×


Արմեն Թադեւոսյան.«Տնից մեկը պիտի հումորի զգացում ունենա:)»

Հումորի փոփոխությունների, ընտանիքի, ժպտացող մարդկանց պակասի, սիրելի զբաղմունքի, սպասված դերի եւ «Քոմմենթս» հումորային հեռուստածրագրի աշնանային նոր մեկնարկի մասին BRAVO.am-ին պատմել է դերասան, սցենարիստ, հաղորդավար, պրոդյուսեր Արմեն Թադեւոսյանը:

Արմեն Թադեւոսյանը


- Դուք, որպես մեդիաոլորտում ստեղծագործող մարդ, դերասան-հումորիստ, ի՞նչ կարծիք ունեք այսօր Հայաստանում գոյություն ունեցող հումորի մասին:    
- Տարբեր ժամանակներում հումորը եղել է տարբեր, իհարկե, բացի դասականից, որը չի փոխվել: Տարիների ընթացքում հումորը փոփոխվում է` դառնալով տվյալ ժամանակաշրջանի պահանջներին համապատասխան, ինչը, կարծում եմ, շատ նորմալ է: Եվ հայկական հումորն այն է, ինչ այսօր ունենք:

- Ինչո՞վ էր իննսունականների հումորը տարբերվում այսօր հեռուստաեթերով հրամցվող հումորից:
-Այն ժամանակ տեքստային հումորներն էին կիրառելի, իսկ հիմա ավելի շատ խաղարկային են: Պահանջներն ուրիշ էին. օրինակ, կարելի էր հումոր անել, ասենք, Լենինի մասին, ինչը հանրության համար շատ ծիծաղելի կլիներ, իսկ հիմա, վստահ եմ, նման կատակներով ոչ միայն չենք կարող ծիծաղեցնել, այլ նաեւ մեր խոսքն անհասկանալի կլինի: Ժամանակը թելադրում է իր պահանջները, եւ պետք է քայլել համահունչ:

-Ինչպիսի՞ն է ներկայիս Ձեր զբաղվածությունը. հումորային նոր ներկայացումներ, նախագծեր սպասվո՞ւմ են:
-Զբաղվածությունն իրոք շատ է. հեռուստատեսություն, ռադիո, տարբեր տեսակի միջոցառումների թե կազմակերպում, թե վարում: Փորձում եմ ամենը համատեղել: Փակագծերը չբացելով` նաեւ կասեմ, որ եթե ամեն ինչ հաջող ստացվի, ապա աշնանային եթերաշրջանում «Քոմենթս»-ը կներկայանա նոր ձեւաչափով: Կարծում եմ` եկել է ժամանակն այն նորովի մատուցելու:                                                                     

-Աշխատում եք նաեւ մեդիա դպրոցում: Ի՞նչ առարկաներ եք դասավանդում:
-Այս պահին երկու խումբ ունեմ` հաղորդավարների եւ սցենարիստ-պրոդյուսերների։ Մեծ բավականություն եմ ստանում, որովհետեւ իրականում միշտ էլ սիրել եմ կիսվել իմ փորձով, օգնել մարդկանց, ովքեր ինչ-ինչ քայլեր են ուզում անել այս ասպարեզում։

Արմեն Թադեւոսյանի ընտանիքը


-Ինչքա՞ն է հումորի չափաբաժինը Ձեր առօրյայում:
-Ասում են` հումորի մարդիկ կյանքում շատ ավելի լուրջ են: Փորձում եմ ցանկացած բարդ իրավիճակ ավելի թեթեւ դարձնել, ինքս էլ թեթեւ նայել, արհեստականորեն չբարդացնել: Մեր բնագավառի մարդկանց համար շատ ավելի դժվար է. օրինակ, երբ քայլում եմ փողոցով, իրավունք չունեմ անցորդներին չժպտալ, քանի որ նրանք ինձ դիտարկում են որպես հումորի մարդ, եւ բոլորովին կապ չունի` ինչ տրամադրություն ունես այդ պահին, պետք է ժպտաս(ժպտաց-հեղ.): 

-Այսօր սոցցանցերն օգնում են ցանկացած տեղեկատվություն հանրայնացնել: Ի՞նչ նպատակի են ծառայում դրանք Ձեզ համար:
-Ինձ համար «Ֆեյսբուքը» զվարճանքի տեղ չի, այն կարելի է օգտագործել լուրջ նպատակների համար: Երբ դեռ չկար «Քոմենթս» հաղորդաշարը, փորձելու համար, թե ինչպես կընդունեն մարդիկ, ինչպիսին կլինեն արձագանքները, հրապարակեցի նկարներ` համապատասխան գրառումներով, ինչը բավական օգնեց հասկանալ, թե ինչ է հետաքրքրում հանրությանը: Օգտատերերը զարմանում են, որ պատասխանում եմ իրենց նամակներին, բայց իրականում, չարձագանքելը ճիշտ չի լինի, քանի որ աշխատում եմ նույն լսարանի համար:

-Կպատմե՞ք Ձեր երեխաների նախասիրությունների մասին: 
- Տղաս երկար ժամանակ զբաղվել է ֆուտբոլով, այս տարի ավարտում է դպրոցը եւ պատրաստվում է ընդունվել բուհ, իսկ աղջիկս պարուհի է, շրջագայում է տարբեր երկրներով, ունեցել է հաջողություններ, նաեւ նկարում է։ Ամեն բան անում եմ, որպեսզի իրենցը գտնեն եւ հետագայում հաջողություններ ունենան: Կարծում եմ` մանկուց պետք է զարգացնել այն, ինչն առավել հոգեհարազատ է:

-Արդյո՞ք Ձեր կյանքի ուղեկցին ընտրելիս ամենից շատ կարեւորել եք նրա հումորի զգացումը: Իսկ նա՞:):                                                                                                                                                                               
-Իհարկե, չեմ կարեւորել, որովհետեւ տնից մեկը պիտի հումորի զգացում ունենա:): Կինս էլ մինչ օրս դա չի կարեւորում:):

-Ինչպիսի՞ հումորներ Ձեզ կարող եք թույլ տալ ընկերների հասցեին:
-Ոչ միայն ընկերների շրջապատում, այլ ընդհանրապես չպետք է հումորը նեղացնի կամ վիրավորի մարդկանց: Ընկերներով ավել-պակաս մի քիչ շատ ենք կատակում, դրան արդեն սովորել ենք: Հումոր անելուց առաջ պետք է ճանաչես դիմացինիդ, նրա բնավորության որոշ գծեր հաշվի առնես, իսկ ընդհանուր առմամբ, եթե մարդն ունի հումորի զգացում, ապա չի նեղանա:

Արմեն Թադեւոսյանը` կնոջ եւ դստեր հետ


-Ո՞վ է նեղացել Ձեր հումորից եւ փորձել հաշվեհարդար տեսնել:):
-Հաշվեհարդար` չէ, բայց տասը տարի առաջ մի հաղորդում էի վարում` «Նորութույններ», որում սուր հումորներ էինք ընդգրկում… Դա էլ եմ կապում մարդու տեսակի հետ, եթե հասկանում է, որ պարզապես հումոր է, չի նեղանա: 

-Հնարավո՞ր է կատակելու հմտություններ ձեռք բերել:
-Հնարավոր է զարգացնել, բայց ներսում եղածը, այլապես չեմ պատկերացնում:

 -Ինչը՞ կարող է Ձեզ ոգեւորել:
-Լավ լուրը, դրական շփումը: Երիտասարդ տարիներին շատ էմոցիոնալ էի, հիմա ավելի հանգիստ եմ փորձում լինել, բայց մարդու մեջի գժությունը չի վերանում:):

-Դեպք, որը չեք մոռանա:
-Շատ դեպքեր կան, որոնք չեն մոռացվի, բայց կառանձնացնեմ երեխաներիս ծնունդը:

-Մարմնավորած կերպար, որն ավելին է:
-Միշտ մարմնավորել եմ հումորային կերպարներ, բոլորն էլ սիրել եմ, բայց կարծես դեռ ունեմ այն կերպարը, որը պետք է խաղամ:

-Եթե ոչ` դերասան-հումորիստ, ապա ո՞վ:
-Մանկուց ցանկացել եմ դերասան դառնալ, հետո մի պահ ուզում էի բժիշկ լինել, բայց հասկացա, որ չեմ կարող կտրել, ծակել, մի խոսքով` բժշկի մասնագիտությունն իմը չէր: Կյանքիս ընթացքում շատ բաներով եմ զբաղվել, ինչպես ասում են` «ինչեր ասես, որ չենք արել», բայց ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ իմն այս ոլորտն է:

- Ի՞նչ է պակասում Հայաստանին:
-Հանգիստ ապրելակերպ եւ ժպտացող մարդիկ: Երբեմն առաջինի բացակայությունը ազդում է մյուսի վրա, բայց, այդուամենայնիվ, ժպտալ հարկավոր է: Կարճ ասած` Հայաստանին պակասում են նորմալ «աննորմալներ»:

Զրուցեց Անահիտ Առաքելյանը
Լուսանկարները` Արմեն Թադեւոսյանի արխիվից
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW