Մաշտոցի 41 հասցեում փակցվել է Խորհրդային Հայաստանի անվանի պետական գործիչ Գրիգոր Աղախանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Ինչպես BRAVO.am-ին հայտնել է երգիչ, հաղորդավար, պրոդյուսեր Գրիշա Աղախանյանը, հուշատախտակի բացումը հարգանքի տուրք է պապիկի մահվան 30-րդ տարելիցի առթիվ:
Գրիգոր Աղախանյանի հուշատախտակի բացմանը
Հայտնի շոումենը մեզ հետ զրույցում նշել է՝ հպարտ է, որ իրեն անվանակոչել են պապիկի պատվին.«Պապիկիս հետ շատ կապված եմ եղել, շատ ժամանակ ենք անցկացրել միասին, մեծ դեր է ունեցել իմ դաստիարակության հարցում: Հիշում եմ, երբ զբոսնում էինք միասին, փողոցում ծանոթ կանանց տեսնելիս հանում էր գլխարկը, նոր բարեւում նրանց»:
Գրիգոր Աշոտի Աղախանյանը, վաստակավոր ինժեներ-մելիորատոր էր: 1940-1953թթ. նա եղել է ՀՍՍՀ ջրային տնտեսության նախարար, 1953-ից՝ ՀՍՍՀ ջրային խնդիրների եւ հիդրոտեխնիկայի ԳՀԻ-ի տնօրեն: Մասնակցել է Արտաշատի, Դալմայի, Ստորին Հրազդանի եւ այլ ջրանցքների, ջրամբարների նախագծման ու կառուցման, նաեւ ՀՍՍՀ ոռոգման նոր համակարգի իրականացման աշխատանքներին:
Գրիգոր Աղախանյանը զբաղվել է Սեւանա լճի ջրերը խնայելու նպատակով Արարատյան դաշտի ստորերկրյա ու տեղական ջրերի օգտագործման, ոռոգման ցանցի նախագծման, ջրային տնտեսության զարգացման եւ այլ հարցերով: Եղել է հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Պարգեւատրվել է ՍՍՀՄ երեք շքանշանով:
Գրիգոր Աղախանյանի հուշատախտակի բացմանը
Գրիշա Աղախանյանը պատմել է, որ պապիկը յուրահատուկ բարության տեր անձնավորություն է եղել՝ պարզ ու միամիտ.«Տատիկս հիշում էր, որ նախարար լինելու տարիներին պապիկս հաճախ կեղտոտված հագուստով էր տուն վերադառնում. բանվորներին էր օգնում»:
Շոումենի խոսքով՝ բանակում էր, երբ լսել է պապիկի մահվան ցավալի լուրը. «Հպարտ եմ, որ իր թոռն եմ, առ այսօր ինձ մոտենում ու ասում են՝ «Գիտե՞ս՝ ինչ պապիկ ես ունեցել»: Հայաստանի համար շատ բան է արել, ես էլ իր ազգանունն եմ կրում, դա ինձ համար մեծ պատիվ է»:
Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գրիգոր Եփրեմյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: