×


Գործագործ. «Եթե այդքան հեշտ լիներ, բոլորը գրաֆիկ-դիզայներ կլինեին»

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք գրաֆիկ-դիզայներ Լիդա Գասպարյանի հետ:



- Ո՞վ է գրաֆիկ-դիզայները, ի՞նչ աշխատանք է կատարում:
- Գրաֆիկական դիզայները ստեղծում է ոճ: Փողոցի գովազդները, ընկերության լոգոները, ընկերության ոճը ստեղծվում են գրաֆիկ-դիզայների կողմից: Մասնագետն ընտրում է գույները, տառաչափերը, տառատեսակները` համապատասխան ընկերության բնույթին: Գրաֆիկ դիզայները կարող է վեբ դիզայնով զբաղվել՝ կատարել նույն աշխատանքն օնլայն հարթակում, մշակել կայքերի ոճը:

Բայց հայ հասարակության մեջ մարդիկ չգիտեն, թե գրաֆիկ-դիզայներն ինչով է զբաղվում: Բաներային դիզայնի պատվեր են տալիս, բայց մտածում են, որ դու պետք է զբաղվես նաեւ տպագրության, նյութերը գնելու եւ մնացած հարցերով: Այնինչ, դա մեր աշխատանքի մասը չէ:

- Տատիկ-պապիկներին ինչպե՞ս բացատրել՝ ով է գրաֆիկ-դիզայները:
- Ես պարզապես ասում եմ, որ զբաղվում եմ դիզայնով: Իսկ եթե ուզում են ավելի մանրամասն իմանալ, բացատրում եմ, որ խանութի լոգոները, բուկլետները, փողոցի բաներները, գովազդները մեր աշխատանքի արդյունքն են:

- Գրաֆիկ-դիզայներն ու իր պատվիրատուն պետք է նույն ճաշա՞կն ունենան:
- Կարեւոր հարց է: Իրականում ամեն ինչ ճաշակից է կախված: Պատվիրատուն կարող է պարզապես չհավանել քո պատրաստած լոգոն, որովհետեւ իրեն դուր չեն գալիս գույները կամ քո ընտրած տառատեսակը: Այս աշխատանքի բարդություններից մեկն այն է, որ երբեմն դժվար է հասկանալ պատվիրատուի ցանկությունները: Լինում են դեպքեր, որ պատվիրատուն էլ չգիտի, թե ինչպիսի լոգո է ուզում:

Լիդա Գասպարյանը


Յուրաքանչյուր գրաֆիկ-դիզայներ ունի իր ոճը, բայց պատվիրատուներն ընտրում են մասնագետին ոչ թե ոճով, այլ՝ գումարով: Արդյունքում՝ լինում են դեպքեր, երբ ստիպված ես լինում մի քանի տարբերակ ներկայացնել, հետո դրանք փոփոխել, մինչեւ հաճախորդը դրանցից մեկնումեկը կհավանի: Մենք սա «ծանր ենք տանում», որովհետեւ թվում է, թե առաջին հայացիքց փոքր փոփոխություն է, ի՞նչ է որ՝ մի գիծ պետք է ավելացնես, բայց դա մեզնից կարող է երկար ժամանակ պահանջել:

- Հաճախորդը միշտ ճի՞շտ չէ:
- :) Պետք չէ անել սխալ միայն նրա համար, որ հաճախորդը հավանի: Լինում են դեպքեր, երբ իրար չեն հասկանում, հետո գրաֆիկ-դիզայներն ասում է՝ դե, լավ, ամեն ինչ անեմ, թող միայն իր ուզածով լինի, ու արդյուքնում ստացվում է անգրագետ մի աշխատանք: Պետք է կարողանաս համոզել հաճախորդին: Նրանցից ոչ մեկը գրաֆիկ-դիզայներ չէ, այս ոլորտի մասնագետ չէ, եւ շատ նորմալ է, որ կարող են կասկածել կամ չհասկանալ: Պետք է մարդկանց բացատրել, թե ինչու է սա սխալ, սա ճիշտ, ինչու են այս գույներն ավելի համապատասխան, քան՝ մյուսները:

- Ինչպե՞ս է որոշվում՝ դու լավ գրաֆիկ-դիզայներ ես, թե` ոչ:
- Ճաշակի հարց է, բայց մեզ համար կարեւոր են հաճախորդների, մարդկանց գնահատականները, քան՝ պրոֆեսիոնալների: Երբ ես անցնում եմ փողոցով ու տեսնում եմ մի գովազդ, սկսում եմ մտածել՝ արդյոք գույները ճիշտ են, տառատեսակի գույները համահունչ են, տառերը մեծ են, թե փոքր են: Իսկ սովորական մարդը չի խորանում այդ մանրուքների մեջ, նրա աչքին կա՛մ հաճելի է աշխատանքը, կա՛մ ոչ, եւ մեզ համար կարեւոր է, որ մարդկանց աչքին հաճելի լինի արված գործը, իրենք դրական լիցքեր ստանան աշխատանքդ նայելիս:

- Լոգոները պատահակա՞ն են իրար նման լինում:  
- Նմանակելու խնդիրը լուրջ է:): Կարծում եմ, որ սովորելու ընթացքում դիզայներները պետք է նմանակեն, որ հասկանան, թե ինչպես է ստեղծվում, ինչու է ընտրվել հենց այդ դիզայնը, հետո ստեղծեն սեփական ոճը: Տարիների ընթացքում թրենդները կրկնվում են, դրա համար լոգոները նմանվում են իրար:


- Չե՞ն ասում՝ դե, հեշտ գործ է, ի՞նչ ես անում որ:
- Շատ են ասում:): Մի բան են ուզում փոխել լոգոյի մեջ, ասում են՝ դե, ստից մի բան է, շուտ փոխի էլի: Երբ նման կարծիքներ եմ լսում, փորձում եմ նրանց ցույց տալ, թե ինչպես է այդ մի գիծը գոյանում, ինչպես է այն փոխվում, որ մեկ-երկու րոպեի բան չէ: Եթե այդքան հեշտ լիներ, բոլորը գրաֆիկ-դիզայներ կլինեին, ծրագիրը կքաշեին, կաշխատեին: Բոլորը կարող են ասել՝ դե, թիկնապահն ինչ գործ է որ, ընդամենը ուժեղ պետք է լինես, մատուցողն ինչ է որ, պետք է ընդհամենը տանես, բերես: Բայց այդպես չէ: Մարդիկ ժամանակ ու ռեսուրս են ծախսում տրված մասնագիտական խնդիրները ճիշտ եւ արագ լուծելու համար։

- Եկամտաբե՞ր աշխատանք է:
- Կախված է փորձառությունից: Դիզայների աշխատավարձը կախված է իր փորձից, պորտֆոլիոյից: Եթե գրաֆիկական դիզայները աշխատել է հեղինակավոր կազմակերպությունների համար, կարողացել է տարբերվել իր ոճով, արագ եւ որակով է աշխատում, բնականաբար, նրա աշխատանքն ավելի թանկ արժե:

- Որտե՞ղ սովորել` գրաֆիկ-դիզայներ աշխատելու համար:
- Հիմա կան բազում դասընթացներ, սեմինարներ ու հարթակներ, որտեղ կարելի է կարճ ժամանակահատվածում ստանալ բազային գիտելիքներ, հմտություններ: Սա այն մասնագիտություններից է, որն ամեն օր զարգանում է, եւ պետք է համապատասխանես պահանջներին, իմանաս թրենդները եւ այլն: Ուստի շատ բան կախված է ինքնակրթությունից:

Կարելի է գնալ ու 3-ից 6 ամսում սովորել մի ծրագիր, դրանով աշխատել, բայց որոշ ժամանակ անց այդ ծրագիրն ու գիտելիքները կարող են հնանալ: Բայց ծրագիր սովորելը մեր ոլորտում ամենահեշտ բաներից է։ Գրաֆիկական դիզայներ լինելու համար առնվազն պետք է լինել կրեատիվ, իմանալ դիզայնի զարգացման ճանապարհը, ուղղությունները, ունենալ սեփական ոճը եւ ալն։ Ես սովորել եմ ինքս: Մանկուց նկարել եմ, սովորել եմ ծրագրեր, որպեսզի նկարեմ ոչ թե թղթի վրա, այլ՝ ծրագրում:):

- Գրաֆիկ դիզայները պե՞տք է նկարել իմանա:
- Նկարել իմանալը շատ կօգնի: Կոմպոզիցիան, գույները պատկերացնելու համար նկարչության հիմունքները պետք է իմանալ:


- Համակագիչն ամեն օր տանել բերելը դժվա՞ր չէ:
- Դժվար է, ծանր է, բայց դրսում աշխատելը շատ կրեատիվ է: Պետք է շփվել մարդկանց հետ, գնալ սրճարաններ, գտնել ոգեշնչման աղբյուրներ: Հաճախ հենց մի բառից կամ մի վայրից նոր գաղափարներ են ծնվում:

Հեղինակ՝ Տիգրանուհի Մարտիրոսյան
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին