×


Գործագործ. «Մարզիչների մեծ մասն իսկապես «տուպոյ կաչոկ» են»

BRAVO.am-ի «Գործագործ» նախագիծը բացահայտում է հետաքրքիր, ժամանակակից ու պահանջված մասնագիտություններ ունեցող մարդկանց: Գնում ենք գործագործ, որ տեսնենք, թե ինչ պայմաններում են աշխատում «ընդհատակում», ինչ գաղտնիքներ են թաքցնում 2-րդ հարկում, ինչքան գումար են աշխատում «վերեւներում»: Փորձելու ենք կոտրել կարծրատիպերն ու ձեւավորել նորերը:

Այս անգամ զրուցել ենք մարզիչ Հայկ Միրզոյանի հետ:



- Հնարավո՞ր է ուտել, բայց նիհարել:
- Այո, նիհարել ուտելով ոչ թե հնարավոր է, այլ՝ պարտադիր: Ամենամեծ սխալը, որ թույլ են տալիս մարզիչներն ու դիետոլոգները` մարդկանց սովամահ անելն է: Չուտել ու նիհարել, նշանակում է հյուծվել: Երբ չես ուտում, օրգանիզմն անցնում է խնայող ռեժիմի եւ էներգիա չի ծախսում, ինչի հետեւանքով ոչ թե նիհարում ես, այլ՝ չաղանում: Որպեսզի նիհարես, պետք է էներգիա ծախսես, իսկ դրա համար պետք է լավ սնվել, հագեցած զգալ:

- Իսկ կոնֆետնե՞ր, խմորեղե՞ն:
- Երբեմն պետք է ուտել նաեւ քաղցրեղեն: Բայց ամենակարեւորը` պետք է ուտել մեծ քանակությամբ առողջ սնունդ. սնունդ, որը լի է վիտամիններով: Երկու աման բրինձ ուտելուց հետո դժվար թե ուզեք քաղցր ուտել:): Քաղցրի պակասը կարելի է լրացնել մրգերով:

- Ասում են՝ պետք է ուտել օրվա մեջ 5-6 անգամ, բայց քիչ քանակությամբ: Սա օգնո՞ւմ է:
- Այս մեթոդն աշխատում է կարճաժամկետ հեռանկարում եւ կարող է վնաս հասցնել մկանային զանգվածին: Օրգանիզն այրում է ճարպը, բայց գլյուկոգեն է հավաքում մկանային զանգվածը հյուծելու շնորհիվ: Սա արդյունավետ է, երբ մեծ քաշ ես ուզում կորցնել, բայց եթե ուզում ես նիհարեցնել հաստ թեւերը կամ փորը, չի օգնի: Կնոջ օրգանիզը տարբեր է տղամարդու օրգանիզմից: Բնությունը կնոջը մայրանալու հնարավորություն է տվել, հետեւաբար, կինը կյանքի այդ փուլում կերակրում է ոչ միայն իրեն, այլեւ ևս մեկ հոգու: Ուստի կնոջ օրգանիզն ավելի մեծ հակվածություն ունի ճարպ հավաքել որովայնի, կոնքերի հատվածներում, քան՝ տղամարդու օրգանիզը:

Հայկ Միրզոյանը


- Ինչո՞ւ մարզվել մարզիչի օգնությամբ, եթե կարելի է մարզվել նաեւ առանց նրա:
- Մազիչը բժիշկ է: Մարդուն մարզելու համար պետք է իմանալ օրգանիզում կատարվող բիոքիմիական բոլոր պրոցեսները: Սպորտային վարժությունները մարդու վրա արտացոլվում են ոչ միայն արտաքնապես, այլեւ՝ ներսից: Ցանկացած սխալ վարժություն կարող է վնաս հասցնել օրգանիզմին, կարող է վնասվածքներ առաջացնել եւ այլն: Պարտադիր է իմանալ, թե որ վարժությունն ինչ հետեւանքներ կունենա մարդու օրգանիզմի վրա:

- Մարդիկ վստահո՞ւմ են մարզիչներին:
- Երեւանում աստիճանաբար ձեւավորվում է մարզիչների հետ աշխատելու մշակույթ: Մարդիկ գիտակցում են, որ մարզիչը մի ամբողջ ծրագիր է կազմում՝ հաշվի առնելով հենց իրենց պահանջները, օրգանիզմի առանձնահատկությունները: Բայց մեր երկրի մարզիչների 99 տոկոսին տեսնելով, կարող եմ ասել, որ ինչ-որ տեղ մարդիկ ճիշտ են՝ ավելի լավ է առանց մարզիչների մարզվել: Պետք չէ պատահական մարզիչների մոտ գնալ: Ավելի լավ է համացանցում տարածված տեսանյութեր նայել, որոնք նկարվում են լավ մարզիչների մասնակցությամբ, գնալ մարզասրահ ու կրկնել դրանք, քան պարապել մարդկանց հետ, ովքեր չունեն անգամ այս տեսանյութերը նայելու հետաքրքրություն:

- Կանայք եւ աղջիկներ կան, որոնք մարզվում են, բայց, ինչպես իրենք են ասում, չեն նիհարում: Ինչպե՞ս:
- Երկու տարբերակ կա. մեծ մասը չի գիտակցում, որ շատ է ուտում, որ սառնարանից պոկ չի գալիս: Մարդիկ կան, ովքեր ինքնախաբեությամբ են զբաղվում. մարզվում են, գնում են տուն, ուտում են ոչ առողջ սնունդ, հետո գալիս ասում են, թե ոչինչ չեն կերել, բայց չեն նիհարել: Եվ կա չնիհարելու օբյեկտիվ պատճառ` երբ մարդը հորմոնալ խանգարումներ ունի: Առանց հորմոնալ ֆոնի բարելավվման հնարավոր չէ նիհարել:

- Միայն մարզումներով հնարավո՞ր է Քիմ Քարդաշյանի կազմվածքից ունենալ:
- :) Հենց Քիմ Քարդաշյանի կազմվածքից ունենալու համար վիրահատական միջամտություն է պետք: Բայց նման մի բան հնարավոր է ստանալ՝ գենետիկ նախադրյալների առկայության դեպքում: Ֆիտնես մոդելների պես յուրաքանչյուրը կարող է լինել: Իսկ քիմքարդաշյանական կազմվածքը մկանային չէ, ճարպ է, դու չես կարող որոշել, թե մարմնի որ հատվածում հավաքվի քո ճարպը:

Հայկ Միրզոյանը


- Գալի՞ս են հարսանիքից մեկ ամիս առաջ` նիհարելու համար:
- :) 1000-ից ավելի մարդկանց հետ եմ աշխատել: Ես հասկանում եմ՝ մարդը լուրջ է տրամադրված, թե գիշերները սառնարանի կողքին է անցկացնելու: Շատ կարեւոր է, որ մարդը նիհարելու կամ ֆիզիկապես ամրանալու լուրջ մոտիվացիա ունենա, ոչ թե նիհարի, որ հարսանեկան շորի մեջ տեղավորվի կամ էլ ծով մեկնելուց առաջ, ինչպես իրենք են ասում, «դոշի կուբիկներ» ունենա: Նման մարդիկ լուրջ արդյունքների չեն կարող հասնել: Նիհարելու, ցանկալի կազմվածք ունենալու համար պետք է փոխել կյանքը. մարզումներն ապրելակերպ են, ավելորդ քաշը հիվանդություն չէ, որ գնաս բժշկի մոտ, դեղ նշանակի, 1 ամսում լավանաս: Մարմնի արտաքին ձեւը քո ապրելակերպի արտացոլանքն է:

Եթե ուզում ես մարմինդ փոխել, պետք է ապրելակերպդ փոխես: Դու պետք է սիրես քեզ, քո մարմինը: Եթե սերդ արտահայտվում է` ամեն օր 1 կիլոգրամ կոնֆետ ուտելով... Մինչեւ մարդն իր համար չգիտակցի, որ սիրո դրսեւորումը որոշակի սահմանափակումներն ու մարզումներն են, արդյունք չի լինի: Ամեն մեկն իր ներսում ունի փոքրիկ երեխա: Եթե ուզում ես երես տալ այդ փոքրիկ երեխային, ամեն օր կոնֆետ գնել, ուրեմն մարզումները քեզ համար չեն:

- Իսկ այն աղջիկները, ովքեր ուզում են նիհարել, որ ընկերն իրենց չլքի: Նրանց չե՞ք օգնում:
- Ինձ նման հարցով չեն դիմել:): Երբեք չեն ասում՝ ինչի են ուզում նիհարել:

- Չե՞ք նեղվում, երբ մարզիչներին ասում են՝ «կաչոկ»:
- Կարծրատիպ է: Բայց շատերն են մեղավոր դրանում: Մարզիչների մեծ մասն իսկապես «տուպոյ կաչոկ» են: Բայց մարդիկ լավ ու վատ մարզիչներին իրարից տարբերում են եւ բոլորին չէ, որ նման պիտակներ են տալիս:

- Որտե՞ղ է պետք սովորել` մարզիչ դառնալու համար:
- Անհատական դասընթացներ կան: Արման Մովսիսյանն, օրինակ, դասընթացներ է անցկացնում: Իր մոտ արժի գնալ: Բայց չարժե ժամանակ ծախսել, եթե դու ընդունակ չես դրա համար կամ էլ չես տիրապետում մարդու օրգանիզմի կառուցվածքի տարրական գիտելիքներին ու օգուտի փոխարեն վնաս ես տալու:

Հայկ Միրզոյանը


- Մարզիչները մարզվո՞ւմ են ամեն օր:
- Պրոֆեսիոնալ մարզիկներն ամեն օր մարզվում են: Կան մարզիչներ, ովքեր մեծացել են, հոգնել են մարզվելուց եւ իրենք մարզում են մարզիկներին` առանց շարժվելու: Ես, օրինակ, անհատական մարզիչ եմ եւ մարզվում եմ իմ մարզիկների հետ:

- Հավելումներն օգտակա՞ր են: Պե՞տք է օգտագործել պրոտեին:
- Եթե պրոֆեսիոնալ մարզիկ չես, հավելումների կարիք չկա: Հավելումները սննդի փոշիացված տեսակ են: Դրանք ստեղծվել են իսկզբանե տիեզերագնացների համար, չեն փչանում, եւ կարելի է երկար պահել: Նույնը կարելի է ստանալ սովարական սննդից: Իսկ եթե հնարավոր չէ ստանալ, ուրեմն այնտեղ որոշակի նյութեր կան, որոնք էլ օգտակար չեն: Պրոտեինը կաթի փոշի է, որից առանձնացված են ճարպերն ու թողնված են միայն սպիտակուցները: Բայց քանի որ հավելում արտադրող ընկերությունները մրցակցում են միմյանց հետ, թե որն է ավելի լավն ու արդյունավետը, հավանաբար, դրանց ավելացվում են որոշակի նյութեր: Մաքուր պրոտեինը օգտակար է, բայց այն, ինչի վրա գրված է պրոտեին, դեռ պրոտեին չէ:

Զրուցեց Տիգրանուհի Մարտիրոսյանը
Տեսանյութն ու լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին