Այսօր հավանաբար սիրո խոստովանությունների տեղատարափ կլինի Հայաստանում: Սուրբ Սարգիս զորավարի տոնի խորհրդով եւ սիրելիին երազում տեսնելու հույսով` շատերդ երեկ գիշեր աղի բլիթ եք կերել, իսկ շատերիդ մատուցարանի մեջ լցված ալյուրի մեջ սիրո հովանավորի սպիտակ ձիու պայտի հետքն է դրոշմվել:): Սիրային տոնի նախօրեին BRAVO.am-ին իր սիրո պատմությունն է պատմել հաղորդավար Արտավազդ Ամիրյանը:
Արտավազդ Ամիրյանը սիրելիի` Անիի հետ
Երեւի այդպես պետք է լիներ …
Ո՞վ կարող էր մտածել, որ ծանոթությունից 7 տարի հետո ես ու ընտրյալս` Անին, կրկին կհանդիպենք ու ամուսնության կպատրաստվենք:): Անիի քույրը` Էլիզան, եւ ես հասակակիցներ ենք, աշխատանքի բերումով շատ ենք շփվել: Քույրիկի միջոցով Անիին ճանաչում էի դեռեւս 6-7 տարի առաջ, հետո կապը կտրվեց, այլեւս չէինք շփվում:
Ամեն ինչ փոխվեց 2010 թվականի հոկտեմբերի 9-ին: Այդ օրը Դիլիջան քաղաքի օրն էր, որի առիթով կազմակերպված միջոցառումը ես էի վարում: Համերգի, հրավառության ընթացքում մի աղջիկ մոտեցավ ինձ ու հարցրեց` “Հիշո՞ւմ ես ինձ, Էլիզայի քույրն եմ` Անին”: Հեռախոսումս գրանցեցի իր համարը, որ համերգից հետո նորմալ զրուցենք, շփումը շարունակենք, վերջիվերջո կրկին Էլիզայի հետ հանդիպենք, որովհետեւ համերգային թոհուբոհի մեջ շփումն անհնար էր: Չգիտեմ, թե ինչպես, հեռախոսումս համարը չգրանցվեց: Երեւի այդպես պետք է լիներ: Սակայն այդ օրը իր դեմքը ֆիքսվեց հիշողությանս մեջ:
"Սկզբում Անիի հայացքը տպավորվեց գլխումս, հետո իջավ դեպի սիրտ ու հետո սիրո վերածվեց".Արտավազդ Ամիրյան
Անցավ մոտ 8 ամիս: Ճիշտն ասած, այդ ընթացքում չէի մտածում իր մասին. ամբողջովին կենտրոնացել էի աշխատանքի վրա: Օրերից մեկ օր միջոցառումներից մեկի ընթացքում ինձ է մոտենում Էլիզան: Շատ էր փոխվել, նույնիսկ միանգամից չճանաչեցի: Շատ ուրախացա, հարցուփորձ արեցի` ինչպես են, պարզվեց, որ նախորդ օրն Անիի ծնունդն է եղել: Ես էլ, առիթն օգտագործելով, խնդրեցի Անիի համարը, որ զանգահարեմ ու շնորհավորեմ: Անիին հաղորդագրություն գրեցի` առանց անունս նշելու: Նա չպատասխանեց: Մի քանի ժամ անց կրկին գրեցի, որ ես եմ: Այս անգամ պատասխանեց:): Այդ կերպ կապը վերականգնվեց:
“Եթե լավ նկարիչ լինեի, կկարողանայի նկարել Անիի առաջին հայացքը”
Միշտ շտապել եմ կյանքում. յուրաքանչյուր հարցում եմ այդպիսին: Այժմ փոխվել եմ, ավելի կշռադատված դարձել: Հիմա մտածում եմ` եթե լինելու է, թող լինի, եթե ոչ, ուրեմն դա է ճիշտը: Հենց այդ պատճառով էլ որոշում կայացրի, որ Անիի ու իմ մեջ միայն ընկերական շփում է լինելու: Կարծում էի, որ ուժեղ զգացմունք չկա, եթե լիներ էլ, որոշել էի ուշադրություն չդարձնել… Բայց գիտեք, եթե լավ նկարիչ լինեի, հաստատ կկարողանայի նկարել իր առաջին հայացքը, այդ աստիճան տպավորվել է մեջս: Բացի դա, ինձ լավ ճանաչելով` չէի ուզում նրան ցավ պատճառել. ես մի տեղում մնացող չեմ ու անցյալում հենց այդպիսին եմ եղել նաեւ անձնական կյանքում:
Արտավազդ Ամիրյանը սիրելիի հետ Հաղարծինում
Սկզբում նրա հայացքը տպավորվեց գլխումս, հետո իջավ դեպի սիրտ ու հետո սիրո վերածվեց: Հետագայում զգում էի, որ այդ անձնավորությունն ինձ հարազատ է դարձել: Մեր հայացքները շատ նման են իրար, մի բան ասում եմ, Անին կես բառից շարունակում է նախադասությունս: Հասկացա, որ ուզում եմ իրեն ամեն օր կողքիս տեսնել, հետո ամեն ժամ, հետո ուզում էի մշտապես իր հետ լինել ու հասկացա, որ դա արդեն ուրիշ զգացմունք է: Կարծում էի, թե սերն այն է, երբ համակերպվում ու ապրում ես: Իսկ այժմ ուրիշ կերպ եմ մտածում: Սերն այն է, երբ ամեն վայրկյան ուզում ես իր հետ լինել:
Սիրո առաջարկություն չի եղել
Սիրո խոստովանություն միայն մեկ անգամ եմ արել, այն էլ` 5-րդ դասարանում: Ի դեպ, աղջնակի անունը կրկին Անի էր: Այս դեպքում ամեն ինչ այնքան ակնհայտ ու բնական էր, որ նման առաջարկը պարզապես ավելորդություն կլիներ: Նման բան չի եղել, որ ասեմ` սիրում եմ քեզ, արի ընկերություն անենք, նա էլ դրական պատասխան տա: Ամեն ինչ հանդարտ ու մեղմ ընթացավ…
"Նշանադրության արարողությունը հավանաբար ապրիլին կլինի".Արտավազդ Ամիրյան
Արտավազդին ու Անիին կապող ուժը
Մեր հարաբերություններում կարեւոր մի բան կա, որն առաջացնում է մեր ներքին ամրությունը ու մագնիսական ուժի նման ձգում միմյանց. դա մեր արմատներն են: Ընտանիքում բոլորս կապ ունենք Դիլիջանի հետ, պապիկս այնտեղից է, ողջ մանկությունս էլ այնտեղ է անցել: Հետագայում ընկերներիս հետ էլ միշտ Դիլիջանում ենք ժամանակ անցկացրել: Սկսեցի այնտեղ միջոցառումներ էլ վարել: Բայց չէի մտածում, որ ընտրյալիս ծննդավայրը նույնպես Դիլիջանը կլինի:
Ծնողների հետ ծանոթություն
Այժմ Անին մեր ընտանիքի լիարժեք անդամն է: Չկա օր, որ հայրիկիս կամ մայրիկիս հետ չզրուցի, կապն ուժեղ է: Մայրիկս առաջին անգամ Անիին նկարներով տեսավ: Ցույց տվեցի նկարն ու ասացի` մամ, սիրուն աղջիկա չէ՞:): Առաջին պաշտոնական ծանոթությունը քրոջս` Անիի, ու իր ամուսնու` Ստյոպի հետ էր: Քույրս առաջին հայացքից շատ հավանեց ընտրյալիս:
"Հասկացա, որ ուզում եմ Անիին ամեն օր կողքիս տեսնել".Արտավազդ Ամիրյան
Խոսկապն արդեն եղել է: Շատ հանկարծակի ստացվեց. ոչ ես, ոչ էլ Անին չէինք սպասում նման արարողության: Ամռանը հասունացավ այն պահը, երբ ընտանիքով մեկնեցինք` ծնողների հետ ծանոթանալու: Որոշել էինք պարզապես ծանոթանալ, բայց պարզվեց, որ մայրս մատանի է վերցրել իր հետ: Երկրորդ կենացից հետո շատ հարազատ միջավայր ստեղծվեց, հորեղբայրս` Արմեն Ամիրյանը, բացեց թեման, ու մայրս էլ Անիին մատանին նվիրեց:):
“Ամուսնական արարողությունն օրիգինալ է լինելու”
Նշանադրության արարողությունը հավանաբար ապրիլին կլինի: Աստծո կամոք, որոշել ենք հենց այս տարի էլ ամուսնանալ: Դա այն միջոցառումներից է, որ պետք է նախօրոք ամեն մանրուք պլանավորել: Մինչեւ այժմ ես էի մյուսների միջոցառումները կազմակերպում, այժմ հենց իմ հերթն է, ոչ ոքի չեմ վստահելու: Շատ հետաքրքիր բաներ եմ մտածել ամուսնական արարողության համար, ամեն ինչ շատ օրիգինալ է լինելու: Ներկա կգտնվեն մեր հարազատներն ու ընկերները:
"Չէի մտածում, որ ընտրյալիս ծննդավայրը նույնպես Դիլիջանը կլինի".Արտավազդ Ամիրյան
Անին սովորում է Երեւանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետում: Երբեմն օգնում է ինձ աշխատանքիս մեջ, ու զգում եմ` որքան խելացի է մտածում: Ես դեմ չեմ, երբ կինն աշխատում է: Մի գուցե ապագայում ընտանիքով աշխատենք:):
“Ավելի շատ գրվեց ու խոսվեց, քան իրականում կար”
Անցյալում իմ անձնական կյանքի մասին ավելի շատ գրվեց ու խոսվեց, քան իրականում կար: Շատ խոսվեց իմ ու Մարիի հարաբերությունների մասին: Մենք միասին աշխատել ենք, շփվել ենք, ես չեմ հերքում: Դա կյանքի փուլ է, որ պետք է գնահատես ու արժեւորես:
Ես շնորհակալ եմ թե Մարիին, եւ թե այն բոլոր մարդկանց, ովքեր եղել են կամ կլինեն իմ կյանքում, որովհետեւ նրանք նպաստել են իմ այժմյան մտածելակերպին, արժեքներին: Ուզում եմ, որ Մարին էլ գտնի իր երկրորդ կեսին ու երջանիկ լինի:
"Եթե լավ նկարիչ լինեի, հաստատ կկարողանայի նկարել իր առաջին հայացքը". Արտավազդ Ամիրյան
Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ
Այս տոնը շատ եմ կարեւորում եւ իմ ամենասիրելիներից է: Արդեն 8-րդ տարին է, որ հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի կողմից կազմակերպվող տոնական միջոցառման հանդիսավարն եմ: Ուզում եմ, որ երիտասարդները ավելի շատ կարեւորեն հենց հայկական տոներն ու սրբերին:
Անիի համար նվերն արդեն պատրաստ է: Ընդհանրապես նվերի ընտրությունն ինձ համար միշտ բարդ է լինում: Նվիրելու պրոցեսը շատ եմ սիրում, բայց ընտրելուց մշտապես խորհրդի կարիք եմ զգում: Նաեւ եթե ես մի բան հավանում եմ, հաստատ գիտեմ` ինքն էլ կհվանի: Այս տարի գտել եմ մեկին, որը հետաքրքիր, օրիգինալ ձեռքի աշխատանքներ է պատրաստում: Դրանցից մեկն էլ ձեռք բերեցի սիրելիիս համար:
"Այժմ փոխվել եմ, ավելի կշռադատված դարձել".Արտավազդ Ամիրյան
Բոլոր երիտասարդներին շնորհավորում եմ տոնի կապակցությամբ: Սիրեք եւ սիրված եղեք, աշխարհը կարող է միայն սիրո շնորհիվ փոխվել: Շատ պատերազմներ են սիրո պատճառով եղել, ցանկանում եմ, որ միայն մարդկանց սրտերը բոցավառվեն:):
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները Արտավազդ Ամիրյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: