Հայաստանում ամենամեծ առեւտրաժամանցային կենտրոնը՝ «Մեգամոլ Արմենիա»-ն, արդեն պատրաստ է ընդունել իր բոլոր հաճախորդներին: Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Գայի պողոտա 16 հասցեում տեղակայված մոլի պաշտոնական բացումը, որն ուղեկցվեց շքեղ տոնական միջոցառմամբ: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել կենտրոնի շնորհանդեսին, շրջել է մոլի ողջ տարածքում, ծանոթացել բոլոր հնարավորություններին ու առավելություններին, ինչպես նաեւ լուսանկարել է միջոցառման ընթացքն ու հյուրերին:
«Մեգամոլ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը լրագրողների հետ շրջայցի ընթացքում պատմեց, որ ավելի քան 98.000 քմ տարածք զբաղեցնող մոլն ունի վեց հարկ, որոնցից երեքը ստորգետնյա են: Մոլում ներկայացված են տեղական եւ միջազգային շուրջ հարյուր բրենդեր, որոնցից շատերն առաջին անգամ են գործելու Հայաստանում: Բացի խանութ-սրահներից, մոլում գործելու է տարածաշրջանի ամենամեծ խաղահրապարակը, կինոթատրոն, ռեստորան-սրճարաններ, ֆուդկորտ: Մոլն ունի եռահարկ մեծ ավտոկայանատեղի, ինչպես նաեւ մոլում գործող անվճար տաքսի ծառայություն, որը հաճախորդին խանութներից կտեղափոխի մուտքի մոտ:
Հատկանշական է, որ մոլի կառուցման հիմքում ընկած է հայկականության գաղափարը: Ըստ այդմ էլ` «Մեգամոլ Արմենիա»-ում ներկայացված է Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը (1973թ.), որը վերականգնվել է իտալացի մասնագետների կողմից՝ Ֆաբրիցիո Իակոբինիի գլխավորությամբ: Որմնանկարը համարվում է պատմամշակութային հուշարձան եւ Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Նկարի տեղադրման հատվածում ստեղծված փոքրիկ մշակութային անկյունը նպատակ ունի ներգրավել նաեւ արտասահմանցի հյուրերի եւ նպաստել տուրիզմի զարգացմանը Հայաստանում:
Magic Land. տարածաշրջանի ամենամեծ փակ խաղահրապարակը
Շրջայցի ընթացքում պարզ դարձավ, որ տարածաշրջանի ամենամեծ փակ խաղահրապարակը հենց «Մեգամոլ Արմենիա»-ում է՝ շուրջ 9000 քմ տարածքով: Այստեղ ընդգրկված են այնպիսի խաղեր, որոնք նույն ձեւաչափով որեւէ այլ տեղում հնարավոր չէ գտնել: Խաղահրապարակում կա Formula 1 կարտինգ, որի մրցուղու երկարությունը շուրջ 1.2 կմ է: Այստեղ հնարավոր կլինի մեքենա վարել մինչեւ 65 կմ/ժամ արագությամբ:
Խաղահրապարակում կա մագլցման պատ, ինչպես նաեւ 3 հարկանի պարանների քաղաք: Իսկ ահա 9 հարկանի լաբիրինթն իր չափերով այնքան մեծ է, որ ներսում նույնիսկ սանհանգույցներ կան երեխաների համար: Օլիմպիական տրամպոլին բատուտը կծառայի ինչպես երեխաների, այնպես էլ ակտիվ սպորտի սիրահար մեծահասակների համար:
Ամենամեծ ավտոկայանատեղին, «Սինեմա Սթար» կինոթատրոնը եւ ֆուդկորտը
Մոլի ստորգետնյա երեք հարկերում գործում է շուրջ 1800 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի: Այստեղ ներդրված է smart համակարգ, որն այցելուներին հնարավորություն կտա լուսացույցի կարմիր եւ կանաչ գույների օգնությամբ հեշտությամբ կողմնորոշվել տարածքում: Կայանատեղիի բոլոր կողմերում կան վերելակներ, իսկ ահա մեջտեղի հատվածում՝ նաեւ շարժասանդուղք:
«Մեգամոլ Արմենիա»-ում գործում է նաեւ «Սինեմա Սթար» կինոթատրոն՝ ընդհանուր չորս դահլիճներով, որոնցից երեքն ունեն 175 նստատեղ, իսկ 4-րդը vip սրահն է: Բոլոր դահլիճներն ունեն տեխնիկական նորագույն հագեցվածություն, միջազգային ստանդարտներին համապատասխան հարմարավետ աթոռներ:
Ինչ վերաբերում է ֆուդկորտին, ապա այն նախատեսված է շուրջ 750 մարդու համար: Ֆուդկորտը հագեցած է յուրաքանչյուր տիպի սննդատեսակով՝ ներկայացնելով ամբողջ աշխարհի համերը: Այստեղ հնարավոր է գտնել ինչպես արագ սննդի կետեր, այնպես էլ առողջ սնունդ:
Ամենամեծ Երեւան Սիթին
Մոլում գործում է Հայաստանի ամենամեծ «Երեւան Սիթի» սուպերմարկետը, որն ունի ավելի քան 8000 քմ տարածք: Այստեղ ձեզ համար տեղում կբովվի սուրճ, կպատրաստվեն կոնֆետներ, գարեջուր, պանրի մի քանի տեսակ, կաթնաշոռ: Գնորդների աչքի առջեւ կթխվի նաեւ առանց գլյուտենի հաց, կգործի թոնրատուն:
Շատրվան՝ գրանցված Գինեսի ռեկորդների գրքում
Առեւտրի կենտրոնի մուտքի մոտ այցելուներին ողջունում է թվային եւ լուսային լուծումներով հագեցած գեղեցիկ շատրվանը, որն ընդգրկված է գինեսի ռեկորդների գրքում: Այն ջրի եւ ներդրված համակարգի միջոցով կարողանում է արտապատկերել նկարներ, բառեր, նախշեր: Շատրվանը կծառայի բոլոր հաճախորդների համար. յուրաքանչյուրը կկարողանա դրա վրա գրել իր ցանկությունը, բարեմաղթանքը կամ շնորհավորանքը:
Կամուրջներ՝ հատուկ անվանումներով
Քանի որ մոլի ստեղծման կոնցեպտի հիմքում ընկած է հաճախորդների հարմարավետությունը, տարածքում կան կամուրջներ, որոնք ունեն իրենց անվանումները՝ Սփյուռքի, Ծաղիկների, Սիրահարների, Երազանքների եւ Երաժշտության, որտեղ, ի դեպ, մշտապես կհնչեն հայ երգիչների եւ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այստեղ վաճառվելու են համերգի, օպերայի եւ բալետի, թատերական ներկայացումների տոմսեր: Կամուրջներն առաջին հերթին կօգնեն այցելուներին հեշտ կողմնորոշվել մեգատարածքում. չէ՞ որ եղած խանութ-սրահներին եւ ժամանցի կենտրոններին շուտով ավելանալու են նորերը:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: