×


Դավիթ Ամալյան.«Ես հասկացա, որ ոչինչ էլ չհասկացա»

Դավիթ Ամալյանը դարձել է 42 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում հեղինակ-կատարողը հայտնել է, որ տարեդարձն առաջին անգամ նշել է իր բնակարանում. «Մոտ 20 տարի վարձով էի ապրում, բախտ ունեցա իմ տունն ունենալ, եւ այս անգամ ընկերներով մեր տանը հավաքվեցինք ու քեֆ արեցինք։ Քանի որ ընկերներս որակով ու քանակով շատ են, նախորդ տարիներին ամեն մեկն իր հերթին ինչ-որ տեղ էր հրավիրում, այդպես էլ նշում էինք»։

Դավիթ Ամալյանը


Մեր հարցին, թե ամենից շատ ինչ է սիրում նվեր ստանալ, Դավիթ Ամալյանը պատասխանել է. «Ընկերներս, ինձ իմանալով, հիմնականում խմիչք են նվիրում, հատկապես սիրում եմ տնական օղի ու գինի: Երեխա ժամանակ նվերների շատ էի սպասում, մեկ էլ այդպես տոնածառին էի սպասում ու հավատում, չնայած` տոնածառ դնելուց մինչեւ հիմա էլ հավատում եմ, որ մի բան կփոխվի»։

«Պատիվ ունեմ», «Հոգու հնչյուն», «Կենացդ, եղբայր», «Տեսնես որն է ճիշտ» «Կտակը», «Երազ» ու տասնյակ երգերի հեղինակ-կատարողը ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, սակայն խուսափում է ուշադրության կենտրոնում լինելուց.«Ծննդյանս օրն առանձնապես չեմ սիրում, միայն խնջույքի համար եմ սիրում։ Ոչ սենտիմենտալ եմ դառնում, որ եւս մեկ տարով մեծացա, ոչ էլ երջանիկ ապուշի դեմք եմ ընդունում։ Ծնունդս սովորական օր է, հատուկ չեմ ամփոփում արածս ու չարածս, դրանով չեմ առանձնացնում մյուս օրերից»։

Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը եւ Արմեն Ադամյանը


Արցախյան պատերազմի մասնակից երգիչը պատմել է, որ շարունակում է ստեղծագործել, վերջին շրջանում էլ նոր երգեր է գրել.«Մի երգ ունեմ, որի մեջ այս տողերն են՝ «Ես հասկացա, որ ոչինչ էլ չհասկացա», ուզում եմ տեսահոլովակով ներկայացնել։ Տասը տարուց ավելի միայն համերգային կատարումներս են եթերում, չնայած` դա ճիշտ եմ համարում, բայց այս երգն ինձ համար կարեւոր է։ Նոր երգերս շատ են, համերգների միջոցով կներկայացնեմ ունկնդրին։ Ամիսը մեկ-երկու անգամ ակումբում ընկերներիս համերգներին ես էլ եմ գնում ու երգում, բայց դրանով չեմ բավարարվում. համերգների կարիք ունենում եմ։ Հուսամ՝ այս տարվա ընթացքում մենահամերգ կունենամ»։

BRAVO.am
Լուսանկարները` Դավիթ Ամալյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW