×


Գրիշայի եւ կնոջ դպրոցական սերն ու դստեր Վերջին զանգի անակնկալը

«Վերջին զանգ»՝ այսպես է կոչվում Գրիշա Գրիգորյանի նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է այսօր: Ո՞ւմ է այն նվիրված, եւ թե նկարահանումներին ինչ հնարքների են դիմել, երգիչը պատմել է BRAVO.am-ին, նաեւ լուսանկարներ տրամադրել:

«Այս տարի միջնեկ դուստրս ավարտում է դպրոցը, մտածում էի` ինչ անակնկալ մատուցել նրան, քանի որ երբեք կապ չի ունեցել երգարվեստի հետ` ի տարբերություն մեծ դստերս: Որոշեցի նրա համար գրել երգ, որը կհիշի իր ամբողջ կյանքում, ու քանի որ նրա բոլոր մտքերը հիմա կենտրոնացած են Վերջին զանգի վրա, հենց այդ թեման էլ ընտրեցի»,-պատմել է Գրիշան, ով նոր ստեղծագործության երաժշտության հեղինակն է, խոսքերը գրել է Սենիկ Բարսեղյանը, ռեժիսորը Նարեկ Քթոյանն է, իսկ օպերատորը` Վարշամ Սաֆրազյանը:

Գրիշա Գրիգորյանը՝ կնոջ եւ տեսահոլովակի հերոսների հետ


Տեսահոլովակում նկարահանվել է նաեւ երգչի դուստրը.«Նրան ասել էինք, թե սոցիալական հոլովակ ենք նկարահանում շրջանավարտների մասին: Հիմա արդեն անոնսից գիտի, որ նաեւ նոր երգ պետք է ներկայացնեմ, բայց պատկերացում չունի, որ ինքը հենց իրեն նվիրված երգի տեսահոլովակի հերոսուհին է»:

Գրիշայի խոսքով՝ նոր աշխատանքը հաճելի հուշեր է արթնացրել.«Նախ՝ ես եւ կինս համադասարանցիներ ենք եղել, սովորել ենք այն դպրոցում, որտեղ եւ սովորում են մեր երեխաները: Ու երբ մտածում էինք` ինչ նկարահանել, առաջ եկավ անձնական արխիվն օգտագործելու վարկածը, սակայն իմ ու կնոջս Վերջին զանգի տեսաերիզը չի պահպանվել, ու մենք ստիպված եղանք բեմադրել մեր Վերջին զանգը: Ամեն ինչ այնքան հուզիչ էր, որ նկարահանման ժամանակ նույնիսկ արտասվել եմ, կարծես դեժավյու լիներ. նույն դպրոցը, մեր դասարանը, մեր Վերջին զանգը ու մեր փոխարեն մեր երիտասարդությունը ներկայացնող դերասանները: Ի դեպ, իմ դերակատարն այնքան նման է ինձ, որ բոլորը կարծում են` տղաս է»:

«Վերջին զանգ» երգի հոլովակի նկարահանումներին


Գրիշան հուսով է՝ երգը կծառայի իր նպատակին եւ հարազատ ու սիրելի կդառնա ոչ միայն շրջանավարտների համար.«Կարծում եմ՝ այն դիպչելու է բոլոր նրանց սրտերին, ովքեր վաղուց հրաժեշտ են տվել դպրոցին ու խենթի պես կարոտել են իրենց ամենաանհոգ տարիները ու դպրոցական առաջին սերը»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գրիշա Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին