Գյումրիի Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի աշակերտներն այլեւս ստիպված չեն ցուրտ դասասենյակներում կրթություն ստանալ. “Թեքեյան կենտրոն” հիմնադրամը Մեծ Բրիտանիայի դեսպանության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի բազմաթիվ բարերարների օժանդակությամբ իրականացրել է դպրոցի “Ջեռուցման համակարգ եւ գազիֆիկացում” ծրագիրը:
Դեսպան Ջոնաթան Էյվսը, Անդրե Սիմոնյանը եւ դեսպան Քեթի Լիչը
Այս առիթով սեպտեմբերի 13-ին տոնական միջոցառում էր կազմակերպվել, որին մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպաններ Ջոնաթան Էյվսն ու Քեթի Լիչը, “Թեքեյան կենտրոն” հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ այլ պաշտոնյաներ:
Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաեւ “The Beautified Project” խմբի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը, ով շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների հետ հունիսին բարեգործական համերգ էր կազմակերպել, որից գոյացած ողջ հասույթը փոխանցվել է դպրոցին: “Հուզիչ է տեսնել աշակերտների եւ ուսուցիչների ուրախ եւ շնորհակալ հայացքները”,-նշել է նա:
Գյումրիի Բայրոնի անվան դպրոցի սաները
Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչի խոսքով` ծրագիրն իրականացնելու համար նախատեսված 25 հազար ֆունտ ստերլինգից (շուրջ 16 մլն դրամ) մի փոքր ավելի գումար է հավաքագրվել, որը եւս կտրամադրվի դպրոցին.“Հսկայական աշխատանք է իրականացվել: Շնորհակալ ենք բոլորին, ովքեր նույնիսկ երկու կամ երեք հազար դրամով աջակցել են մեզ”: Ջոնաթան Էյվսը եւս կարեւորել է ջեռուցման համակարգի ներդրումն ու հայերենով ողջունել ներկաներին:
Դպրոցականները հյուրերին պատմել են դպրոցի պատմությունը, պարել եւ երգել են, ինչպես նաեւ դեսպաններին ու բարերարներին շնորհակալություն հայտնել իրենց կրթօջախը “փրկելու” համար:
Չորրորդ դասարանցի Անին նշել է` թեեւ ձմռան ցրտին երբեք չի բացակայել դասերից, ուրախ է, որ ջեռուցման խնդիրը լուծված է.“Հիմա ուզում եմ լուսանկարվել ընկերուհիներիս, նաեւ Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ: Ուզում եմ միշտ հիշել այս օրը:)”:
Տոնական միջոցառում Գյումրիի Բայրոնի անվան դպրոցում
Անգլերենի ուսուցչուհիներից Օհաննա Ավետիսյանն էլ, որը նաեւ դպրոցի շրջանավարտ է, մեզ հետ զրույցում ասել է, որ հպարտ է բոլորի հետ նշել դպրոցի հաղթանակը.“Մեր աշակերտներից շատերը հաճախ նախապատվություն էին տալիս ցուրտ դասարաններում նստել, որ որակյալ կրթություն ստանան: Նրանք էլ էին փորձում օգնել դպրոցին: Մենք իսկապես հավատում էինք, որ ծրագիրն իրականություն է դառնալու”:
Լորդ Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը կառուցվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո` Մեծ Բրիտանիայի կառավարության եւ ժողովրդի աջակցությամբ: Դպրոցի բացման արարողությունը նշանավորվել է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի ներկայությամբ:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: