×


Արփին oրորոցայինների ձայնասկավառակ է թողարկել

«Մայր Հայաստան» թանգարանի հանդիսությունների դահլիճում երեկ երգչուհի Արփի Շահնուբարյանի «Օրորերգ» ձայնասկավառակի շնորհանդեսն էր: Այն ամփոփում է 15 հայկական օրորոցայիններ։

Արփիի «Օրորերգ» ձայնասկավառակի շնորհանդեսին


«Ձայնասկավառակի միտքը շատ-շատ վաղուց ունեի, սակայն երկու տարի առաջ առաջարկ ստացա Բոստոնում գործող «Amaras Art Alliance» ընկերության ներկայացուցիչներ Փեգի Հովհաննիսյանի եւ Արաքս Բադալյանի կողմից։ Նրանք եւս ցանկանում էին սկսել նման նախագիծ եւ հենց իմ ձայնով։ Մեր ցանկությունները համատեղվեցին եւ որոշեցինք թողարկել ձայնասկավառակ»,-պատմել է երգչուհին։

Առաջարկը ստանալուց հետո սկսվել է երգերի ընտրության փուլը։ Արփիի համար շատ կարեւոր էր հասկանալ՝ որ երգերն է պետք ընտրել, որոնք ավելի գեղեցիկ կհնչեն իր ձայնով։

Արփիի «Օրորերգ» ձայնասկավառակի շնորհանդեսին


Աշխատանքի ընթացքում երգչուհին իր համար բացահայտեց հայկական օրորոցայինների հարստությունը։ Նրա համար հատկապես առանձնանում են «Ծիտիկի օրորը»՝ Հովհաննես Թումանյանի խոսքերով, եւ Կոմիտասի «Ակնա օրորը», որ Արփիի համար ասես շարական լինի։

Ձայնասկավառակը նախատեսված է հիմնականում մայրիկների համար, սակայն երգչուհու խոսքով՝ այն ընդհանուր հանգստացնող բնույթ ունի։

«Երբ հոգնած եմ լինում, ականջներս հոգնում են տվյալ օրվա երաժշտությունից, գալիս եմ տուն ու քնելուց առաջ «Օրորերգն» եմ միացնում։ Երկու երգ չանցած արդեն քնում եմ, քանի որ այս երգերը խաղաղություն են տալիս»,-BRAVO.am-ին է պատմել է երգչուհին։

Արփիի «Օրորերգ» ձայնասկավառակի շնորհանդեսին


Ձայնասկավառակը ներառում է երկու զուգերգ Գարեգին Առաքելյանի եւ Վիգեն Հովսեփյանի հետ, Արփի Շահնուբարյանի հեղինակած «Շը՜շշշ - Նա՛ն» ստեղծագործությունը, «Մախմուր աղջիկը» դաշնամուրային տարբերակով եւ սիրված այլ օրորոցայիններ, որոնցից են «Արի, իմ սոխակը», «Արօրն ու տատրակը», «Քեսաբի օրորը» եւ այլն։

Արփի Շահնուբարյանը չի բացառում, որ կլինի նաեւ «Օրորերգ»-ի երկրորդ ձայնասկավառակը։

Տեքստը եւ լուսանկարները` Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW