Բեն Ավետիսյանին հեռուստադիտողները ճանաչեցին «Սիրո գերին» սերիալից, իսկ այսօր արդեն երիտասարդ դերասանը գլխավոր կերպար է մարմնավորում «Երանի» սերիալում: BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում նա պատմել է, թե ում հորդորով է ընտրել դերասանի մասնագիտությունը, երբ է պատրաստվում ընտանիք կազմել եւ ոչ միայն:):
Բեն Ավետիսյանը
«Հասկացա, որ սխալ տեղում եմ»
Մանկությանս տասը տարիներն անցել են Եկատերինբուրգում: Հետո վերադարձանք Հայաստան, ավարտեցի դպրոցն ու ընդունվեցի Գյուղինստիտուտի «Առեւտուր, շուկայաբանություն եւ տնտեսագիտություն» բաժինը: 3-4 ամիս սովորելուց հետո հասկացա, որ սխալ տեղում եմ. թողեցի ուսումս ու մեկնեցի Սոչի: Բայց ստիպված էի վերադառնալ` հայրենիքիս առջեւ պարտքս կատարելու համար: Ծառայում էի Գորիսում: Ինչպես մանկությանս տարիներին, այնպես էլ ծառայությանս ընթացքում դերասան դառնալու ցանկություն բնավ չունեի:
«Գաղափար չունենալով` ինչ է ինձ սպասվում»
Մայրս միշտ երազում էր, որ իր որդին դերասան դառնա: Ծառայությունիցս հետո Թատերական ինստիտուտ ընդունվելու նրա հորդորներն ավելի շատացան: Փաստաթղթերս հանձնեցի՝ ընդհանրապես գաղափար չունենալով, թե ինչ է ինձ սպասվում:
Բեն Ավետիսյանը
Առաջին քննությանը գնացի ու հենց տեղում իմացա, որ էտյուդ պետք է ներկայացնեմ: Ես անգամ չգիտեի՝ ինչ է էտյուդը, եւ դիմորդները բացատրեցին, թե ինչ պետք է անեմ: Մի խոսքով` «իմպրովիզով» մտա քննության: Քննական հանձնաժողովում էին Ռաֆայել Քոթանջյանը, Ռուբեն Բաբայանը, Արմեն Մազմանյանն ու այլք: Առաջինն անցա, երկրորդն էլ, իսկ երրորդ քննությանը ոչինչ ինձ չէր կարող օգնել. պետք է նախապես պատրաստված լինեի: Մտա քննության ու ասացի, որ չեմ պարապել ու անհույս գնացի տուն: Բայց քննությունների ավարտից հետո պարզվեց, որ ընդունվել եմ: Այդպես էլ եղավ իմ մուտքը թատերական աշխարհ:
«Կյանքս լիովին փոխվեց»
Թատերական ինստիտուտն իմ կյանքում փոխեց ամեն ինչ` բնավորություն, մենթալիտետ, աշխարհայացք: Ծանոթացա թատերական աշխարհին, սկսեցի սիրել դերասանի աշխատանքը: Կյանքս լիովին փոխվեց: Ու այդ փոփոխությունը շարունակվում է մինչ օրս:
Ուսանողական տարիներին ընդգրկվեցի տարբեր ներկայացումներում: Իսկ «Շանթ»-ի «Սիրո գերին» սերիալն իմ ճանաչման սկիզբն էր: Կերպարս շատ սիրվեց: Վերջերս նկարահանվեցի «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմում, իսկ այսօր ուրախությամբ կարող եմ ասել, որ նկարահանվում եմ «Երանի» սերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսի՝ Արամի կերպարը:
Փորձում եմ հնարավորինս շատ շփվել երկրպագուներիս հետ: Պատասխանում եմ գրեթե բոլոր նամակներին: Ի վերջո, երբ մարդն ինչ-որ չափով ճանաչված է, պետք է անհասանելի չլինի:
«Երանի» սերիալի նկարահանումներին
«Չեմ ամուսնանա, մինչեւ…»
Խոստովանում եմ՝ շատ եմ սիրահարվում ու շուտ: Թեեւ այս պահին սիրտս ազատ է: Ընտանիք կազմելու համար, կարծում եմ, դեռ վաղ է մտածել. պետք է կայանամ: Մինչեւ չունենամ համապատասխան միջոցներ ընտանիքիս հոգսը հոգալու համար, չեմ ամուսնանա: Չի նշանակում, որ պարտադիր է մեծ տուն, մեքենաներ ու այլ շքեղություններ ունենալ, ամենեւին, բայց կկազմեմ ընտանիք այն ժամանակ, երբ կունենամ կայուն աշխատանք՝ կայուն աշխատավարձով:
«Այդ գումարը տուն բերեցի»
Դեռ տարիներ առաջ երեւանյան ակումբներից մեկում դիջեյություն էի անում. առաջին գումարս հենց այդպես եմ վաստակել: Ի դեպ, այդ գումարը տուն բերեցի: Հայաստանում, կարծում եմ, չկա այնպիսի մասնագիտություն, որ շահութաբեր լինի: Չեմ դժգոհում վաստակածս գումարից, բայց, իհարկե, ավելիին եմ ձգտում: Կոմերցիոն միջոցառումների չեմ մասնակցում: Էկրաններին երեւացող ամեն մարդ չէ, որ կարող է թամադայություն անել: Ամեն գործ սկսելուց առաջ պետք է համապատասխան հմտություններ ձեռք բերել:
Հեշտ չէ լինել ճանաչված ու սիրված: Շոուբիզնեսյան աշխարհը շատ «կեղտոտ» է: Հատկապես, երբ ոչ պրոֆեսիոնալներն են փորձում թելադրել: Ամեն ինչ ավելի հեշտ կլինի, երբ ամեն մարդ իր գործով զբաղվի:
Տեքստը` Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Բեն Ավետիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: