×


Գործագործ. «Զբոսաշրջիկները գիդերին հարցնում են, թե որքան խորն են փորում գերեզմանը Հայաստանում»

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Զրուցել ենք զբոսավար Ներսես Թամազյանի հետ:



- Ինչո՞ւ շրջել զբոսավարների հետ, եթե կա Վիքիպեդիա, որտեղ կարելի է կարդալ տվյալ երկրի ու տեսարժան վայրերի մասին:
- Գիդի աշխատանքը շատ պատասխանատու ու պարտավորեցնող է: Մենք աշխատում ենք օտարերկրացիների հետ, որոնց ներկայացնում ենք մեր երկրի պատմությունը, մշակույթը, ժառանգությունը, ներկան: Գիդի աշխատանքից է կախված՝ զբոսաշրջիկը կսիրի քո երկիրը, թե ոչ, կգնահատի քո երկրի արժեքները, թե չի գնահատի: Մենք ինչ-որ առումով դեսպաններ ենք: Դեսպաններ, ովքեր երկիրը ներկայացնում են հենց երկրի ներսում:

Զբոսաշրջիկները շատ են սիրում հարցեր տալ: Իսկ Վիքիպեդիային հարցեր չես տա:): Վիքիպեդիան քեզ չի պատմի երկրի ներկայի, երիտասարդության, մտածելակերպի, մենթալիտետի ու լավագույն ռեստորանների մասին:

- Ովքե՞ր են գալիս Հայաստան։
- Հիմնականում Ռուսաստանից են գալիս, Իրանից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, վերջին շրջանում շատացել են հեռավոր ասիական երկրների զբոսաշրջիկները։

Զբոսավար Ներսես Թամազյանը


- Գառնի-Գեղարդը, խորովածը պարտադի՞ր ռիտուալ են բոլոր զբոսաշրջիկների համար:
- Դե, Հայաստանում լայնորեն ընդունված «Աշտարակի ձոր» տարբերակը չի գործում այս պարագայում։ Զբոսաշրջիկին դրանով չես զարմացնի:): Մենք ներկայացնում ենք մեր մշակութային ժառանգությունը, մեր արժեքները, մեր տարբերությունն այլ ազգերից:

- Ի՞նչ հարցեր են տալիս:
- Օհ, շատ տարբեր: Հարցնում են՝ սա ինչ ծառ է, էս մեկն ինչ ծառ է, ինչու Գառնիի Քարերի սիմֆոնիան այդ տեսքն ունի եւ ոչ ուրիշ, քանի մետր են Հայաստանում փորում գերեզմանը: Դրա համար պետք է պատրաստվել, կարդալ անցյալի, ներկայի մասին, տեղեկացված լինել երկրում ընթացող իրադարձություններից:

- Որտե՞ղ է պետք սովորել զբոսավար աշխատելու համար: Ի՞նչ մասնագիտություն պետք է ունենալ:
- Կան կարճատեւ դասընթացներ, որոնք պատրաստում են գիդեր: Որպես այդպիսին` դպրոցներ չկան. զբոսավարները տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ են, ովքեր գործնականում որոշակի հատկանիշներ են ձեռք բերում: Կան պատմաբաններ, երկրաբաններ, հնագետներ, մշակութաբաններ եւ այլք, ովքեր գիդ են աշխատում եւ էքսկուրսիաները կառուցում են հիմնականում այդ թեմատիկայով: Իսկ մնացածը մարդկային վերաբերմունքն է, մարդկանց հետ շփվելու ունակությունը, ամեն խմբին անհատական մոտեցում ցուցաբերելը: Զբոսաշրջիկներ կան, ովքեր սիրում են ուշանալ, նրանց հետ պետք է խստապահանջ լինես, կան զբոսաշրջիկներ, որոնց տեսական մասը քիչ է հետաքրքրում, նրանք սիրում են կատակներ, զվարճալի պատմություններ, սիրում են ընկերական մթնոլորտում էսքկուրսիան անցկացնել: Պիտի հասկանաս, թե մարդն ինչ է ուզում:

Զբոսաշրջիկներն ունեն իրենց հետաքրքրությունները: Մեկին ավելի շատ արվեստն է հետաքրքրում, մյուսին՝ հնագիտությունը: Հետեւաբար, նրանց հետ աշխատում են համապատասխան կրթություն ունեցող գիդերը: Այս տեսանկյունից մեր ոլորտը զարգացած է` կան թեմատիկ էքսկուրսիաներ, ճանաչողական, արշավային եւ այլն:

Զբոսավար Ներսես Թամազյանը


- Քանի՞ լեզու պետք է իմանա զբոսավարը:
- Գիդը պետք է տիրապետի առնվազն մեկ օտար լեզվի։ Եթե մի քանի լեզու իմանաս, կլինես, իհարկե, ավելի պահանջված, բայց մեկ օտար լեզու իմանալն էլ բավարար է: Եվ, վերջիվերջո, ինչպես ասում են` ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես։

- Զբոսաշրջիկները շա՞տ տարբեր են:
- Այո: Արեւմտյան երկրների տուրիստները սիրում են ստանալ չափավոր ինֆորմացիա, ռուսները սիրում են, որ գիդը շատ է խոսում, անդադար խոսում է, ասիացիները սովորաբար չեն սիրում, որ շատ ես խոսում, նվազագույն ինֆորմացիա, եւ վերջ:  

- Օրվա մեջ քանի՞ զբոսաշրջիկի հետ եք աշխատում:
- Կոնկրետ թվեր չեմ կարող ասել։ Ունենում եմ ե՛ւ մեծ խմբեր, ե՛ւ անհատական տուրեր՝ մեկ-երկու հոգու համար:

Զբոսավար Ներսես Թամազյանը


- Ո՞ր երկրի զբոսաշրջիկի` Հայաստանում լինելն է քեզ զարմացրել:
- Ուգանդայի: Չէի մտածի, որ Հայաստանի մասին աֆրիկյան այս երկրում լսած կլինեն, էլ ուր մնաց՝ այցելեն։

- Հայաստանը թա՞նկ է զբոսաշրջիկների համար:
- Ոչ, բյուջետային երկիր է: Եվրոպական երկրների, Ռուսաստանի, ասիական զարգացած երկրների համեմատ` մեր երկրում թե՛ հյուրանոցները, թե՛ սնունդը, թե՛ ծառայությունները մատչելի են: Բայց եթե համեմատենք հարեւան Վրաստանի հետ, մեզ մոտ փոքր-ինչ թանկ է: Վրաստանում ավելի շատ կան բյուջետային հյուրատներ, հոսթելներ, ավիատոմսը դեպի Թբիլիսի հիմնականում ավելի էժան է, քան դեպի Երեւան:

Զրուցեց Տիգրանուհի Մարտիրոսյանը
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW