×


Գործագործ. «Եթե տղամարդիկ չլինեին, կանայք բարձրակրունկ ու նրբագեղ կոշիկներ երբեք չէին հագնի»

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք կանանց կոշիկի դիզայներ-մոդելավորող Հայկ Անանյանի հետ:



- Քանի՞ օրում է մոդելավորվում ու պատրաստվում մեկ զույգ կոշիկը:
- Մոդելավորման աշխատանքը տարբեր է: Լինում են դեպքեր, երբ մեկ օրում նկարում ես, էսքիզներ ես անում, գաղափարը մտքումդ լինում է, հեշտ արտացոլում ես թղթին: Բայց լինում են նաեւ իրավիճակներ, երբ մի կոշիկն ունենում է մի երկար պատմություն՝ մի քանի անգամ փոխում ես, հետո մոռանում ես դրա մասին, հետո մեկ էլ հանկարծ մի նոր գաղափար է ծնվում: Ընդհանուր առմամբ, գործընթացը բավական երկար է: Մոդելավորելուց հետո պատրաստման մի քանի փուլեր կան: Կոշիկը սկսում ու վերջանում է կաղապարից (колодка), որի պատճառով կոշիկը հարմար է կամ անհարմար, նրբագեղ է կամ կոպիտ: Կաղապարի վրա հավաքվում է կոշիկի վերին հատվածը: Ընտրվում է նյութը, ըստ գծագրի ձեւվում, կտրվում: Սա գործընթացի ընդհանուր նկարագիրն է՝ առանց մանրամասների մեջ խորանալու:

- Ինչո՞ւ են կոշիկները թանկ:
- Դժվար է ասել՝ թանկ են, թե ոչ: Ինչի՞ հետ համեմատած է կոշիկը թանկ: Այո, եթե համեմատենք հացի հետ, այն թանկ է, բայց ավտոմեքենայի հետ համեմատելիս այն ամենեւին էլ թանկ չէ: Ես չեմ կարծում, որ կոշիկները թանկ են:

Հայկ Անանյանը


- Ինչպե՞ս խնամել կոշիկները, որ դրանք երկար հագնես:
- Նախ պետք չէ ամեն օր հագնել նույն զույգը: Կոշիկը պետք է շնչի, հանգստանա: Կոշիկին պետք է հատուկ վերաբերմունք ցուցաբերես, ոչ թե մտածես, որ «չլելու» ես: Ընտրածդ կոշիկը ցույց է տալիս քո վերաբերմունքը հենց ինքդ քո նկատմամբ:

- Ո՞ւմ համար եք պատրաստել առաջին կոշիկը:
- Երբ սովորում էի Մոսկվայում, միջազգային մրցույթ էր հայտարարվել երիտասարդ մոդելավորողների համար: Պատրաստեցի բարձրակրունկ մի կոշիկ, որպեսզի ստանամ մրցույթին մասնակցելու իրավունք: Դա իմ մոդելավորած ու իմ ձեռքերով պատրաստած առաջին կոշիկն էր: Շատ լավ հիշում եմ, որ գնացել էի Վերնիսաժ ու «Yves Saint Laurent»-ի մի հին ու մաշված կոշիկ էի գնել, որի հիմքի վրա էլ պատրաստել էի այն: Հարեւանիս վարագույրը կտրել էի, հիշում եմ՝ մուգ կանաչ գույնի կտոր էր, ու դրանով մոդելավորել: Մինչ օրս պահում եմ այդ կոշիկը, այն որեւէ մեկը չի հագել: Հետագայում այդ մրցույթի շրջանակում պատրաստեցի արդեն մեծ հավաքածու, որն էլ հաղթեց:

Մանկուց սիրել եմ լավ կոշիկներ: Սիրել եմ հետեւել այն մարդկանց, ովքեր գեղեցիկ կոշիկներ են հագնում: Ուստի դեռ փոքր ժամանակից ինձ համար պարզ էր, որ ես կարող եմ զբաղվել կոշիկի դիզայնով: Ներքին համոզմունք ունեի, որ դառնալու եմ դիզայներ:

- Բարձրակրունկ կոշիկներն ավելի՞ դժվար է պատրաստել, քան՝ ցածրակրունկները:
- Այո, միանշանակ: Բարձրակրունկները թե՛ դժվար է պատրաստել, թե՛ մոդելավորել, որովհետեւ դրանք պետք է լինեն ոչ միայն գեղեցիկ, այլեւ` հարմարավետ: Կինը պետք է կարողանա դրանք հագնել, քայլել: Բարձրակրունկն ավելի բարդ ճարտարապետություն է, քան՝ ցածրակրունկը: Եվ առհասարակ, կոշիկը ճարտարապետություն է, բայց բարձրակրունկի դեպքում պետք է լինի հենման կետ, պետք է հնարավոր լինի քայլել այդ կոշիկներով առանց ճոճվելու, միաժամանակ պետք է պահել նրբագեղությունը:

- Կանայք բարձրակրունկներ են հագնում իրե՞նց համար, թե՞ տղամարդկանց:
- Եթե տղամարդիկ չլինեին, կանայք բարձրակրունկ ու նրբագեղ կոշիկներ երբեք չէին հագնի:

Հայկ Անանյանը


- Կանա՞յք են ոգեշնչում:
- Անշուշտ: Դժվար թե տղամարդիկ ոգեշնչեն (ծիծաղում է,-հեղ.): Ոգեշնչում է արվեստը, կյանքը, երաժշտությունը:

- Կոշիկը կարո՞ղ է լինել գեղեցիկ ու միաժամանակ հարմարավետ:
- Այո, իհարկե, կարող է, բայց դա կախված է նրանից, թե կոշիկը ստեղծելիս նախապատվությունը տրվել է գեղեցկությանը, թե հարմարավետությանը: Կոշիկներ կան, որոնք արվեստի նմուշներ են եւ նախատեսված չեն առօրյայում հագնելու համար:

- Տղամարդկանց կոշիկները պատմության ընթացքում գրեթե չեն փոխվում, իսկ կանանց կոշիկները տարեցտարի փոխվում են: Ինչո՞ւ:
- Տղամարդկանց դասական կոշիկները, ինչպես նաեւ կոստյումը համազգեստի պես են. փոխվում են արտաքին որոշակի դետալներ, բայց ոճը մնայուն է: Նման կոշիկներ նախընտրող տղամարդկանց կարգավիճակը թույլ չի տալիս այլ բան հագնել, քան՝ դասականը: Իսկ երիտասարդ, ժամանակակից տղամարդկանց համար կան նորաձեւ կոշիկներ: Կանանցն պարագայում հատկապես բարձրակրունկ կոշիկները մի կտավ են, եւ կարելի է անվերջ ու անվերջ ստեղծագործել, կարելի է անվերջ փոփոխել, անսահմանափակ գաղափարներ իրականացնել: Բարձրակրունկները կնոջ նման են:     


- Տղամարդկանց երկարաճիտ կոշիկներն ինչո՞ւ դուրս մնացին առօրյա կյանքից:
- Դրանք ի սկզբանե նախատեսված էին ձի վարելու համար, իսկ ժամանակակից աշխարհում ոչ մի տղամարդ էլ տնից դուրս գալիս ձի չի նստում: Յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր կենցաղային յուրահատկություններն ու դրան հարմարեցված կոշիկները:

- Ինչպե՞ս հասկանալ, որ տվյալ կոշիկը հենց քեզ համար է:
- Դա սեր է առաջին հայացքից: Տեսնում ես ու սիրահարվում:

- Ինչպե՞ս հենց խանութում տարբերել բնական կաշին արհեստականից:

- Հոտով: Բնական կաշին բնական կաշվի հոտ ունի(ծիծաղում է,-հեղ.):  

- Որտե՞ղ սովորել կոշիկի մոդելավորման ու պատրաստման հմտություններ:
- Որպես այդպիսին, աշխարհում կան դիզայնի դպրոցներ, համալսարաններ, որտեղ կարելի է սովորել: Օրինակ, ես սովորել եմ Գեղարվեստի ակադեմիայում, հետո Մոսկվայի դիզայնի եւ տեխնոլոգիայի համալսարանում, այնուհետեւ պրակտիկա եմ անցել Իտալիայում: Բայց այս ամենի հետ մեկտեղ շատ կարեւոր է ինքնազարգացումը: Հակառակ դեպքում բազային գիտելիքները չեն վերածվում արվեստի:

Հեղինակ՝ Տիգրանուհի Մարտիրոսյան
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին