×


Բորիս Բերեզովսկի.«Խաչատրյանի երաժշտությունը կատարել եմ Լոնդոնի ու Մադրիդի նվագախմբերի հետ»

Դասական ակադեմիական երաժշտության սիրահարներին դեկտեմբերի 12-ին եւ 13-ին սպասվում էր հանդիպում վիրտուոզ դաշնակահար Բորիս Բերեզովսկու հետ։ «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահում անվանի երաժիշտը հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Առաջին օրը ներկաներն ունկնդրել են Չայկովսկու թիվ 2 դաշնամուրային կոնցերտը եւ Սիբելիուսի թիվ 2 սիմֆոնիան, իսկ երեկ հնչել են Բարտոկի Սոնատը, Շոպենի 4 էքսպրոմտները, Գրիգի 8 լիրիկական պիեսները եւ Ստրավինսկու Պետրուշկան:

Բորիս Բերեզովսկու երեւանյան մենահամերգին


47-ամյա ռուս երաժիշտը վերջին անգամ Հայաստանում հանդես է եկել 2010 թվականի սեպտեմբերին՝ Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում, որը լուսաբանել է BRAVO.am-ը։ 3-րդ անգամ համերգային այցով Երեւանում գտնվող դաշնակահարը կրկին այստեղ է «Երեւանյան հեռանկարներ»-ի հրավերով։  

Բորիս Բերեզովսկու երեւանյան մենահամերգին


Երաժշտության հանդեպ իր յուրահատուկ վերաբերմունքով առանձնացող երաժիշտը նվագում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները եւ ակնածանքով է խոսել հայ կոմպոզիտորի մասին.«Խաչատրյանն ինձ համար լավագույններից մեկն է, ինձ էլ համարում եմ նրա գործերի ամենալավ կատարողը։ Նրա երաժշտության հիմքում ազգայինն է, իսկ առանց ազգայինն իմանալու դժվար է լավ նվագել։ Ֆոլկլորը երաժշտության ամենաիրական մաքուր հիմքն է, մարդիկ դա ստեղծել են ոչ թե փողի համար, այլ անհրաժեշտ են համարել։ Ինձ համար հաճելի է կատարել Խաչատրյանի մաքուր երաժշտությունը, ներառել եմ իմ համերգացանկում, կատարել եմ նաեւ Լոնդոնի ու Մադրիդի նվագախմբերի հետ»։

Բորիս Բերեզովսկու երեւանյան մենահամերգին


Մոսկվայում ծնված ու կրթություն ստացած Բերեզովսկին 1990 թվականինն հաղթել է Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթում ու ստացել ոսկե մեդալ։ Նա երկար տարիներ բնակվել է Անգլիայում, այնուհետեւ Բելգիայում, ներկայումս ապրում է Ռուսաստանում: Որպես մենակատար ելույթներ է ունեցել աշխարհի ամենաճանաչված համերգասրահներում` առաջատար նվագախմբերի ընկերակցությամբ: 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW