Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ դիջեյ Սերժոն եւ հաղորդավար Արամ Չախոյանը նոր նախագիծ ունեն, որով ներկայանալու են երեւանյան հայտնի երաժշտական ակումբներում ու ժամանցի վայրերում: Մեր զրույցում Սերժոն հայտնել էր, որ «Doppio» նախագծի շրջանակում միասին հանդես են գալու որպես դիջեյներ եւ ներկայացնելու են անդերգրաունդ հաուս ոճի երաժշտություն: BRAVO.am-ի հետ նոր զրույցում Արամ Չախոյանը պատմել է դիջեյինգը որպես մասնագիտություն դիտարկելու, հեռուստատեսություն չվերադառնալու պատճառների եւ ընտանիքում սպասվող համալրման մասին:
Հաղորդավարն ասաց, որ նոր նախագիծ սկսելու առաջարկն իր կրտսեր ընկերոջից՝ Սերժոյից է ստացել եւ համաձայնել, քանի որ վաղուց է, ինչ միասին աշխատում են: Արամն անկեղծացավ, որ մի քանի տարի է՝ դիջեյինգը որպես մասնագիտություն այլեւս չի դիտարկում, բայց երբեմն նվագում է իր ընկերների համար.«Երբ ազատ ժամանակ եմ ունենում, զբաղվում եմ ինքս ինձ համար, թեեւ այն որպես աշխատանք կամ որպես կյանքի ուղի չեմ դիտարկում: Նոր նախագծի հետ կապված ծրագրերն էլ հիմնականում Սերժոն է մշակում, քանի որ իր համար դա մասնագիտական է: Նա իմ հին ընկերն է, ում հետ վաղուց եմ համագործակցում: Վերջերս ասաց՝ արի նման մի բան անենք, ես էլ ասացի՝ արի»:
Արամ Չախոյանը
Իր խոսքում նա ընդգծեց, որ դիջեյինգով սկսել է զբաղվել դեռ 1995 թվականից, երբ Հայաստանում նոր-նոր էր ձեւավորվում ակումբային մշակույթը: Արամ Չախոյանը հիշեց, որ այդ ժամանակ հաճույքով նվագում էր քաղաքի ամենահայտնի երաժշտական ակումբներում եւ իր այդ աշխատանքը դիտարկում որպես մասնագիտություն: Բայց արդեն 8-10 տարի է, ինչ դադարել է մասնագիտորեն զբաղվել դիջեյինգով եւ նախկինի նման հաճախ հանդես գալ տարբեր վայրերում:
Այժմ հաղորդավարն աշխատում է ռադիոյում եւ մի քանի տարբեր հաղորդումներ վարում: Հեռուստատեսություն վերադառնալու մտադրություն էլ առայժմ չունի, քանի որ ինչպես ավելի վաղ ասել էր, եթերի որակն իրեն չի գոհացնում:
«Հեռուստատեսությունն ինձ համար այլեւս ակտուալ չէ որպես հաղորդակցման միջոց, կամ որպես ինֆորմացիայի աղբյուր, եւ որպես ԶԼՄ: Ինձ համար ինֆորմացիայի գերակշռող աղբյուրը համացանցն է: Այսինքն՝ պատկերացրեք, թե որքան անիմաստ է ինչ-որ կոնկրետ ժամի լինել տանը՝ ինչ-որ կոնկրետ հաղորդում դիտելու համար: Մեր ժամանակներում որքան հնացած ձեւաչափ է, չէ՞: Դրա փոխարեն կարող ես «YouTube»-ում մի ալիք բացել ու այնտեղ տեղադրել որեւէ հետաքրքիր հաղորդում, եթե առհասարակ ցանկանում ես հեռուստատեսային նախագիծ անել: Ճիշտն ասած՝ ես այսօր ո՛չ ժամանակ ունեմ, ո՛չ էլ ուզում եմ վերադառնալ հեռուստաեթեր, մի խոսքով՝ ԹիՎին ինձ համար փակված էջ է: Եթե մի այնպիսի բան առաջարկեն, որով գումար կաշխատեմ, իհարկե, չեմ հրաժարվի, բայց դա կանեմ բացառապես դրա համար. չեմ կարծում, թե բավականություն կստանամ արածս գործից»,- անկեղծացավ նա:
Արամ Չախոյանը՝ կնոջ հետ
Ինչ վերաբերում է անձնականին, ապա Արամ Չախոյանը չի ցանկանում որեւէ կերպ հանրայնացնել այն: Ասում է՝ այդ առումով հարգում է նաեւ կնոջը, ում հետ իրենց անկյունն են գտել կյանքում եւ ապրում են հանգիստ: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ Արամի եւ Աննայի ընտանիքում շուտով համալրում է սպասվում.«Մենք երեխայի ենք սպասում, բայց որեւէ կերպ չեմ ուզում մեկնաբանել կամ այլ մանրամասնել հայտնել: Ինչի՞ համար ասեմ. աչքով կտան:)»,- կատակեց Արամը:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արամ Չախոյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: