Դերասանուհի Արմինե Նազարի-Դեխնավին, ով հաճախ աչքի է ընկնում ոչ միայն թատրոնում եւ կինոյում խաղացած վառ կերպարներով, այլեւ անկեղծ ֆոտոշարքերով, նոր լուսանկարներ է հրապարակել սոցցանցերի իր էջում: Բացի նոր ֆոտոշարքը, Արմինեն նաեւ նոր դեր ունի Երեւանի կամերային թատրոնում, որտեղ ընդգրկված է հիմնական դերասանական կազմում: BRAVO.am-ը նրա հետ զրուցել է ֆոտոխցիկի առջեւ անկեղծանալու, թատրոնում ունեցած հաջողությունների մասին, եւ ոչ միայն:
Արմինեն պատմում է, որ նոր լուսանկարների հեղինակն իր ընկերներից մեկն է` Աշոտ Ավագյանը: Ասում է` վաղուց են միմյանց ճանաչում, բայց երբեք առիթ չի եղել գործնական հանդիպում ունենալու եւ լուսանկարվելու.«Պատահական ստացվեց: Այնպես չէր, որ հատուկ պլանավորած նկարահանում էր, որին նախապես պատրաստվել էինք: Այդպիսի դետալային նկարներ ստանալու գաղափարն իրենն է եղել: Իր ոճն է»:
Արմինե Նազարի-Դեխնավին
Թեեւ ֆոտոշարքում ընդամենը մի քանի լուսանկար է, բայց պետք է նկատել, որ դրանք յուրօրինակ են ու հետաքրքիր` իրենց ձեւով ու բովանդակությամբ: Արմինեն ընդգծում է` յուրաքանչյուր ֆոտոշարք պիտի լինի անկեղծ. ֆոտոխցիկը տանել չի կարողանում կեղծավորությունը.«Ամեն ինչի կեղծը սիրուն չէ: Մարմինդ ու հայացքդ պիտի աշխատեն իրար հետ, չգիտեմ` ինձ մոտ որքանով է ստացվում, բայց ես փորձում եմ այդպես անել: Իսկ ինչ վերաբերում է համարձակությանը, ապա եթե լուսանկարն էսթետիկ է ստացվում, կապ չունի` զգեստդ ինչ ձեւ ունի կամ մարմնիդ որքան հատվածն է երեւում: Եթե այդ ամենը գրագետ է արվում, ապա ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Չնայած՝ ընդամենը մեկ լուսանկարիչ կա, ում հետ համագործակցելիս ամբողջովին նվիրվում եմ իրեն ու վստահում: Դա Արվին Քոչարյանն է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմինե Նազարի-Դեխնավին նկարահանվել էր նաեւ BRAVO.am-ի «Կիսաստվեր» նախագծում, որտեղ նույնպես անկեղծացել էր ֆոտոխցիկի առջեւ: Լուսանկարն էլ ուղեկցվել էր նրա այս գրառմամբ՝ «Ես մարդ եմ, ով սպասում է...»: Արմինեից հետաքրքրվեցինք, թե ինչ սպասումներ ուներ այն ժամանակ եւ արդյոք ոչինչ չի փոխվել: Նա խոստովանեց, որ եթե հիմա կրկին առիթ լիներ այդ հարցին պատասխանելու, ապա հաստատ չէր ասի, թե սպասում է. «Գիտեք, մարդիկ տարեցտարի փոխվում են: Ես հիշում եմ, թե այն ժամանակ ինչու եմ ասել՝ «Ես մարդ եմ, ով սպասում է»: Այն ժամանակ ես սպասում էի հրաշքի, բայց հետո հասկացա, որ պետք չէ սպասել հրաշքների: Ուղղակի պետք է ապրել, գնալ նպատակների հետեւից, եւ հրաշքն ինքնըստինքյան կլինի»:
Արմինե Նազարի-Դեխնավին
Վերջին տարիներին Արմինե Նազարի-Դեխնավին ակտիվորեն ներգրավված է թատերական ներկայացումներում, երբեմն էլ աչքի է ընկնում ֆիլմերում մարմնավորած իր կերպարներով: Նա վաղուց ընդգրկված է Երեւանի կամերային թատրոնի դերասանական կազմում եւ խաղում է այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», «Սեւ արկղ», «Ինչ տարբերություն, թե ում հետ», «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» եւ այլն: Դերասանուհուն հարցրինք, թե որն է համարում իր հաջողության գաղտնիքը, եւ ինչպես է իրեն հաջողվել արժանանալ թատրոնի ռեժիսորների ուշադրությանն ու վստահությանը: Արմինեն նշեց, որ սովորել է Արա Երնջակյանի կուրսում եւ չորս տարի աշխատել է թատրոնի անձնակազմի հետ: Ընդգծում է` հենց նրանք էլ իրեն դաստիարակել են ու դարձրել դերասան.«Չգիտեմ` բախտի բերմամբ, թե նպատակային ես հայտնվեցի այնտեղ, իմ առաջին ներկայացումը եղավ «Ռոմեո եւ Ջուլիետը», որից հետո կամաց-կամաց ներգրավվեցի տարբեր ներկայացումներում: Իմ հաջողության գաղտնիքը համարում եմ աշխատասիրությունն ու մեծ ցանկությունը: Ես փորձում եմ իմ ռեժիսորների հետ լինել լիակատար անկեղծ»:
2018 թվականի վերջին կամերային թատրոնում փոխվեց «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացման դերասանական կազմը, որից հետո գլխավոր դերում հայտնվեց հենց Արմինե Նազարի-Դեխնավին: Ներկայացման մեջ նա մարմնավորում է Ջիլին, որի կերպարում նախկինում հանդես էին գալիս Լիլի Էլբակյանն ու Նազենի Հովհաննիսյանը: Դերասանուհուց հետաքրքրվեցինք` արդյոք խորհուրդներ ստացել է նախկին դերակատարներից: Արմինեն ասաց` քանի որ «Սեւ արկղ» ներկայացման շրջանակում համագործակցել է Լիլի Էլբակյանի հետ, հենց նա էլ հիմնականում օգնել է իրեն հարմարվել նոր դերին:
Արմինե Նազարի-Դեխնավին՝ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացմանը
«Ճիշտ է՝ Նազենիի հետ շփում չեմ ունեցել, բայց հուսով եմ` ինքն էլ նույն կերպ կարձագանքեր: Իսկ Լիկան փորձում էր օգնել, միշտ խորհուրդներ էր տալիս, կողքիս կանգնած էր, ու դա իրականում ինձ շատ է ոգեւորել, որովհետեւ նախեւառաջ մտավախություն կար, թե իրենք ինչպես կընդունեն մեր խաղը: Դե, ինը տարի իրենք են խաղացել ու այդ ներկայացման խնդիրներն ավելի լավ գիտեն, քան ես: Ամեն դեպքում ինը տարի ապրել են այդ կերպարների հետ: Իսկ ինչպես կընդունի հանդիսատեսը` դրա մասին, անկեղծ ասած, փորձել եմ չմտածել: Կարծում եմ` եթե թատրոնում ինչ-որ բան է որոշվում, ուրեմն ղեկավարները շատ լավ հասկանում ու գիտակցում են`ինչի համար է դա արվում: Ի վերջո սերնդափոխությունը շատ կարեւոր է թատրոնում»,- եզրափակեց դերասանուհին:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արմինե Նազարի-Դեխնավին
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: