×


Արեւ Պետրոսյանի “Արեւը” :)

Արվեստագետ Պետրոսյանների ընտանիքը երեկ արվեստասեր հանրության առջեւ  բացել է իր ցուցասրահի դռները Երեւանի կենտրոնում: Մարտի 12-ին պաշտոնական բացմանը ներկա են եղել մշակութային եւ քաղաքական գործիչներ, որոնք շրջել են ժամանակակից տեխնիկայով հագեցած սրահներով եւ ուսումնասիրել ներկայացված քանդակներն ու օրգանական ապակիով, արծաթե, ոսկե թիթեղներով ու այլ նյութերով ստեղծված նկարները:

Արեւ Պետրոսյանը


Նկարչուհի, դիզայներ Արեւ Պետրոսյանը ցուցասրահն անվանել է “Arev Art Gallery”: Նրա խոսքով` ցանկանում է, որ արեւային մայրաքաղաքի կենտրոնում արեւային անկյուն լինի: Այստեղ ցուցադրված են ոչ միայն նրա, այլեւ Պետրոսյան ընտանիքի մյուս անդամների` անվանի արվեստագետ, Հայաստանում մանրաքանդակի դպրոցի հիմնադիր Բենիկ Պետրոսյանի եւ ժամանակակից քանդակագործ Արեգ Պետրոսյանի գործերը: Ժամանակ առ ժամանակ  այստեղ հանդես կգա նկարչուհու ավագ եղբայրը` դաշնակահար Վահագն Հայրապետյանը:

"Arev Art" ցուցասրահում ներկայացված աշխատանքներից


Արեւը կարծում է, որ արվեստի այս նոր անկյունը մարդկանց համար սիրելի վայր կդառնա, որտեղ պատրաստվում են իրականացնել մշակութային տարբեր միջոցառումներ` բանախոսություններ, գրական-երաժշտական երեկոներ, թեմատիկ ցուցահանդեսներ, հանդիպումներ եւ այլն.“Ցուցասրահի բացմամբ ուզում ենք ջերմացնել մեր մայրաքաղաքը: Այն անընդհատ փոխելու է իր տեսքը, դեմքը, տրամադրությունը: Առաջիկայում հատուկ ցուցահանդեսով անդրադառնալու ենք Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, այնուհետեւ կցուցադրվեն Բենիկ Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքներից, որոնք երբեւէ չեն ներկայացվել հանրությանը”:

"Arev Art" ցուցասրահում ներկայացված աշխատանքներից


Քանդակագործ Բենիկ Պետրոսյանի եւ ջութակահար-մանկավարժ Ալիս Ադամյանի ընտանիքում ծնված նկարչուհին շուրջ 20 տարի պարբերաբար ներկայանում է անհատական ցուցահանդեսներով, բազմիցս ձեւավորել է հեռուստատեսային հաղորդումների տաղավարներ, բեմեր, գովազդային հոլովակներ, մասնակցել է բարեգործական աճուրդների, ակցիաների, համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ.“Կարծում եմ՝ այս ցուցասրահը կդառնա այն գողտրիկ վայրը, որն իր շուրջն է հավաքելու մտավորականներին եւ այն մարդկանց, ովքեր կարոտ են մնացել մտերմիկ միջավայրին”:

Ինչպես տեղեկացրել է Արեւ Պետրոսյանը, յուրաքանչյուրը կարող է այցելել ցուցասրահ, գրանցվել եւ ստանալ ցուցահանդեսի եւ առաջիկա միջոցառումների մասին ծանուցումներ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW