×


Գեւորգ Գրիգորյան.“Ես գիտեի, որ կհասնեմ Նաստյային”

Նաստասյա Գոլովկոն դեռ նախորդ աշնանը BRAVO.am-ին պատմել էր, որ սիրտը զբաղված է, իսկ այսօր արդեն ապագա ամուսնու` Գեւորգ Գրիգորյանի հետ մեզ պատմել են իրենց սիրո պատմությունը:): “Շանթ”-ի “Կոտրված սրտեր” սերիալի դերասանները նախատեսում են այս տարի օրինականացնել հարաբերությունները:

Նաստասյա Գոլովկոն եւ Գեւորգ Գրիգորյանը


Նաստասյա. Առաջին անգամ, երբ տեսա Գեւորգին, շատ զարմացա:  Ձմեռ էր, ձյուն էր գալիս, իսկ նա արձակած կոճակներով վերնաշապիկով էր, երկար մազերով, զանազան շղթաներով... Նա նման էր արջի:): 

Չգիտեի, որ դերասան է եւ իմ ապագա խաղընկերը: Նկարահանումների ընթացքում եմ բացահայտել նրան, հասկացել, որ շատ լավ մարդ է, հետո էլ սիրահարվել եմ:

Սիրտս գրավել է իր մտածելակերպի, կամքի ուժի եւ բնավորության շնորհիվ: Ամբողջ սրտով սիրում եմ Գեւորգին եւ հանուն նրա պատրաստ եմ ամեն ինչի:

Գտել եմ այն մարդուն, ում կնվիրեմ կյանքս, որի հետ ցանկանում եմ ապրել եւ ծերանալ:

Նաստասյա Գոլովկոն


Գեւորգ. Առաջին անգամ հանդիպել ենք “Շանթ”-ի բուֆետում: Դեռ չգիտեինք, որ խաղընկերներ ենք լինելու, նա կանգնած էր իր մայրիկի հետ: Ավելի ուշ արդեն տաղավարում առաջին փորձն էինք անում:): 

Սեր առաջին հայացքից չի եղել ո՛չ իմ, ոչ էլ Նաստյայի դեպքում. կար փոխադարձ հետաքրքրություն, որ ժամանակ առ ժամանակ վերածվում էր փոխադարձ լարվածության: Հակասական եւ տարօրինակ են սկսվել մեր հարաբերությունները. եղել են պահեր, երբ առանց որեւէ պատճառի միմյանց ուղղակի տանել չենք կարողացել, ինձ թվում է` արդեն սիրահարված էինք: 

Ամբողջ օրը միասին էինք` նկարահանման հրապարակում, ընդմիջմանը: Ես գիտեի, որ կհասնեմ նրան, եւ, կոպիտ ասած, գլխով կոտրել եմ մեր միջեւ եղած պատը: Մեր ընկերությունը սերիալի նկարահանման ժամանակահատվածում սահմանափակվել է տաղավարում, հետո արդեն հեռախոսազանգերն էին, երբեմն էլ համալսարանից տուն եմ ճանապարհել:

Գեւորգ Գրիգորյանը


Նախկին ընկերուհուցս բաժանվելու պատճառը Նաստյան չի եղել, վերջինիս դրական պատասխանին էլ միանգամից չեմ արժանացել:  Նրա հետ հանդիպելու համար պետք է ծնողներից համաձայնություն ստանայի: Վերջերս այդ “արգելքը” հաղթահարեցի:): Անկեղծ ասած, երկուսս էլ շատ էինք անհանգստանում, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց:

Նաստյան իր տարիքի համեմատ հրաշալի տանտիրուհի է: Եթե իմանայիք, թե ինչպիսի տանտիրուհի է, ուղղակի կապշեք: Ամեն ինչ կարողանում է`վերմակ կարելուց մինչեւ տոլմա եփել, ասում է` “Պետք է, չէ՞,  կարողանամ ամուսնուս եւ երեխաներիս համար պատրաստել: Այս ամենն ինձ շատ է զարմացրել:

Սիրելիս շատ խելացի է, կշռադատող, հոգատար եւ այս ամենի հետ մեկտեղ` պարզապես գեղեցկուհի: Վերջինին, սակայն, Նաստյան այնքան էլ չի հավատում(ծիծաղում է-հեղ.): Ես պարզապես սիրում եմ նրան:

Գեւորգ Գրիգորյանը եւ Նաստասյա Գոլովկոն


Միասին շատ գժություններ ենք արել: Ամռանն ազատ ժամանակ ունենալու դեպքում մի քանի ժամով հանդիպում էինք Ստեփան Շահումյանի հուշարձանի մոտ, խաղում շատրվանների ջրից ուրախացող երեխաների հետ, ինքներս էլ մտնում էինք ջուրը... Հետո այդպես թաց-թաց նստում էինք մեքենան ու գնում նկարահանման հրապարակ: 

Ուրախանալու համար մեզ հատուկ առիթ պետք չէ. երջանիկ ենք, երբ միասին ենք: Կարծում եմ` մեր հարաբերություններն այս տարի կօրինականացնենք, իհարկե, Նաստյայի ծնողների համաձայնությունը ստանալուց հետո:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Նաստասյա Գոլովկոյի եւ Գեւորգ Գրիգորյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW