×


Գործագործ. «Այնպիսի վուլգար ներքնազգեստ են պատվիրում, որի մասին անգամ անհարմար է խոսել»

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք կանանց ներքնազգեստի մոդելավորող-դերձակ Արաքս Պապիկյանի հետ:



- Ինչի՞ համար է ներքնազգեստը:
- Շատ կարեւոր հարց է, որովհետեւ պարզվում է` կանանց մեծ մասը չի գիտակցում, որ բացի գեղեցկությունը, ներքնազգեստը նաեւ անհրաժեշտություն է: Կրծկալն, օրինակ, ունի պաշտպանիչ դեր: Գաղտնիք չէ, որ կնոջ կուրծքը շատ զգայուն է, եւ հագուստի հետ անմիջականորեն շփման դեպքում կարող է անհարմարավետություն առաջանալ: Բացի այդ, կնոջ կուրծքը, հատկապես ծանր կուրծքը, կրծկալի շնորհիվ վեր է բարձրացվում եւ ողնաշարի վրա ավելի քիչ բացասական հետեւանք ունենում, քան՝ առանց դրա: Կրծկալի գործառույթը ոչ թե խանգարելն է, այլ` օգնելը, պաշտպանելը, զարդարելը: Ուստի այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի ու ընդգծի կնոջ կառուցվածքը:

- Ինչպե՞ս ընտրել քեզ հարմար ներքնազգեստ:
- Շատ եմ հանդիպել կանանց, ովքեր չգիտեն անգամ իրենց կրծքի չափսը, չեն կարողանում ընտրել իրենց համապատասխան չափսի եւ ձեւի կրծկալ: Տարբեր արտադրողներ տարբեր չափսի արտադրանք են առաջարկում, ուստի ամեն անգամ կինն ընկնում է խանութներով, բազում տարբերակներ է փորձում, որ գտնի իրենը: Ես խորհուրդ կտամ ընտրություն կատարելիս նախ հասկանալ` ինչ տիպի կուրծք ունեք` կլոր, կախված, իրարից հեռու, ծանր, փոքր, թե մեծ: Եթե, օրինակ, կուրծքը մեծ է, ապա նախապատվությունը պետք է տալ հաստ կանթերով կրծկալներին: Կրծկալը չպետք է մեծ կամ փոքր լինի, այն պետք է գրկի կուրծքը, չսեղմի կամ չլինի շատ ազատ: Ստուգելու մի ձեւ կա՝ եթե մեջքի հատվածում օդն ավելի շատ է, քան երկու մատների միջեւ տարածությունը, ապա ներքնազգեստը մեծ է, իսկ եթե երկու մատները դժվարությամբ են տեղավորվում կրծկալի ու մեջքի արանքում, ուրեմն` այն փոքր է:

Արաքս Պապիկյանը


- Ինչո՞ւ է կանանց ներքնազգեստը թանկ:
- Հիմնականում որակյալ ապրանքը շատ թանկ է: Բայց կան նաեւ էժան կտորներից կարված նմուշներ, որոնք մատչելի են: Դրանք, որպես կանոն, սինթետիկ կտորներից են` չինական ու թուրքական արտադրության: Սովորաբար, բարձր գինը կախված է օգտագործվող նյութերից ու կատարված աշխատանքից: Եթե ներքնազգեստը ձեռքի աշխատանք է, ինչպես իմ դեպքում, այն ավելի թանկ է գնահատվում, քան՝ արտադրամասում մեքենայով պատրաստվածը:

- Զգեստի դերձակը կարո՞ղ է ներքնազգեստ էլ կարել: Որտե՞ղ սովորել կանանց ներքնազդեստի մոդելավորում:
- Ոչ: Տեխնիկան եւ մշակումները միանգամայն տարբեր են: Երբ ես որոշեցի զբաղվել այս գործով, մի խնդրի առաջ կանգնեցի՝ չէի կարողանում գտնել մի մասնագետ, ով ինձ կսովորեցնի ներքնազգեստ կարել: Կստեմ, եթե ասեմ, որ մանկուց երազել եմ դառնալ ներքնազգեստի մոդելավորող, բայց մի օր, երբ համացանցում տեսանյութ տեսա կանանց ներքնազգեստի ստեղծման պատմության մասին, մտածեցի, որ ես էլ պետք է հայկական արտադրության ներքնազգեստի հեղինակ լինեմ, շատ երկար փնտրեցի դերձակներ, մոդելավորողներ, որ ինձ սովորեցնեն, բայց նման մասնագետ Հայաստանում չգտա: Ստիպված եղա գնալ կարուձեւի դասերի, սովորեցի կարել, հետո գիտելիքներս օգտագործեցի ներքնազգեստ կարելու մեջ: Ես ինքս կդժվարանամ զգեստ կարել: Այնպես որ, եթե զգեստ ես կարում, դեռ չի նշանակում, որ կարող ես ներքնազգեստ էլ կարել:


- Որտեղի՞ց եք ձեռք բերում նյութերը:
- Օհ, դա մեծ խնդիր է: Չնայած խանութների բազմազանությանը՝ Հայաստանում շատ դժվար է գտնել համապատասխան կտորներ, ժանյակներ ու դետալներ: Ստիպված ենք արտերկրից պատվիրել: Ներքնազգեստն ամենօրյա լվացման ենթակա իր է, եւ կտորը պետք է համապատասխանի բոլոր ստանդարտներին, որպեսզի մի քանի անգամ լվանալուց հետո տեսքը չփչանա, պիտանի լինի հագնելու:

- Սպունգից, կամ ինչպես ընդունված է ասել՝ փուշ-ափ, կրծկալների ու կտորից կարվածների միջեւ ի՞նչ տարբերություն կա:
- Փուշ-ափը շատ վնաս է կնոջ առողջության համար: Բազում հոդվածներ եմ կարդացել, մասնագիտական հետազոտություններ, որ նման կրծկալներն օրական 2 ժամից ավելի կրել չի կարելի: Փուշ-ափ ներքնազգեստի մեջ կնոջ կուրծքը կլոր տեսք է ստանում, իսկ բնական տեսքը ջրի կաթիլի նման է: Երբ սպունգից կրծկալ ես կրում, կրծքագեղձը սեղմվում է, կուրծքը չի շնչում, մաշկի հետ շփումից առաջանում է խոնավություն: Եթե կրծկալի կտորը սինթետիկ է, ցանկալի է, որ կրծքին անմիջականորեն շփվող ներքին հատվածը լինի բամբակից:


- Որտե՞ղ է վուլգարության ու գեղեցկության սահմանը:
- Իրականում շատ բարդ հարց է: Թե՛ գրավիչ, թե՛ վուլգար ներքնազգեստը պատրաստվում է նույն կտորից, նույն նյութերից, եւ դա հեշտացնում է սահմաններն անցնելու հնարավորությունը: Օրինակ` կարծիք կա, թե կարմիրը վուլգար է, բայց հարցը ոչ թե գույնն է, այլ ձեւվածքն ու կտորների համադրությունը, եւ որ շատ կարեւոր է՝ ով է ներքնազգեստ կրողը։ Ուղղակի չպետք է կորցնել չափի զգացումը։ Ես նախապատվությունը տալիս եմ պարզությանը, փորձում եմ ընդգծել կանացիությունը, նրբությունը, աղջկականությունը: Ներքնազգեստը պետք է լինի գրավիչ, ոչ թե` վուլգար, բայց անկեղծ ասած` երբեմն այնպիսի պատվերներ եմ ստանում, որ խոսելն անգամ անհարմար է:

- 2019թ.-ին ներքնազգեստի ո՞ր մոդելներն են նորաձեւ լինելու:
-Բնական գեղեցկությունն ընդգծելու միտումն ավելի քան արդիական է 2018-2019թթ-ին: Նորաձեւ են պաստելային գույներն, ինչպես նաեւ կիսաթափանցիկ ժանյակավոր ներքնազգեստները: Քանի որ աշուն-ձմեռ հավաքածուներում շեշտը դրված է կանացիության վրա, կոպիտ կտորներն ու մետաղական դետալները կմնան անցյալում: Դրանց կփոխարինեն բանտերը, ասեղնագործ նուրբ կտորներն ու ժապավենները:

Զրուցեց Տիգրանուհի Մարտիրոսյանը
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին