×


Դաժանություն, սանձարձակություն, իշխանություն՝ թատրոնի բեմից

Երեւանի կամերային թատրոնում երեկ “Ներոն”-ի ռիմեյքի պրեմիերան էր: Դերասաններ Գեորգի Ամիրագյանը, Գրիգոր Բաղդասարյանը, Մանուկ Հախվերդյանը, Սենիկ Բարսեղյանը եւ Անի Գրիգորյանը վերաբեմադրված ներկայացման դերակատարներն են:

“Ներոն” ներկայացման ռիմեյքի պրեմիերային


Փիլիսոփայական ներկայացումը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը բեմադրել է Էդուարդ Ռաձինսկու “Ներոնի եւ Սենեկայի ժամանակների թատրոն” պիեսի մոտիվներով: “Ներոն”-ը հանդիսատեսին տեղափոխում է անցյալ, երբ Հին Հռոմի կառավարիչը կայսր Ներոնն էր, որը հայտնի է դարձել իր դաժանությամբ: Բռնապետական կարգերի ու սանձարձակության շուրջ ծավալվում է դրաման:

Հռոմեացի փիլիսոփա Սենեկան իր աշակերտին` Հռոմի Ներոն կեսարին փորձել է սովորեցնել ազնվություն ու մարդասիրություն, սակայն. “Մեծագույն ուսուցիչը դաստիարակեց մեծագույն մարդասպանի: Ինչքան էլ քարոզեց ու սովորեցրեց, Ներոնը մնաց մարդասպան: Եթե կա բռնակալ, նա է թելադրում իր օրենքները, եւ կան մի խումբ մարդիկ, որոնք արդարացնում ու ներում են, բայց արդարացնելն ավելի դաժան է դարձնում բռնակալին”, - կարծում է բեմադրիչը:

“Ներոն” ներկայացման ռիմեյքի պրեմիերային


“Կամերային”-ում  “Ներոն”-ն առաջին անգամ բեմադրվել է 1986-ին, դադարից հետո ենթարկվել է որոշակի փոփոխությունների, այժմ վերաբեմադրված տարբերակով ու դերասանների երիտասարդ կազմով կրկին թատրոնի խաղացանկում է: Անփոփոխ է Ներոնի դերակատարը` Գեորգի Ամիրագյանը: “Նախկինում խաղընկերներս Միքայել Պողոսյանն ու Արթուր Ղուկասյանն էին: Հիմա որոշ հատվածներ հանել ենք, հագուստն էլ մի քիչ փոխել ենք: Կերպարս նորից վերապրում եմ, բայց նոր ձեւով: Հիմա իմ ընկալումն էլ փոխվել է: Ներոն խաղալու համար պետք է լինես նյութի մեջ, որ անկեղծ լինես, ոչ թե ուղղակի խաղաս”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Գեորգի Ամիրագյանը:

Արա Երնջակյանի կարծիքով` վերաբեմադրելու պատճառները մի քանիսին են. “Նախ՝ ասելիքը կարող է այսօր էլ տեղին հնչել, ժամանակակից է: Այս բեմադրությամբ փառատոների կմասնակցենք. եթե ռուսական փառատոն լինի, ռուսերենով կխաղանք՝  ինչպես նախկինում: Նաեւ պատճառներից մեկը Գեորգիի ցանկությունն էր նորից խաղալ Ներոն”:

“Ներոն” ներկայացման ռիմեյքի պրեմիերային


“Այս պիեսը Մոսկվայում կրկին վերածնունդ է ապրում. հիմա Արմեն Ջիգարխանյանը խաղում է Սենեկա, ժամանակին խաղում էր Ներոն: Այն ժամանակ շատ էինք մասնակցում փառատոների. Ռաձինսկին տեսել է Գեորգիի խաղը, շատ էր հավանել նրա խաղացած Ներոնի կերպարը”, - տեղեկացրել է Արա Երնջակյանը:

Եթե նախկին բեմադրության մեջ փիլիսոփա Սենեկայի դերակատարը դերասան էր, ապա ներկայումս դերասանի փոխարեն “տիկնիկ” է, որը նստած է հաշմանդամի սայլակին: “Փիլիսոփայական իմաստով ուսուցիչը լուռ հետեւում է Ներոնի սանձարձակություններին ու դեմ չի կանգնում: Այդ պատճառով դերասանին փոխարինել է տիկնիկը”, - նշել է Գեորգի Ամիրագյանը:

“Ներոն” ներկայացման ռիմեյքի պրեմիերային


Այս ներկայացման փոփոխություններից մեկն էլ այն է, որ հերոսները` ստրուկը/Սենիկ Բարսեղյան/ եւ մարմնավաճառը/Անի Գրիգորյան/ մահանում ու վերակենդանանում են, “որ կյանքի կատակերգությունը շարունակվի”. “Շատ բան ենք փոխել: Ռաձինսկին որ տեսներ, կարող է սպաներ մեզ դրա համար, բայց կարծում եմ` պիեսը շահել է, որովհետեւ կրճատել ենք, եւ տեմպ է մտել”, - կարծում է բեմադրող ռեժիսորը:

Դաժանություն, սանձարձակություն, դատավարություն, իշխանություն... Այս ամենը ներկայացվում է բեմից: “Ժամանակները փոխվում են, բայց Ներոնի նմանները կրկնվում են: Իշխողներն ու խորհրդարանը որոշումներ են կայացնում մեկի խոսքով, ինչը, միգուցե, հարմար է  իշխողի համար, բայց ոչ` հասարակ ժողովրդի: Սենատորն ասում է` ինչ է պատահել հռոմեական ժողովրդին, որը հաճույքի համար պատրաստ է ապրել արյան մեջ. սա անուղղակիորեն կապ ունի մեզ հետ եւ այսօր էլ հրատապ թեմա է”,- նշել է Գեորգի Ամիրագյանը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW