BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:
Զրուցել ենք դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ:
- Ինչպե՞ս մտնել կինո:
- Ինչպե՞ս մտնել կինո. սողալով, չէ՞:): Չեմ կարող այդ հարցի պատասխանը տալ: Նախ` ցանկացած ոլորտ մտնելուց առաջ, կլինի կինո, թատրոն, թե հեռուստատեսություն, պետք է մի պահ կանգ առնես ու քեզ հարցնես՝ ես կարո՞ղ եմ: Բոլորին թվում է, թե հեշտ մասնագիտություն է, մի մատի հարվածով կարող ես մտնել, այնինչ այդպես չէ: Ինձ շատ են ասել՝ «Իմ երեխան նենց տաղանդավոր ա, չե՞ք կարում հետներդ նկարեք»: «Չէ, չենք կարում նկարենք», որովհետեւ սա մշակույթ է, որը մի ամբողջ ազգ է ներկայացնում, պետություն, զինանշան:
- Իսկ եթե ունենաս լավ ծանոթ կամ բարեկամ, քեզ չե՞ն նկարի կինոյում:
- Չգիտեմ: Ես, օրինակ, երբեք չեմ դիմել բարեկմաներիս կամ ընկերներիս, որ ինձ նկարեն այս կամ այն ֆիլմում: Ունեմ սցենարիստ, ռեժիսոր ընկերներ, բայց երբեք չեմ օգտվում դրանից, չեմ դիմում նրանց: Եթե իրենք որոշում են, որ հենց ես պետք է նկարվեմ այդ ֆիլմում, որ համապատասխան եմ կերպարին, կնկարահանվեմ, բայց չեմ գնա ասի՝ «Լավ էլի, լավ էլի, ինձ նկարեք»: Չեմ էլ նեղանում, որ իմ ընկերներն ինձ իրենց ֆիլմերում չեն նկարահանում: Մարդիկ ֆիլմը նկարելուց առաջ 3-4 ամիս նախապատրաստական աշխատանքներ են կատարում. նկարիչներից, դիմահարդարներից սկսած` բոլորն աշխատում են ռեժիսորի հետ: Դա 1 ժամ 30 րոպեանոց նկար չի, նստես նայես, ու վերջ: Սա շատ լուրջ աշխատանք է ու պետք է համապատասխան մոտեցում, ոչ թե ծանոթ-բարեկամ:
Ռաֆայել Երանոսյանը
- Չկա՞ն կարճ ճանապարհներ: Անկողի՞ն, սիրուհի՞, սիրեկա՞ն...
- :) Ես չեմ կարող սիրուհի լինել, որովհետեւ տղամարդ եմ, ու չեմ էլ կարող սիրեկան լինել, որովհետեւ աղքատ եմ, փող չունեմ, որ մեկի հետ սիրային հարաբերություններ ունենամ, հետո խնդրեմ, որ ինձ օգնի: Տաղանդ, շնորհք ու նպատակասլացություն` սրանք այն երեք հատկանիշներներ են, որոնք օգնում են ինձ ու շատերին հասնել ցանկալիին:
-Ինչպե՞ս անցնել քասթինգները, ինչպե՞ս համոզել, որ հենց դու պետք է խաղաս այդ դերը:
- Ես քասթինգ ասվածը եւ ընդունում եմ, եւ` ոչ: Իհարկե, ներկայացումից կամ ֆիլմից առաջ պետք է լինի քասթինգ, բայց ռեժիսորը պետք է շփվի քեզ հետ, ներկայացնի սցենարը, կերպարը, որի համար քեզ դիտարկում են: Մեկ-երկու անգամ պետք է հանդիպեն, կերպարի մասին խոսեն, որ կարողանաս մարմնավորես, մի քանի փորձ անեն, հետո հասկանան՝ համապատասխան ես, թե ոչ: Բայց մեզ մոտ կանչում են, ասում՝ «Բարեւ, դու Պողոսն ես, էս քեզ տեքստ, դե, կարդա»: Պողոսն ո՞վ է, ի՞նչ տեքստ է, ոչ հասկանում ես՝ ինչի մասին է, ինչ է ուզում ասել, ինչ ֆիլմ է, ինչ ժանրի: Տեքստը տալիս են, ասում են՝ դե, կարդա: Կարդում ես՝ «Բարեւ Գեղամ, ո՞նց ես», դիմացինը պատասխանում է՝ «Լավ եմ, դու ո՞նց ես»: Մեկ էլ ասում են՝ լավ չի, կզանգենք քեզ:
- Ինչպե՞ս եք մարմնավորում միանգամից տարբեր կերպարներ: Ինչպե՞ս եք մտնում դերի մեջ:
- Արմեն Ջիգարխանյանին մի անգամ հարցրել են՝ ինչպես է մտնում կերպարի մեջ: Պատասխանել է, որ երբ ցուրտ է լինում, կծկված է մտնում, երբ շոգ՝ պլստալեն:): Երբեք չեմ հասկացել այս հարցի իմաստը: Ո՞նց եք մտնում կերպարի մեջ՝ դողալով, վախենալով:):
Եթե դիմացինս ինձ բացատրում է, որ ուզում է մարմնավորեմ չար, նենգ, կեղտոտ, «յախք» մարդու, ես իմ հիշողության մեջ փորփրում եմ ու գտնում եմ համապատասխան մարդկանց կերպարներ: Ես մարդկանց փողոցում ուսումնասիրում եմ, դիտարկում եմ իրենց շարժուձեւը, միմիկաները, ու երբ հերթը հասնում է նման կերպար մարմնավորելուն, իմ պահոցից հանում եմ այդ հիշողությունները:
- Ինչո՞ւ ռեժիսորը պետք է ցուցում տա դերասանին՝ ինչպես խաղալ, եթե ինքը դերասան չէ:
- Ռեժիսորը տեսնում է ամբողջական պատկերը: Ռեժիսորը դերասան չէ, դա այլ մասնագիտություն է, շատ կարեւոր մասնագիտություն: Ռեժիսորն աշխատում է բոլորի հետ՝ դիմահարդարից մինչեւ դերասան, հավաքում է բոլորի աշխատանքն ու ստանում մեկ գործ: Լավ դերասանը պետք է բեմում լինի, իսկ լավ ռեժիսորը՝ բեմից այն կողմ: Բայց քանի որ մեզանում ամեն ինչ խառնվել է, ռեժիսորը դուրս է գալիս բեմ, օպերատորը նկարում է, ռեժիսորություն է անում, դուք ինձ նման հարցեր եք տալիս:
- Ինչո՞ւ են մարդիկ նույնացնում դերասաններին իրենց կերպարների հետ: Ի՞նչ եք անում, երբ հանդիսատեսը խոսում է Ձեզ հետ Ձեր մարմնավորած կերպարի անունով:
- Նորմալ է, երբ փողոցում տեսնում են ու ասում՝ «Բարեւ, Սմբո ջան»: Ասում եմ՝ «Սմբո չէ, Ռաֆֆո», ասում են՝ սիրում եմ այդ կերպարդ, տպավորվել ես որպես Սմբո: Կամ գալիս հարցնում են՝ «Դու Հալա՞լն էիր, թե՞ Զուլալը»: Մարդիկ տեսել են քեզ այդ կերպարում, այդպիսին եմ տպավորվել:
- Ի՞նչ եք ասում, երբ չեն հավանում Ձեր խաղը:
- Ես չեմ կարող բոլորի դուրը գալ: Ինձ կան սիրողներ, չսիրողներ, իմ տաղանդը գնահատողներ, կան մարդիկ, ովքեր տեսնում են, գլուխները շուռ են տալիս: Նորմալ է. ես չեմ կարող բոլորի դուրը գալ, ես Աստված չեմ:
Ռաֆայել Երանոսյանը
- Ինչպե՞ս եք անգիր անում այդքան տեքստեր:
- Դժվար հարց է: Նույնն է, որ ինձ հարցնեք, թե ինչպես են կանայք դիմահարդարվում: Որքանով գիտեմ, կա հերթականություն, չէ՞: Ես չգիտեմ՝ առաջինը տոնային կրեմն են քսում, ստվերաներկերը, թե շրթներկը: Իրենք տարիներ շարունակ դիմահարդարվելուց փորձ են ձեռք բերում, հիշում են, թե ինչը ինչից հետո պետք է անել եւ ինչպես: Իմ դեպքում էլ տեքստեր հիշելը մասնագիտական է: Կա տեխնիկա, որն ամեն մարդու մոտ յուրահատուկ կերպով է ձեւավորվում: Հստակ բանաձեւ չկա, որ ասեմ` սա եւ սա անում եմ, հիշում եմ:
- Դերասանները գումար աշխատո՞ւմ են:
- Այո:): Ես շատ եմ վաստակում, կարողանում եմ վայելել աշխարհի ամենահամեղ ուտեստները, գնում եմ այնտեղ, որտեղ ուզում եմ, վարում եմ այն մեքենան, որն ուզում եմ, որովհետեւ ոչ մեկի դհոլի տակ չեմ պարում, ես ինքս աշխատում եմ:
- Ինչպե՞ս եք սեր խաղում, համբուրվում, երբ կադրից այն կողմ մոտ 10 հոգի կանգնած Ձեզ է նայում:
- Կան հարցեր, որոնք պատասխաններ չունեն: Այն, ինչ կադրից այն կողմ է, մնում է կադրից այն կողմ: Անբացատրելի ուժ է, չեմ կարող բացատրել, մի ուժ է, որը քեզ այդ պահին առաջնորդում է: Նույնն է, որ նկարիչին հարցնեք, թե մերկ աղջկան նկարելիս ինչ է զգում: Գուցե նա չկարողանա բացատրել, բայց կտավը նայելիս դուք կհասկանաք, թե ինչ էր ուզում ասել դրանով: Սա շատ դժվար աշխատանք է, պետք չէ այն էժանացնել:
- Անհարմար չե՞ք զգացել Ձեզ առաջին անգամ կադրում համբուրվելիս:
- Իհարկե, ամոթ կա, բան կա... Բայց դու խաղում ես ոչ թե տվյալ մարդու հետ, այլ՝ կերպարի:
- Կինոյում ու թատրոնում տարբեր կերպ եք խաղո՞ւմ:
- Կինոն տալիս է մեծ ճանաչում: Հեռուստատեսությունն օգնում է հայտնի դառնալ: Երբ երիտասարդ էի, աշխատում էի թատրոնում, բայց մասնակցում էի նաեւ հեռուստատեսային նախագծերի, որոնք ինձ տվեցին ճանաչում, փորձ, օգնեցին տարբերել թատրոնը հեռուստատեսությունից: Թատրոնը կենդանի օրգանիզմ է, մի այլ աշխարհ է, թատրոնում չես կարող սխալվել, պետք է մաքսիմալ անկեղծ լինես: Երբ ներկայացման ավարտին հանդիսատեսը հոտնկայս ծափահարում է, հասկանում ես մասնագիտության ողջ արժեքը: Սա մի անբացատրելի զգացում է: Իսկ կինոյում կարող ես մի քանի «դուբլ» նկարել, մինչեւ կստացվի:
Զրուցեց Տիգրանուհի Մարտիրոսյանը
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: