BRAVO.am-ը տեղեկացրել է Հայաստանի՝ Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին մասնակցությունից հրաժարվելու պատճառով Եվրոպական հեռարձակողների միության կողմից տուգանվելու մասին: Հանրային հեռուստաընկերությունն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ տեղյակ է դրա մասին եւ շուտով պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա, սակայն “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարի` “Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2012”-ի շրջանակում երկրից բացակայելու պատճառով հայտարարությունն ուշացավ:
Գոհար Գասպարյան. “Հ1-ը կցուցադրի Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ը”
Գոհար Գասպարյանը BRAVO.am-ին այսօր ասել է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տուգանվել է մրցույթի կանոնակարգի համաձայն:
“Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ին մասնակցության հայտ ներկայացրեց, սակայն մեր համբերության բաժակը լցվեց, երբ մրցույթի նախապատրաստական աշխատանքներից առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ աշխարհի հայերն իրենց թիվ մեկ թշնամին են: Սա վերջին կաթիլն էր, որից հետո իրեն հարգող ոչ մի պատվիրակություն չէր կարող մեկնել Բաքու”,-ասել է “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը:
"Եվրատեսիլ"-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը
Անդրադառնալով տուգանքի գումարի չափին` Գոհար Գասպարյանը հետեւյալն է նշել. “Քանի որ Եվրոպական հեռարձակողների միությունը չի հրապարակել տուգանքի գումարի չափը, մենք դրա հրապարակումը կոռեկտ չենք համարում”:
Տուգանքից բացի, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պետք է ուղիղ հեռարձակմամբ եւ առանց ընդհատումների ցուցադրի մայիսի 26-ին Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ 2012”-ի եզրափակիչը, այլապես կարող է զրկվել “Եվրատեսիլ 2013”-ին մասնակցելու իրավունքից: BRAVO.am-ի հարցին` “Եվրատեսիլ 2012”-ի եզրափակիչը կհեռարձակվի՞ Հանրային հեռուստաընկերությամբ, Գոհար Գասպարյանը դրական պատասխան է տվել:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Գոհար Գասպարյանի անձնական արխիվից


×
7,621






