարբերակ: Եվ մեր նոր ալբոմը հրատարակելու ենք միայն համացանցում: Նոյեմբերի 14-ից այն կլինի վաճառքում մատչելի գնով, հիմնական միջազգային վեբ-խանութների կայքերում` iTunes, AppleMusic, Spotify, GooglePlay,
Amazon, Deezer եւ այլն:

VO.X երաժշտական նախագիծը նոր ալբոմ կթողարկի


- Նախքան թողարկումը ստեղծել եք այն անվճար ձեռք բերելու հնարավորություն։ Ինչպիսի՞ն են կանոնները։

- Նախ ասեմ, որ, բացի նույն երաժշտական ճաշակից, ստեղծագործական մտածելակերպից եւ պրոդյուսերական նպատակներից, ինձ եւ May-ին միավորում է նաեւ նույն օրը ծնվելու փաստը: Հետեւաբար, որոշեցինք հրապարակել մեր միասնական ալբոմը մեր ծննդյան օրը` նոյեմբերի 14-ին, ու հենց այդ օրը հանդես գալ նվեր տվողի դերում` նվեր ակնկալելու սովորույթի փոխարեն: Այսպիսով, միայն նոյեմբերի 14-ին VO.X-ի նոր ալբոմը հնարավոր կլինի ձեռք բերել անվճար` անձամբ մեզնից: Եվ որպեսզի հասկանանք, որ մեր աշխատանքը անվճար հանձնելու ենք իրապես VO.X գնահատող, սիրող, դրական միտումներով անձանց, խնդրում ենք ցանկացողներին մինչեւ նոյեմբերի 14-ը ներառյալ տեղադրել իրենց սոց.էջերում մեր նոր երգերից որեւէ մեկը` ուղեկցելով այն դրական գրառումով եւ #VOXalbum2017 հեշթեգով:

- Հանդիսատեսը ե՞րբ կարող է կենդանի կատարմամբ ունկնդրել նոր ու հին երգերը։

- Տարիների ընթացքում հասկացել եմ, որ VO.X-ն ավելի արդյունավետ է որպես տաղավարային երաժշտական նախագիծ: Ես երաժշտական պրոդյուսեր եմ, May-ը նույնպես: Սիրում ենք ստեղծել մեր սեփական երաժշտությունը, հորինել, կատարել, ձայնագրել, արտադրել մեր երգերն ու ստեղծագործությունները, ունենք յուրահատուկ ձայներ, լավ «ականջ», բազում երաժշտական ունակություններ: Սակայն հասկացել ենք, որ բեմը մերը չէ: Մերը ստուդիան է եւ փրոդաքշն կոչեցյալն է: Ձայնագրություններով եւ տեսահոլովակներով մեր նյութն ավելի ծավալուն, հարուստ եւ ընդարձակ կերպով է հնարավոր մատուցել:

Գուցե մի օր փոխենք մեր դիրքորոշումն այդ հարցում, բայց հիմա հենց այդպես ենք զգում: Ի դեպ, ելնելով մեր տաղավարային գաղափարախոսությունից՝
ձեւավորել ենք մեր նոր` Rendezvous միջազգային համացանցային փրոդաքշնը: Առաջարկում ենք մատչելի գներով ժամանակակից եւ բազմաոճ աուդիովիզուալ ծառայություններ` հիմնականում նորահայտ, անհայտ, սկսնակ արտիստների, երգահանների, երաժիշտների համար, ինչպես նաեւ նրանց, ում անհրաժեշտ է օրիգինալ երաժշտություն իրենց մեդիա-արտադրանքի (օրինակ` հեռուստածրագրերի, ֆիլմերի, անիմացիաների, նախագծերի, համակարգչային խաղերի, հավելվածների) համար:

Հարցազրույցը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արամ Րիանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW