×


Արմեն Մարգարյանն ու Մարատ Խաչատրյանը` hիվանդասենյակում

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում մայիս ամսին պրեմիերաների պակաս չկա: Թատրոնի ուսանողները ներկայացնում են իրենց ավարտական բեմադրությունները: Օրերս կայացել է “Հիվանդասենյակ N.6” ներկայացման պրեմիերան` ըստ Անտոն Չեխովի համանուն պատմվածքի:

“Հիվանդասենյակ N6” ներկայացման պրեմիերային


Բեմադրությունը կատարել էր Արամ Ներսիսյանը, դերակատարներն են Մարատ Խաչատրյանն ու Արմեն Մարգարյանը: Երիտասարդները ներկայացրել են չեխովյան մտորումները կյանքի, մարդու եւ հասարակության մասին` բեմ բարձրացնելով բարդ, միեւնույն ժամանակ պարզ հարցեր:
 

“Հիվանդասենյակ N6” ներկայացման պրեմիերային


Ներկայացումն Արամ Ներսիսյանի դիպլոմային աշխատանքն է: Նա այս տարի ավարտում է ԵԹԿՊԻ “Դրամատիկական թատրոնի ռեժիսուրա” բաժնի չորրորդ կուրսը: BRAVO.am-ը զրուցել է ապագա ռեժիսորի հետ եւ պարզել նրա ավարտական աշխատանքի ստեղծման մանրամասները: Արամը նշել է, որ Չեխովն իր սիրելի հեղինակներից է, հատկապես “Հիվանդասենյակ N. 6”-ը միշտ արդիական է.“Անկախ ավարտելուց վաղուց ուզում էի բեմադրել, որովհետեւ ինձ հուզում են Չեխովի մտորումներն այս ստեղծագործության մեջ: Դիմեցի իմ դերասան-ընկերներին, վստահ էի Արմենի եւ Մարատի պրոֆեսիոնալիզմի վրա, գիտեի, որ կկարողանան այս բարդ գործը լավ ներկայացնել: Դասախոսներից դրական կարծիքներ լսեցի, նրանք իրենց դիտողություններն ու առաջարկներն արեցին: Ոգեւորված լինելով՝ մտադրված եմ ներկայացման կյանքը երկարացնել. ամռան սկզբին կրկին բեմում կլինի”:

Արմեն Մարգարյանը` “Հիվանդասենյակ N6” ներկայացման պրեմիերային


Արամ Ներսիսյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Չեխովի գործը բեմադրելը չափազանց պատասխանատու է, բայց որոշել է դիմել այդ քայլին.“Նա այնքան լիարժեք է գրել, որ ես ընդամենը որոշեցի շեշտադրել ու ներկայացումն ավարտել լավատեսական նոտայով, որովհետեւ գրքում բժիշկը մահանում է: Երբ հիմա հետադարձ հայացքով նայում եմ աշխատանքներին, ահռելի բան եմ սովորել, կարծես, միայն կարդալով ու ուսումնասիրելով կենսափորձ եմ ձեռք բերել: Ամեն ընթերցումից նոր շերտեր եմ բացահայտել. մարդուն պետք չէ հաշտեցնել դաժան իրականության հետ, պիտի խրախուսել պայքարել ու կռիվ տալ: Մենք պետք է եւ կարող ենք մեր կյանքն ավելի լավը դարձնել”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW