×


Արեւիկ Ուդումյան. Գեղեցիկ նոր ֆոտոշարք եւ հարցազրույց

Արեւիկ Ուդումյանը եւ Արամ Վարդեւանյանը շուտով կվայելեն ծնողներ լինելու բերկրանքը: Մայրանալ պատրաստվող հաղորդավարուհին BRAVO.am-ին է տրամադրել նոր ֆոտոշարքը, իսկ զրույցում պատմել է մեկ տարեկան ընտանիքի, կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված զգացողությունների, ինչպես նաեւ այն մասին, թե ծննդաբերությունից հետո երբ է նախատեսում վերադառնալ հեռուստաեթեր:

Արեւիկ Ուդումյանը


-Ասում են` ամուսնությունը փոխում է մարդկանց: Ձեր դեպքում ինչպե՞ս է:

-Անշուշտ փոխում է. եզակիից դառնում ես հոգնակի: Աշխարհը, միգուցե, գնում է դեպի անհատի առանձնացում, մեկուսացում, բայց կյանքը շատ ավելի գունավոր է, գեղեցիկ, լիքն ու հետաքրքիր մարդկային շփման արդյունքում: Իսկ ամուսնությունն էլ նորը ստեղծելու, քեզ շարունակելու, կիսելու ու կիսվելու ամենագեղեցիկ գիտակցված քայլն է:

-Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ամուսնության մեկ տարին:

-Այս մեկ տարվա ընթացքում գլոբալ բացահայտումներ չեղան միմյանց բնավորության մեջ, ինչը, կարծում եմ, մեր` մինչ ամուսնանալն առանց ձեւականությունների շփման արդյունքն էր:

Արեւիկ Ուդումյանը


-Կնոջ համար ամենացանկալի եւ երազելի շրջանն եք վայելում: Ինչպե՞ս կբնութագրեք այն:

 -Ուրիշ: Ուրիշ ես դու, ուրիշ է աշխարհը... Ու ամիսներ անց արդեն մոռանում ես նույնիսկ՝  ինչպիսին էիր դու նախկինում:): Իհարկե, նաեւ խոցելի ես դառնում, միգուցե ոչ այնքան կայուն, որքան մինչ այդ էիր: Բայց շատ եմ կարեւորում այն խաղաղությունը, որն ունեմ այս շրջանում, միգուցե ինձ ոչ այդքան բնորոշ հանգստությունը: Հետաքրքիրն այն է, որ այդքան զգացմունքային լինելով հանդերձ, այս շրջանում շատ ուժեղ ես, ինքնավստահ, ինքնաբավ, երջանիկ` կյանքի ամենակարեւոր առաքելությունը կատարելու հնարավորությունից:

-Ինչպիսի՞ մայր եք պատկերացնում Ձեզ:

-Երեւի աշխարհի բոլոր մամաների նման անսահման ջերմ ու ինքնամոռաց: Բայց շատ եմ ուզում, որ ես ու հետագայում մեր փոքրիկն էլ չլինենք կենտրոնացած միայն մեզ վրա:

Արեւիկ Ուդումյանը


-Փոքրիկի ծնվելուց հետո երկա՞ր կբացակայեք էկրանից:

- 13 տարի անդադար աշխատելուց հետո, կարծում եմ, ամենաճիշտ ու արդարացված պահն է դադարի համար: Հաստատ մի քանի ամիս կբացակայեմ եթերից: Վերջին տարիներին եթերում եմ եղել ամեն օր: Համոզված եմ՝ այս դադարից հետո նոր շնչով, էներգիայով եւ մտքերով եմ վերադառնալու սիրածս աշխատանքին:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Տուշո Բարսեղյանի
Դիմահարդարումը եւ վարսահարդարումը`Տելիկ Նավասարդյանի եւ Նանա Ղազարյանի(Aga Image studio)

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW