×


Գնել Ուլիխանյան.«Ես առաջին հերթին ինքնասիրություն ունեցող տղա եմ»

Գնել Ուլիխանյանին հանդիպեցինք Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղից ընդհարման պատճառով հեռացել էր կես տարի առաջ: Դերասանին լուսանկարել ենք հարազատ թատրոնում, մի պահ մեզ միացել է նաեւ նրա ընկերուհին:): BRAVO.am-ի հետ զրույցում Գնելը բազմաթիվ փակագծեր է բացել:

Գնել Ուլիխանյանը


«Կոնֆլիկտի պատճառով դուրս էի եկել թատրոնից»


Վերջին վեց ամիսը թատրոնում չեմ եղել: Տաքարյուն ու հավակնոտ եմ, խնդիր ունեցա գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանի հետ, դուրս եկա թատրոնից` պայմանով, որ պետք է վերադառնամ, երբ կրքերը հանդարտվեն: Ուրախ եմ, որ տնօրինությունն ինձ տվեց այդ հնարավորությունը, եւ կրկին իմ սիրելի թատրոնում եմ: Կան արժեքներ, որ ամեն ինչից վեր են. դերասան լինելով ու թատրոնում աշխատելով` ես առաջին հերթին կյանքի ու քաղաքի տղա եմ, ինքնասիրություն ունեցող տղա: Ինձ այդ շրջանում առաջարկներ եղան այլ թատրոններից, բայց չուզեցի, որովհետեւ սա է իմ տունը, եւ ես գիտեի, որ ունեմ վերադառնալու հնարավորություն: Գուցե եթե մեծ տարիքում ընդունվեի, հեշտ կլիներ թողնելը, բայց երբ առաջին քայլերդ այստեղ ես արել ու սովորել այբուբենը, դժվար է: Կարծում եմ` այս թատրոնի պատերն արդեն սովորեցնող են, որովհետեւ գիտենք, թե ինչ մեծեր են այստեղ եղել:


«Դարչոն կլինի իմ առաջին բացասական կերպարը»


Կարճատեւ դադարից հետո բուռն աշխատանքի մեջ եմ: Այդ շրջանում հանգստանում էի ու դասավորում անձնական կյանքս, իսկ այժմ համատեղում եմ: Թատրոնում բազմազբաղ եմ. խաղում եմ միանգամից երկու նոր ներկայացման մեջ: Այս փուլում թատրոնը վերանորոգման մեջ է, եւ 2016-ին նոր շնչով կսկսենք թատերաշրջանը: Միանգամից չորս պրեմիերա կունենանք`շատ սիրելի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի գլխավորությամբ:

Գնել Ուլիխանյանը


Այժմ բեմադրվում է «Պեպո»-ն, որն այս թատրոնում բեմադրված առաջին ներկայացումն է: Խորհրդանշական, լայնածավալ ներկայացում կլինի: Մարմնավորում եմ Դարչոյին: Այն իմ թատերական առաջին բացասական կերպարը կլինի` Արմեն Էլբակյանի լուծումներով: Ինչպես այսօրվա օլիգարխներն են պահում իրենց ջահելին, այնպես էլ ես եմ լինելու Զիմզիմովի ջահելը: Խաղում եմ նաեւ նոր բեմադրվող «Պոլոզ Մուկուչ» ներկայացման մեջ: Հերոսների կերպարներ մարմնավորելուց սահուն անցում եմ կատարել «խարակտերային» դերերի:

«Ֆինանսական առումով ինձ օգնում է փոքրիկ բիզնեսս»


Սերիալներում մոտ երկու տարի չերեւացի, քանի որ այս ընթացքում եղած առաջարկների ժամանակ աշխատավարձի առումով համաձայնության չեկանք, իսկ մի շրջան էլ հրավեր չունեցա: Ֆինանսական առումով ինձ օգնում է փոքրիկ բիզնեսս եւ ընտանիքիս ապահովված լինելը:

«Բանակում չեմ ծառայել, բայց կրկին մարմնավորում եմ զինվորականի»

Բանակում չեմ ծառայել, բայց առիթ եմ ունեցել մի քանի ֆիլմում մարմնավորել զինվորականի, եւ այժմ էլ կապիտանի դերում եմ «Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում: Կուզեի ծառայել, բայց առողջական փոքր խնդրի պատճառով չեմ զորակոչվել բանակ: Մտածում եմ` ֆիլմերի միջոցով եմ իմ պարտքը տալիս հայրենիքին: Բավական հետաքրքրիր է ինձ համար զինվորականի աշխատանքը: Ասում են` ինչ շատ ես ուզում, կատարվում է. միշտ ցանկացել եմ որեւէ կապ ունենալ զինվորական կյանքի հետ: Օրինակ` «Ես եմ» ֆիլմի նկարահանումներին, երբ հենց զորամասում էինք մնում, զինվորի առօրյայով էի ապրում, արթնանում ու սնվում նրանց հետ: Նկարահանվել եմ նաեւ Շանթի մեկ այլ` «Որոգայթ»  ֆիլմում:

Գնել Ուլիխանյանը


«Միշտ ոգեւորված եմ եղել թատրոնով»

Իհարկե, թատրոնում լինում է շրջան, երբ համեմատաբար քիչ ներկայացումներ ենք ունենում, բայց միշտ ոգեւորված եմ եղել թատրոնով, սիրում եմ այս թատրոնը, լույսերը, դահլիճը: Ինձ այստեղ շատ լավ եմ զգում, տան պես է, հարազատ օջախ է, միշտ դրական եմ տրամադրված ու լավատես եմ: Հիասթափություններ չեմ ունեցել, գուցե ստեղծագործական անբավարարվածություն է եղել: Նույնը լինում է նաեւ ընտանիքում, բայց այդ փոքր բաներն անցնում են, քանի որ հիմքն ամուր է:

«Ուզում եմ իմ կյանքը գեղեցիկ ապրել»


Դերասանի մասնագիտությունը շատ լավն է, հաճելի է երիտասարդ տարիքում, բայց երբ ամուսնանում ես, կարծում եմ, կենցաղը մի մեծ հրեշ է, որը սկսում է ներսից հոշոտել քեզ, եւ պետք է սկսես ուրիշ բաների մասին մտածել: Դեռ այդ շրջանում չեմ, դրա համար էլ մեծ տարիքում եւս ինձ պատկերացնում եմ թատրոնում: Բայց եթե մտածեմ այլ զբաղմունքի, մասնագիտության մասին, դա կլինի բիզնեսը: Թատրոնում ապագա տեսնում եմ, բայց նաեւ ուզում եմ իմ կյանքը գեղեցիկ ապրել ընտանիքիս հետ, իսկ գեղեցիկի համար պետք է ապահովված լինեմ:

Սիրելիի մասին

Ես եւ Աննան հանդիպել ենք մոտ մեկ տարի առաջ` ընդհանուր ընկերների շրջապատում: Սկզբում շատ ընկերական էինք շփվում, բայց ժամանակի ընթացքում հասկացանք, որ դրանից առավել են մեր հարաբերությունները, ավելի հարազատ ենք: Այժմ նա իմ ամենամոտ ընկերն է եւ ոչ միայն…
Աննան ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, սակայն դեռ չի աշխատում: Արդեն մտածում ենք հարաբերությունների օրինականացման մասին, որի մասին առաջինը BRAVO.am-ին կասենք:

Գնել Ուլիխանյանն` ընկերուհու հետ


«Ընկերուհուս հետ հաճախ ենք ներկայացումներ դիտելու գնում»

Հյուրախաղերից զատ, շատ կցանկանամ ճանապարհորդել, ապագայում էլ` ընտանիքիս հետ: Կուզեմ Նյու Յորքում լինել, Սանկտ Պետերբուգում, ցանկացած նոր քաղաք տեսնել, տարբեր մշակույթների ծանոթանալ:
Դե, իմ ամենամեծ նախասիրություններից մեկն էլ ֆուտբոլն է. «Ռեալ Մադրիդ»-ի մեծ երկրպագու եմ:
Ընկերուհուս հետ հաճախ ենք ներկայացումներ դիտելու գնում այլ թատրոններ, օրինակ` վերջերս նայել ենք «Գայանե» բալետն ու շատ տպավորված ենք:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW