×


Արմենը եւ Միլենան զագսավորվել են Ամուսնության պալատում

«The Beautified Project» ռոք-խմբի կիթառահար Արմեն Շավերդյանն ու պարուհի Միլենա Ոսկանյանը երեկ Ամուսնության պալատում օրինականացրել են իրենց հարաբերությունները: BRAVO.am-ի հետ զրույցում Միլենան պատմել է ոչ միայն ԶԱԳՍ-ի արարողության, այլեւ առաջիկա հարսանիքի մասին:

Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շավերդյանն օրինականացրել են հարաբերությունները


«Ի սկզբանե որոշել էինք զագսավորվել հաջորդ ամիս` մեր հարսանիքի օրը: Սակայն, քանի որ պետք է ամուսնական ճամփորդության մեկնենք, ամուսնության վկայականը պետք էր վիզան ստանալու համար»,-պատմել է պարուհին:

Զույգն իր միությունը մտերիմների հետ նշել է Արմենի տանն ու ընդունել շնորհավորանքներ.«Հետո էլ քաղաքում ենք տոնել: Շատ կարեւոր արարողություն էր մեզ համար. այսուհետեւ ամենն օրինական է»:

Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շավերդյանը


Այս շրջանում Արմենի եւ Միլենայի հիմնական զբաղվածությունը հարսանիքի նախապատրաստական աշխատանքներն են: Նրանք որոշել են պահպանել ավանդական հարսանիքի երթուղին.«Արդեն ընտրել եմ հարսի զգեստս, որն Արմենը չի տեսնի մինչ հարսանիքի օրը: Մյուս պարագաները միասին ենք ընտրում: Որոշել ենք, որ մեր հարսանիքը լինի սպիտակի եւ վարդագույնի մեջ»:

Ապագա հարսիկը պատմել է նաեւ, որ միմյանց համար պարային եւ երաժշտական կատարումներ են պատրաստել:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW