×


Արարատի ճոխ թաղումն են ուզում կազմակերպել Անին, Անահիտը, Արան եւ մյուսները

Սեպտեմբերի 24-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում տեղի է ունեցել անտրեպրիզային նոր ներկայացման պրեմիերա: “Արարատ 73”-ի բեմադրիչը Դավիթ Հարությունյանն է, դերերում են տարբեր թատրոնների դերասաններ Անի Պետրոսյանը, Արա Սարգսյանը, Ռաֆայել Գրիգորյանը, Անահիտ Մութաֆյանը, Արման Գեւորգյանը, Գրիգորի Հակոբյանը, Արաքսյա Մելիքյանը եւ Անդրանիկ Զաքարյանը:

Անի Պետրոսյանը, Արման Գեւորգյանը եւ Անդրանիկ Զաքարյանը "Արարատ 73" ներկայացման պրեմիերային

 
Տրագիկոմեդիան մի ընտանիքի պատմություն է. “մահանում” է հայրը` Արարատը, որի երկու տղան իրենց կանանց հետ, թոռը եւ Հոլանդիայից ժամանած աղջիկը փորձում են ճոխ հուղարկավորություն կազմակերպել, վիճում են, թե ինչ գույնի կոշիկ հագցնեն իրենց հորը, ինչ դագաղ պատվիրեն ու հայտնվում զավեշտալի իրավիճակների մեջ:

Պիեսի հեղինակը գյումրեցի դրամատուրգ Արթուր Էդարն է, նկարիչը` Տիգրան Ասատուրովը, պրոդյուսերը` Սահակ Սահակյանը: Բեմադրիչ Դավիթ Հարությունյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այն բեմադրել է երկրորդ անգամ. “Առաջին անգամ  բեմադրել եմ մեկ եւ կես տարի առաջ` Հալեպում, այնտեղ դերասանական ավելի մեծ կազմով կրկին խաղում էին հայ դերասաններ: Երկու բեմադրություններս իրարից ծայրահեղորեն տարբերվում են, բայց, իհարկե, ասելիքն ու նպատակը նույնն է` բեմից ներկայացնել մեր հասարակության արատները”:

"Արարատ 73" ներկայացման պրեմիերային


Բեմադրիչը նշել է, որ կոմերցիոն ներկայացում դիտելու համար մարդիկ նախեւառաջ գալիս են տեսնելու հեռուստատեսությունից իրենց ծանոթ դերասաններին. “Հետո սկսում են մտնել ներկայացման թեմայի մեջ: Կարծում եմ` թեման իսկապես կհետաքրքրի, քանի որ հայրեր ու որդիներ փոխհարաբերությունների խնդիրը, քաղքենիությունն ու ձեւապաշտությունը մարդկանց չեն թողնում տեսնել բովանդակությունը: Հումորային իրավիճակներն ու երկխոսությունները մի քիչ չափազանցված են, բայց ինքս լինելով թաղումների, հաճախ լսելով զավեշտալի պատմություններ, կարծում եմ, որ իրականությունից հեռու չէ մեր ներկայացրածը”:

Իբրեւ թե մահացած հոր դերը կերտած Ռաֆայել Գրիգորյանին արդիական թեման ու երիտասարդ դերասանական կազմն են ոգեւորել ընդգրկվել այս ներկայացման կազմում. “Բոլորս քննադատում ենք այս բարքերը, բայց ինքներս հայտնվելով նման իրավիճակում` կրկնում ենք հերոսների սխալները` մեկը մի քիչ ցայտուն, մյուսն ավելի թաքնված: Բեմից խտացված տարբերակով ցույց ենք տալիս մեր առօրյան, հանդիսատեսը ծիծաղում է, բայց դահլիճից դուրս գալուց հետո կմտածի, կհիշի ու չի կրկնի քաղքենի պահվածքը, ոչ թե սերիալի նման կանցնի ու կգնա…”:

"Արարատ 73" ներկայացման պրեմիերային


Անի Պետրոսյանի խոսքերով` քաղքենի դստեր` Նազիկի կերպարը սկզբում իրեն խորթ է թվացել, բայց իրականության մեջ տեսնելով նման կանանց, ստեղծել է հավաքական կերպար. “Իր բացասական կողմերով հանդերձ իմ կերպարն ուզում է պահել իր հոր կոշիկները որպես հիշատակ, ուզում է անցած ժամանակը վերադարձնել ու հորը կենդանի տեսնել, բայց երբ լսում է հոր թողած կտակի մասին, շատ արագ մոռանում է վիշտը”:

Անի Պետրոսյանը նշել է, որ մինչեւ պրեմիերայի վերջին րոպեն անձնակազմն անհամբեր սպասել է հանդիսատեսի արձագանքին. “Փորձում եմ չմասնակցել կոմերցիոն ներկայացումների, բայց բեմադրիչին ծանոթ լինելով, որոշեցի խաղալ եւ պրեմիերայից հետո հասկացա, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Պիեսը կարդալիս գիտեի, որ կենցաղային թեմա է. բեմի վրա ամեն ինչ շատ ռեալիստական է, միայն վերջում սիմվոլիկ հանգուցալուծում ենք տվել: Երեւի նրանից է, որ դերասաններից չորսը Սունդուկյանի անվան թատրոնից են”:

"Արարատ 73" ներկայացման պրեմիերային


Անահիտ Մութաֆյանի կերպարը գյումրեցի հարս Վարդուշն է. “Կյանքի արագ ռիթմը ստիպում է դառնալ անտարբեր ծնողների հանդեպ, այս թեման նախ մեզ` դերասաններիս համար է դաս, նաեւ հանդիսատեսի, որ սիրեն ծնողներին, ոչ թե մահանալուց հետո ճոխ թաղում կազմակերպեն: Գյումրիի բարբառով խոսելն ավելի հարազատ դարձրեց ինձ իմ կերպարը, քանի որ երբեք չեմ թաքցրել արմատներս, միշտ հպարտացել եմ, որ Ֆայտոն Ալեքի ժառանգորդն եմ` ծոռնուհին եմ: Հարկավոր էր գյումրեցու կերպար եւ ես մարմնավորեցի”:

“Ինձ սերիալից ճանաչողները միգուցե ցանկանան տեսնել եթերային կերպարից դուրս` բեմում, նույնիսկ մեկ անգամ դիտելուց հետո երկրորդ անգամ կցանկական դիտել այս ներկայացումը, քանի որ տրագիկոմեդիան առաջին անգամ նայում ու ծիծաղում ես, հետո` մտածում”, - նշել է դերասանուհին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW