Հայաստանից Միացյալ Նահանգներ ժամանած երիտասարդ գյուղացի Մկոն օրերս իսկական սեր էր փնտրում ամերիկյան “մեղքերի քաղաք” Լաս Վեգասում... Զվարճալի է, այնպես չէ՞:): Այս դեպքը, սակայն, տեղի է ունեցել ոչ թե իրականում, այլ “Հարսնացուն Վեգասից” հայ-ամերիկյան արտադրության նոր ռոմանտիկ կատակերգության նկարահանումների ընթացքում:
“Traveling Man Pictures”-ի արտադրության գեղարվեստական ֆիլմի ռեժիսորը լոսանջելեսաբնակ Արթուր Բաբայանն է, սցենարիստը` վերջինիս կինը` Արմինե Ավետիքյանը, գլխավոր դերերն էլ մարմնավորում են Միքայել Շարաֆյանն ու Շարլին Ռոզը: Նկարահանվել են նաեւ դերասաններ Լեւոն Շարաֆյանը, Ալլա Թումանյանը եւ այլք: BRAVO.am-ը ֆիլմի հերոսներին եւ ստեղծագործական խմբին հանդիպել է հենց Լաս Վեգասում եւ ուշագրավ մանրամասներ բացահայտել:):
“Հարսնացուն Վեգասից” ֆիլմի ռեժիսոր Արթուր Բաբայանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ ռոմանտիկ կատակերգության սյուժեն ծնվել է Լոս Անջելեսից Լաս Վեգաս գնալիս.“Այդ անգամ ճանապարհին ինձ եւ կնոջս զարմիկս էր ընկերակցում` Հակոբը, որը մինչ այդ երբեւէ չէր եղել այստեղ: Հենց նրա` քաղաքից ստացած առաջին տպավորություններն էլ մեզ ոգեշնչեցին ֆիլմի սցենար գրել”:
Սցենարիստ Արմինե Ավետիքյանը նշել է, որ ֆիլմի հիմքում երիտասարդ գյուղացի Մկոյի պատմությունն է, որը Լաս Վեգաս է մեկնում` թռուցիկի վրա պատկերված կնոջը հանդիպելու նպատակով, բայց արդյունքում իրական սեր է գտնում.“Հիմնական առանձնահատկությունն այն է, որ հերոսների ճնշող մեծամասնությունը դրական են, չկա չարի եւ բարու համադրություն, փոխարենը կա հայկական եւ ամերիկյան հումորների համադրություն, ինչն էլ հենց հետաքրքացնում ու ավելի զվարճալի է դարձնում ֆիլմը”:
Ռեժիսորի փոխանցմամբ` ֆիլմի բոլոր նկարահանումները շարունակվում են իրականացվել ինչպես Լաս Վեգասում, այնպես էլ Լոս Անջելեսում.“Բյուջեի հետ կապված խնդիրների պատճառով չէինք կարող ամբողջ խմբով Հայաստան այցելել` գյուղական տեսարանները նկարահանելու, բայց Միացյալ Նահանգների բնակչության մեծ մասը հենց գյուղերում էլ ապրում է, եւ համապատասխան վայր գտնելն այստեղ բարդ բան չէ:)”:
Արթուր Բաբայանը նշել է, որ երկար որոնումների արդյունքում է գտել ֆիլմի գլխավոր հերոսներին` Մկոյի կերպարը մարմնավորող դիզայներ Միքայել Շարաֆյանին եւ հարսնացուի դերում հանդես եկող ամերիկացի դերասանուհի Շարլին Ռոզին.“Փնտրտուքների ընթացքում հասկացա, որ հենց Միքայելը պետք է խաղա Մկոյի դերը: Այն պատճառով, որ նա մասնագիտությամբ դերասան չէ, հավելյալ դժվարություններ չեն լինում: Դժվարը նրան համոզելն էր, որ այս ասպարեզում ուժերը փորձի. այդ “գործընթացը” մոտ երեք ամիս պահանջեց :)”:
Միքայել Շարաֆյանն իր հերթին նշել է` թեեւ հայրը դերասան Լեւոն Շարաֆյանն է, ինքն էլ բազմիցս աշխատել է ֆիլմերի ստեղծագործական խմբերում որպես զգեստների ձեւավորող, երբեք չի մտածել որպես դերասան հանդես գալու մասին.“Բավական երկար ժամանակ մերժում էի Արթուրի առաջարկը, բայց նպատակասլացության շնորհիվ նա կարողացավ ինձ համոզել: Ճիշտ է` ջանք ու եռանդ չեմ խնայում լավ խաղալու համար, բայց մինչ օրս չեմ տեսել, թե ինչպես է ստացվում. չեմ ուզում դիտել, որ հանկարծ չհուսախաբվեմ”:
Ի դեպ, Միքայելը, համաձայնելով մարմնավորել գլխավոր հերոսին, մերժել է ֆիլմի զգեստների ձեւավորողը լինելու առաջարկը.“Ոչ պրոֆեսիոնալ քայլ կլիներ, այդ պատճառով էլ պարզապես որպես խորհրդատու եմ հանդես գալիս”:
Վեգասից հարսնացուի կերպարը մարմնավորող Շարլին Ռոզն էլ, խոսելով ֆիլմի ընթացիկ աշխատանքների մասին, ասել է, որ իրեն ամենից շատ դուր է գալիս այն, որ թիմը մեծ ընտանիքի պես է աշխատում.“Իսկ ես ու իմ մարմնավորած կերպարն էլ ասես նույնացել ենք, քանի որ երկուսս էլ օրեցօր ավելի մոտիկից ենք ծանոթանում հայկական վարքուբարքին ու մշակույթին:)”:
Ռոմանտիկ կատակերգության պրոդյուսեր Էդմոնդ Գրիգորյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ֆիլմի պրեմիերան նախատեսում են իրականացնել 2014 թվականի փետրվարին.“Այն նախ Միացյալ Նահանգներում կցուցադրենք, այնուհետեւ` Հայաստանում”:
Տեքստը՝ Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ “Հարսնացուն Վեգասից” ֆիլմի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: