×


Արծրուն Չոբանյանը

Արծրուն Չոբանյան. «Այն, ինչ եղել է, եղել է ինքնաբերաբար»

Արծրուն Չոբանյանը BRAVO.am-ին պատմել է կյանքը փոխած հանդիպումների, մարմնավորած կերպարի մասին, որն ամենամոտն է իրեն, նաեւ պատասխանել է շատերին հետաքրքրող հարցի՝ արդյո՞ք ինքն ու դերասան Բաբկեն Չոբանյանը հարազատ եղբայրներ են:):

-Լիրիկական կատակերգության մեջ մարմնավորելով մի կերպար, որը պատմում է, թե ինչպես կարող է պատահական կամ ոչ պատահական հանդիպումը մարդու կյանքում մեծ փոփոխություններ մտցնել, այ, իրական կյանքում եղե՞լ են այդպիսի հանդիպումներ։

- Կարծում եմ` յուրաքանչյուրի կյանքում լինում են պատահական հանդիպումներ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում եւ կարող են փոխել մարդուն եւ նրա կյանքը։ Ինձ հետ պատահել են նման հանդիպումներ. ես ունեցել եմ այնպիսի դասախոսներ, ինչպիսիք են՝ Նիկոլայ Ծատուրյանը, Նարինե Գրիգորյանը, Աննա Հեքեքյանն ու Սոֆիկ Սարգսյանը: Իսկ դրանից հետո իմ կյանքում մեծ փոփոխություն եղավ, երբ հանդիպեցի Մհեր Մկրտչյանին՝ աշխատելով թատրոնում եւ նկարահանվելով վերջինիս հեղինակած ֆիլմերում։

-Միմյանց հաջորդող երեք համագործակցություն մի ռեժիսորի հետ, ում հետ աշխատելը ոչ միայն պատվաբեր է ցանկացած դերասանի համար, այլ նաեւ շատ պարտավորեցնող: Բա՞րդ չէ։

-Իհարկե, դժվար է, բայց հաճույքով եմ փորձում հաղթահարել այդ դժվարությունները, իսկ ինչ վերաբերում է Մհեր Մկրտչյանի պահանջկոտ լինելուն, ես միայն ուրախ եմ, որովհետեւ դրանից լավ արդյունք կարելի է սպասել:

Արծրուն Չոբանյանը


- Դեպք, իրադարձություն, որը չեք մոռանա։

- Գյումրիում մեր ավարտական ներկայացումը («Ես միայն զանգահարելու եմ եկել»), խաղալիս մահից հազիվ պրծա (ծիծաղում է-հեղ.):

- Մարմնավորել եք տարբեր կերպարներ, որո՞նք են իրական կյանքին ավելի մոտ։

-Ցանկացած կերպարի մեջ դու դնում ես քո ներսից ինչ-որ բան, եւ ամբողջ կերպարը դառնում է քոնը, իհարկե, կան կերպարներ, որոնք մոտ են եղել ինչ-որ չափով, կան կերպարներ, որոնց հետ իրական կյանքում անգամ անհնարին կլիներ շփումը։ Ինձ համարելով ցինիկ մարդ՝ մոտ կերպար կառանձնացնեմ «Կյանք ու կռիվ 2» ֆիլմից Նարեկի կերպարը. երկուսս էլ այդ բնավորության գիծն ունենք (ժպիտում է-հեղ.):

- Ներկայացումներ, անդադար նկարահանումներ. անձնական կյանքին ժամանակ մնո՞ւմ է:

-Իհարկե, երբեմն խանգարում է անձնական հարցերով զբաղվելուն: Բայց դեռ ազատ եմ, շատ խիստ զբաղված չեմ, այնպես որ, չի խանգարում։

- Հե՞շտ է հուզել, ազդել, էմոցիա տալ ու վերցնել հանդիսատեսից։

- Առաջին հերթին կարեւոր է թեման, այն պետք է հետաքրքրի հանդիսատեսին, երկրորդը սցենարն է, որ պետք է կեղծ չլինի. ե՛ւ սցենարում է պարտադիր սա, ե՛ւ դերասանական խաղում: Եթե ազնիվ է այն, ինչ անում ես, ապա կհուզի, տեղ կհասնի, եթե ոչ՝ ոչ։

Արծրուն Չոբանյանը եւ Բաբկեն Չոբանյանը


- Ի՞նչ արյունակցական կապ կա Ձեր եւ նույն ազգանունն ու մասնագիտությունն ունեցող Բաբկեն Չոբանյանի միջեւ, կամ արդյո՞ք կա:

 -Մենք պարզապես լավ ընկերներ ենք, բայց անկեղծանամ՝ այնքան են հարցնում, թե եղբայրներ ենք, որ հաճախ հումորի վերածելով, ասում ենք՝ այո (ծիծաղում է,-հեղ.):

-2017 թվականի ամենամեծ ձեռքբերումը։

-Նոր ընկերները։

-Երջանիկ լինելու համար ինչ-որ բան պակասո՞ւմ է մեզ կամ երկրին, որտեղ ապրում ենք։

-Մեզ պակասում է կարգապահությունը բոլոր ոլորտներում։ Կարգապահությունը ենթադրում է, որ ամեն ինչ ու բոլորն իրենց տեղերում են։ Դե, սա էլ դեպի երջանկություն տանող ճանապարհի սկիզբն է։

Անի Խաչիկյանը եւ Արծրուն Չոբանյանը


- Եթե ունենայիք բոլոր ազդող լծակները, ի՞նչ կանեիք Դուք։

-Կհաստատեի այդ բաղձալի կարգուկանոնը:

- Նոր տարին իր հետ բերում է նոր նպատակներ, ծրագրեր, ինչու չէ, նաեւ նոր երազանքներ։ Հավատո՞ւմ եք դրանց իրականացմանը։

- Բոլորն էլ ունեն երազանքներ եւ հավատում են դրանց իրականացմանը: Երբեք չեմ ունեցել հստակ, գծած պլաններ, այն, ինչ եղել է, եղել է ինքնաբերաբար։ Կարեւորը՝ եղել են (Ժպիտում է-հեղ.):

Զրուցեց Անահիտ Առաքելյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Արծրուն Չոբանյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին