×


Արսեն Գրիգորյան.«Անհնարին է թվում, բայց կփորձեմ իրականացնել»

Արսեն Գրիգորյանն այսօր նշում է 34-րդ տարեդարձը։ Հոբելյարը քիչ առաջ BRAVO.am–ի հետ զրույցում պատմել է, որ տոնական օրը սկսվել է կեսգիշերին՝ հորեղբոր տանը.«Քանի որ ես ու հորեղբայրս նույն օրն ենք ծնվել, միասին սկսեցինք մեր օրը նշել։ Տարեդարձս էքսպրոմտ շարունակվում է ընկերներիս հետ՝ տարբեր վայրերում, քանի որ խնջույք չեմ պլանավորել»։

Արսեն Գրիգորյանը


Մեր հարցին, թե ինչ է սիրում նվեր ստանալ, դերասան-հաղորդավարը պատասխանել է, որ անակնկալների սիրահար է.«Յուրաքանչյուր նվերից էլ ուրախանում եմ` սկսած հագուստից, հեռախոսից մինչեւ ճամփորդական ուղեգրեր։ Արդեն ստացել եմ ուղեգիր դեպի Նյու Յորք, նաեւ տարվա ընթացքում կմեկնեմ Փարիզ ու Լոնդոն։ Ընկերներիս կողմից նվերներ են, աշխատանքային չեն, մեկնելու եմ հանգստի նպատակով»։

Արսենի համար 2015-ը լի էր նկարահանումներով, որոնց պրեմիերաները նախատեսված են այս տարի։ Նա խաղացել է ֆրանսահայ ռեժիսոր Լեւոն Մինասյանի «Բրավո, վիրտուոզ», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ», Հրանտ Երիցկինյանի «Առաջին դեմք» ֆիլմերում.«Նաեւ նկարվել եմ Գրիգոր Վահրամյանի 24 մասից բաղկացած բազմասերիանոց ֆիլմում։ Մեկը մյուսից տարբեր կերպարներ են՝ կատակերգական ու դրամատիկ։ Վերջին շրջանում հաճախ եմ առաջարկներ ստանում, երեւի պատճառն այն է, որ միայն գլխավոր դերերում նկարվելու ամբիցիաներ չունեմ, խաղում եմ նաեւ երկրորդական դերեր։ Ընկերական մեծ շրջապատս էլ նպաստում է, բայց եթե նայեմ իմ շրջապատին եւ խաղացածս դերերի քանակին, հավատացեք, ավելի հաճախ ես կլինեի էկրաններին»։

Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ Արսեն Գրիգորյանը


Այս տարի նա կշարունակվի նկարահանվել «Դոմինո» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում, նաեւ երիտասարդ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի ֆիլմերում.«Լիլիթն իմ առաջին կինոռեժիսորն է, միշտ հաճույքով եմ նրա հետ աշխատում։ Նա նախատեսում է առաջիկայում մեկ կարժամետրաժ եւ մեկ լիամետրաժ ֆիլմ նկարել»։

Արսեն Գրիգորյանը


Խոսելով իր նպատակների մասին՝ Արսենը նշել է, որ դրանք մասնագիտական են.«Իմ նպատակն ավելի երազանքային է եւ, հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, անհնարին է թվում, բայց կփորձեմ իրականացնել։ Շատ եմ ուզում ռուսական, եվրոպական ու հոլիվուդյան արտադրության ֆիլմերում նկարվել, ուզում եմ տարբեր ազգերի արվեստագետների հետ աշխատել։ Երբ Նյու Յորք էի մեկնել, մասնակցել եմ մասնագիտական դասընթացների, հետո Լոս Անջելեսում Լուիզա Ներսիսյանի, Ալլա Թումանյանի հետ նկարվել եմ Շոն Բեյքերի «Մանդարին» ֆիլմում, որը ուղիղ մեկ տարի առաջ ցուցադրվել է ԱՄՆ-ում, իսկ Հայաստանում չի ցուցադրվել։ Տարբեր երկրներում ծանոթ պրոդյուսերներ ունեմ, իհարկե, հավատում եմ, որ հրաշքով կհրավիրեն նկարահանվելու։ Ամեն շփում նոր համագործացության մեծ հավանականություն ունի, կարծում եմ՝ մի դուռ կբացվի»։

BRAVO.am
Լուսանկարները` Արսեն Գրիգորյանի արխիվից եւ  Վահան Ստեփանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW