Աշնանը լույս աշխարհ կգա Արտավազդի եւ Մարիամի առաջնեկը: Օրերս BRAVO.am-ը հյուրընկալվել էր Ամիրյանների ամառանոց, որտեղ ոչ միայն լուսանկարեցինք գեղեցիկ զույգին, այլ նաեւ հաճելի զրույց ունեցանք նրանց հետ` համտեսելով հաղորդավարի մայրիկի` տիկին Օվսաննայի պատրաստած համեղ ուտեստները:):
Արտավազդ եւ Մարիամ Ամիրյանները
-Ի՞նչ զգացողություններ ունեցաք` իմանալով փոքրիկի գոյության մասին:
Մարիամ. Ի՞նչ կզգա 21-ամյա երիտասարդը` իմանալով, որ մայր է դառնալու. անսահման երջանիկ էի, ուրախությունից տեղս չէի գտնում: Չհամբերեցի մինչեւ Արտավազդը տուն գա, հղիության թեմատիկայով լուսանկար ուղարկեցի, նա էլ հաշված վայրկյաններ հետո զանգեց ու հարցնում է` ինչ է դա նշանակում:):
Արտավազդ. Տեսնելով նկարը` մի պահ խառնվեցի: Գիտեի, որ հենց այնպես չէր ուղարկի, բայց ամեն դեպքում զանգեցի, որ համոզվեմ՝ ճիշտ եմ գուշակել: Աննկարագրելի են այդ պահին ունեցած ապրումներս:
-Առաջինն ո՞ւմ հայտնեցիք ուրախալի լուրը:
Մարիամ եւ Արտավազդ Ամիրյանները
Արտավազդ. Առաջինը մայրս է իմացել, հետո` մյուսները: Ուրախությունից հուզվել էր: Ոչ միայն ինքը, մյուս տատիկն ու պապիկներն էլ երջանկացան` իմանալով, որ եւս մեկ թոռնիկ են ունենալու:
-Այս փուլում ի՞նչ է փոխվել ձեր հարաբերություններում ու առհասարակ առօրյայում:
Մարիամ. Բոլորն իմ հանդեպ շատ ավելի ուշադիր են դարձել, չնայած` ուշադրության եւ լավ վերաբերմունքի պակաս երբեք չեմ ունեցել ընտանիքիս անդամների եւ հատկապես սկեսուրիս կողմից:):
-Արդեն պարզե՞լ եք երեխայի սեռը:
Արտավազդ. Այո՛, աղջիկ ենք ունենալու, ում մայրիկիս պատվին Օվսաննա կանվանակոչենք: Անկախ իմ ցանկությունից, իմանալով երեխայի սեռը` Մարիամն առաջարկեց Օվսաննա անունը. պարզվում է՝ մինչ ինձ հետ ծանոթանալն էլ սիրել է այդ անունը:):
Արտավազդ եւ Մարիամ Ամիրյանները
-Հայ բազմաթիվ տղամարդիկ ցանկանում են, որ առաջնեկը տղա լինի. ինչպե՞ս ընդունեցիր աղջիկ ունենալու լուրը:
Արտավազդ. Կարծում եմ` այդ կարծրատիպը վաղուց արդեն կոտրվել է: Իհարկե, երկու սեռի երեխա ունենալն էլ շատ լավ է, բայց իմ համար առաջնայինն այն է, որ առողջ ծնվեն:
-Երեխայի համար արդեն գնումներ անո՞ւմ եք:
Արտավազդ. Մեզնից անկախ` փոքրիկի համար գնումների հաճելի պարտականությունն ընկավ իմ ուսերին: Օրեր առաջ գործնական այցով Միացյալ Նահանգներում էի, որտեղ մեր քավորկնոջ օգնությամբ անհրաժեշտ բոլոր պարագաները գնեցի` սկսած կաթի շշից, վերջացրած ճոճաթոռով ու նմանատիպ այլ իրերով:
-Հիմնականում ի՞նչ գույների մեջ են երեխայի իրերը: Նրա անկյունն արդեն պատրաստե՞լ եք:
Մարիամ. Բազմագույն են մեր փոքրիկի իրերը: Չեմ սիրում, որ աղջիկ երեխաների համար միայն վարդագույն, տղաների համար էլ կապույտ հագուստ ու աքսեսուարներ են գնում: Մեր Օվսաննան տարբեր գույների իրեր ունի, որոնք, կարծում եմ, իրեն շատ դուր կգան:):
Արտավազդ եւ Մարիամ Ամիրյանները
-Բազմաթիվ զույգեր դեռ չծնված փոքրիկի հետ զրուցում են, իսկ դո՞ւք:
Արտավազդ. Հաճախ եմ խոսում հետը, կամ էլ ականջս դնում եմ Մարիամի փորիկին, որ տեսնեմ` ինքն ինչ է ասում:): Շատ ակտիվ երեխա է, անընդհատ շարժման մեջ է:
-Ասում են` երեխայի դաստիարակությունը սկսվում է հղիության շրջանից: Սկսե՞լ եք դաստիարակել նրան:
Մարիամ. Ես արդեն սկսել եմ:): Պարբերաբար լավ, դրական բաներից եմ խոսում հետը, դասական երաժշտություն եմ հաճախ լսում:
-Մարիամ, կկարողանա՞ս ինքնուրույն զբաղվել նորածնի խնամքով, թե՞ օգնություն է պետք:
- Արդեն իսկ շատ լավ օգնական ունեմ: Սկեսուրս իմ փրկությունն է, ամեն հարցում կողքիս է, օգնում ու աջակցում է ինձ: Փոքրիկիս էլ միայն նրան կվստահեմ: Երեխային հարազատ մայրիկից ու տատիկներից բացի ոչ ոք սրտացավորեն չի խնամի:
Արտավազդ եւ Մարիամ Ամիրյանները
-Քանի՞ երեխա եք պլանավորում ունենալ:
Արտավազ. Սիրում եմ բազմանդամ ընտանիքներ, որտեղ երեխաները շատ են: Դրա համար մենք յոթն ենք պլանավորում: Առաջ Աստված, ինչպես ճիշտ կհամարի:):
-Մարիամ, աշխատանքի բերումով Արտավազդը հաճախ է բացակայում տնից, երբեմն նաեւ քաղաքից, ինչպե՞ս ես վերաբերվում այդ հանգամանքին:):
-Շա՜տ վատ, շատ եմ կարոտում, գնալուց հետո վերադառնալու ժամերն եմ հաշվում:
-Ի՞նչը կարող է ձեզ համար վեճի առիթ դառնալ: Ո՞վ է զիջողն ու հաշտեցման քայլ անողը:
Արտավազդ. Փառք Աստծո, վեճի լուրջ թեմաներ չենք ունենում: Կենցաղային բնույթի խոսակցություններ ու տարաձայնություններ են, որոնք շատ շուտ էլ հարթվում գնում են: Հիմնականում զիջող կողմը ես եմ լինում:):
BRAVO.am-ը թեթեւ հղիություն եւ բարեհաջող ծննդաբերություն է մաղթում Մարիամին:
Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: