×


Գրիշա Աղախանյանի 50-ամյակի երեկոն, Հրանտ Թոխատյանի, Գարիկի հումորներն ու հայտնի հյուրերը

«50 տարին չոքեց դուռս» երգող Գրիշա Աղախանյանը 50 տարեկան է։ Դերասան, հաղորդավար, շոումենն իր 50-ամյակը երեկ նշեց ընկերների ու հանդիսատեսի հետ՝ հոբելյանական համերգով: Բեմում էին այն երգիչներն ու դերասանները, որոնց հետ նա ստեղծագործական կյանքի ընթացքում աշխատել է՝ Հրանտ Թոխատյան, Արթուր Գրիգորյան, Գարիկ Պապոյան, Արամ MP3, Սոնա Ռուբենյան, Սեւակ Խանաղյան, Աշոտ Ղազարյան, Մկրտիչ Արզումանյան, Լեւոն Հարությունյան, Ֆորշ, Արամո, Լեւոն Մալխասյան եւ այլք։

Գրիշան պատմեց, որ հոբելյանական երեկո կազմակերպելու գաղափարն իրենն է, «Շանթ» հեռուստաընկերությունն ու իր ընկերներն էլ սատարել են եւ միասին իրագործել։ Ի դեպ, համերգի տեսագրությունը կցուցադրվի «Շանթ»-ի եթերում. «Ընկերներս միշտ ասում էին՝ 50-ամյակը լավագույն առիթն է հավաքվելու եւ համերգ կազմակերպելու։ Մարդիկ զարմանում են, որ արդեն 50 տարեկան եմ, անձնագիրս եմ ցույց տալիս, որ հավատան։ Ամեն դեպքում տարիքն իրենն անում է։ Օրինակ՝ զարթուցիչը հիսուն անգամ զնգում է, ալարում ես արթնանալ, կամ երիտասարդ տարիքում սիրուն աղջիկ էիր տեսնում, սիրտդ հազարի վրա խփում էր, հիմա 50-ի վրա է խփում, եթե կինդ կողքիդ է՝ 30-ի, որ աչքի չընկնես:): Իսկ երբ «50 տարի» հիթը երգում էի 30 տարեկանում, ինձ թվում էր՝ երգում եմ տարիքով մարդկանց մասին, այսօր եկավ ու չոքեց իմ դուռը»՝ այս խոստովանությամբ հոբելյարը ողջունեց հանդիսատեսին եւ դահլիճում նստեց կնոջ կողքին։

Գրիշա Աղախանյանի 50-ամյակի համերգին


Համերգը վարող Հրանտ Թոխատյանն էլ չէր հավատում՝ Գրիշան արդեն հիսուն տարեկան է.«Ընդամենը 2 ամիս առաջ, երբ շնորհավորում էին իմ 60-ը, իմ հավատն էլ չէր գալիս, որ այդքան եմ: Երկար մտածում էի՝ ինչ է անում, որ այսքան երիտասարդ է մնում։ Ուզում էի գաղտնիքը հասկանալ, մտածեցի՝ կարող է, որ երկու անգամ է ամուսնացել, դրանից է, բայց եթե այդպես լիներ, բա ե՞ս։ Նաեւ մտածեցի՝ երեւի կինն է երիտասարդ, էդ դեպքում, բա ե՞ս։ Երեւի ամբողջ օրը շփվում է երիտասարդ գեղեցիկ աղջիկների հետ, բայց որ այդպես լիներ, ես էլ ջահել կմնայի:): Հետո հասկացա, որ հոգով է երիտասարդ, ուզում է լինել երիտասարդ, կյանքը մեջը եռում է: Ես հավատում եմ՝ երբ մյուս անգամ հավաքվենք Գրիշայի 100-ամյակին, տոմսերն արդեն առեք, հետո չի լինի, եթե դեմ չլինի, համերգն էլի ես կվարեմ: Չգիտեմ՝ ինչ վիճակում կլինեմ, բայց կփորձեմ»:

Երեկոյի բացումն արեցին Նարեկը, Սոնա Ռուբենյանն ու Գեւորգ Մարտիրոսյանը՝ Հայքի «Քամի փչի» երգով: Ելույթ ունեցան «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակիցները, «X Factor» նախագծի ֆինալիստները, տեսաուղերձով հոբելյարին շնորհավորեց շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, Հրանտն էլ հիշեց, թե ինչպես իր հարեւան բնակարանում Գրիշան Վարդան Զադոյանի եւ Հայկոյի հետ ստեղծում էր «Թոփ 10 ռաբիզը»։ Նա պատմեց Գրիշայի ծնողների մասին, թե ինչպես էր մայրը ցանկանում, որ նա ատամնաբույժ դառնա, նշեց, որ Գրիշան ԱՄՆ քաղաքացի է, բայց նախընտրում է Երեւանում ապրել։ Նաեւ բացահայտեց, որ Գրիգոր Աղախանյանի առաջին ամուսնության կնքահայրն Արթուր Գրիգորյանն է, հետո էլ հրավիրեց իր կնքահորը՝ Աշոտ Ղազարյանին.«Մի քիչ առաջ ես, Աշոտը, Գրիշան իրար կողք էինք կանգնած, պատկերացնում եք՝ ինչ գեղեցիկ հեռախոսահամար կլինեինք՝ 50-60-70։)»:

Արամ MP3-ն, Ավետ Բարսեղյանը եւ Հրանտ Թոխատյանը


Աշոտ Ղազարյանը կատարեց  «Գալիս ես ու անց կենում»-ն ու պատմեց.«Երբ Գրիշան ինձ զանգեց ու առաջարկեց, որ ես էլ ներկա լինեմ, հարցրի՝ քանի տարեկան է: Այդ թեմայով մի բան պատմեմ. ուրեմն անգլիացիները համ կին ունեն, համ սիրուհի, բայց քանի որ ջենթլմեն են, ավելի սիրում են իրենց կանանց, ֆրանսիացին համ կին ունի, համ սիրուհի, բայց նախընտրում է սիրուհուն, ամերիկացին կին էլ ունի, սիրուհի էլ, երկուսին էլ սիրում է, ռուսը կին էլ ունի, սիրուհի էլ, բայց օղի է սիրում: Հայը համ կին ունի, համ սիրուհի, բայց պարզվում է՝ ավելի շատ Գրիշա Աղախանյանին է սիրում»:

Գրիշա Աղախանյանի 50-ամյակի համերգին


Համերգի «ամենալայվ» հատվածը Գարիկ Պապոյանի եւ Սոնա Ռուբենյանի կենդանի նվագակցությամբ ելույթն էր. մինչ երաժիշտները պատրաստում էին տեխնիկան, Գարիկը կատակեց.«Դեռ դպրոցական հասակում եմ լսել Գրիշա Աղախանյանի «50 տարին չոքեց դուռս» կատարումը, ես չէի կարող մտածել, որ հենց «չոքած» օրն այստեղ կնվագեմ։ Քո ծնունդն է, բայց քեզ մաղթանքներ ասելու փոխարեն, մեզ բոլորիս ցանկանում եմ, որ մենք էլ մեր 50-ամյակին լինենք քո նման սիմպո, երիտասարդ, առողջ»։

Գրիշա Աղախանյանի կինը՝ Շողեր Թովմասյանը, եւ որդին


Տոնական համերգի ավարտին Գրիշա Աղախանյանը պարողների հետ բեմ բարձրացավ, կատարեց ոչ միայն Top Ten of Rabiz-ից հայտնի «50 տարին» ու մյուս հիթերը, այլեւ պարեց ու փոքրիկ որդու հետ շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին:  

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW