×


Արսեն Նավասարդի. Արամեի ու Վարսայի տեսահոլովակներից մինչեւ “հայ-հնդկացիների” շարք :)

Շատերն են տեսել Արամեի “Մամա”, Վարսայի “Released” տեսահոլովակները, բայց քչերը գիտեն, որ ինչպես նշված, այնպես էլ հայտնի այլ մի շարք տեսահոլովակների, ֆիլմերի, ներկայացումների եւ ֆոտոշարքերի բեմադրող նկարիչն Արսեն Նավասարդին է: Նա, կիրառելով վառված ու անպիտան ֆոտոթղթեր, ստեղծել է նկարների հետաքրքիր մի շարք, որոնց մասին էլ պատմել է BRAVO.am-ին:

Բեմադրող նկարիչ Արսեն Նավասարդին


Երբ փոքր էի, ունեինք հարեւան, ով աշխատում էր “վինետկաներ” արտադրող ընկերությունում ու ինձ միշտ “բռակ” լուսանկարներ էր բերում. գիտեր, որ շատ եմ թուղթ փչացնում: Ես էլ դրանք փորում էի, քերում, թրջում, հետո եփում, վրան ձու ջարդում… Փոքրուց նման բաների սովորություն ունեմ:

Մոտ մեկ տարի առաջ գնացել էի լուսանկարներ տպելու ու տեսա, որ այդ սարքն ամեն առավոտ անորակ ֆոտոթղթեր է “արտադրում”, որոնք հնարավոր չէ օգտագործել: Ինձ այդ ֆոտոթղթերն այնքան գրավեցին, որ ցանկացա գնել, բայց փոխարենը մեծ քանակությամբ նվեր ստացա եւ երկրորդ կյանք տվեցի դրանց:

Արսեն Նավասարդիի աշխատանքներից


Կերպարները, որոնք հայտնվել են այս շարքում, ընկերներս են` “հայ-հնդկացի” վիճակներում:): Աշխատանքներս նամակներ են եւ ունեն հասցեատերեր: Որոշ գործեր բառեր, նախադասություններ են պարունակում, որոնք ինքնըստինքյան են հայտնվում ու հաճախ աբսուրդային են:

Նամակներս հասցեատերերին հազվադեպ դեպքերում են հասնում, որովհետեւ առհասարակ խուսափում եմ խոսել ու պատմել գործերիս մասին, քանի որ ինչ անում եմ, ինձ համար եմ անում: Ու անում եմ այն, ինչն ուղղակի չեմ կարող չանել:

Արսեն Նավասարդիի աշխատանքներից


Վերջին շրջանում սկսել եմ աշխատանքերս նվիրել: Հեշտ եմ բաժանվում դրանցից, որովհետեւ մտերիմ մարդկանց եմ նվիրում ու ցանկության դեպքում կարող եմ այցելել ու տեսնել դրանք, կամ էլ վերցնել ու ներկայացնել ինչ-որ ցուցահանդեսի շրջանակում:

Կուզեմ աշխատանքներս ցուցադրել, ինչո՞ւ ոչ: Մոտ ապագայում հնարավոր է` ոչ միայն այս շարքը, այլեւ այլ աշխատանքներ փոքրիկ ցուցահանդեսի ձեւաչափով ներկայացնեմ հանրությանը:

Ես ո´չ գեղանկարիչ եմ, ո´չ դիմանկարիչ, ո´չ գրաֆիկ… Ես այդ ամենի միքսն եմ: 

Գործերս էլ ինձ դուր գալիս են: Եթե չհավանեմ, պարզապես չեմ թողնի ապրեն: Առհասարակ մինչ օրս ավելի շատ աշխատանք եմ փչացրել, վերացրել, քան ստեղծել:

Արսեն Նավասարդիի աշխատանքներից


10 տարի սովորել եմ Գեղագիտության ազգային կենտրոնում, բայց Գեղարվեստի ակադեմիայում չեմ շարունակել ուսումս` փոքր-ինչ շուտ հասունանալով ու հասկանալով, որ Հայաստանում նկարիչ լինելն անիմաստ է, որովհետեւ լավագույն դեպքում կտավներդ գնում ու կպչում են վատ ինչ-որ թանգարանների ու ցուցասրահների պատերին:

Աշխատում եմ որպես բեմադրող նկարիչ. ավարտել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության բաժինը: Սակայն վերջին կուրսում դասի չեմ հաճախել: Մինչ օրս էլ ամեն տարի պատրաստվում եմ գնալ դիպլոմիս հետեւից ու չեմ գնում: Չգիտեմ` ինչիս է պետք: Չնայած` անպայման գնալու եմ վերցնեմ. մեկ էլ տեսար մի օր պետք եկավ:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Արսեն Նավասարդիի անձնական արխիվից, Վահան Ստեփանյանի եւ Տիգրան Մելքոնյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW