×


ԴերՀովա. «Դժբախտաբար, պատասխանն ուշացավ»

ԴերՀովան դադարից հետո այս շրջանում վերսկսել է երաժշտական գործունեությունը։ Երաժիշտը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իր նոր համագործակցությունների մասին, նաեւ անդրադարձել է մեր իրականացրած ֆոտոշարքին:

Մաշա Մնջոյանն ու ԴերՀովան


Մաշա Մնջոյանի հետ աշխատելու միտք վաղուց ունեի, բայց ոչինչ չէի ձեռնարկում։
Երբ վերջերս հանդիպեցինք, հարցրի` ինչ նոր երգեր ունի, լսելով «Ես քոնն եմ» երգը` հասկացա, որ գեղեցիկ բալլադ է, կսիրվի։ Հետագայում պարային աշխույժ երգ կգրեմ Մաշայի համար, բայց մինչ այդ որոշեցինք այս երգը վերջնական տեսքի բերել։ Ես մասնակցել եմ նկարահանման ողջ ընթացքին ու օգնել տեխնիկական հարցերով, իսկ Էմին Արիստակեսյանն էլ այդ ընթացքում ֆիքսել է սեւ-սպիտակ կադրեր:): Կարծում եմ՝ հաջողված կերպարային լուսանկարներ են։

Որոշել եմ ուժերս փորձել որպես տեսահոլովակի ռեժիսոր։
Շուտով կզբաղվեմ Արփի Շահնուբարյանի նոր տեսահոլովակով։ Քանի որ իր «Գանձեր» ալբոմի վրա միասին ենք աշխատել, խորհուրդ տվեցի ժողովրդական երգերից մեկի հիման վրա հոլովակ նկարել, չնայած` երգը ես չեմ գործիքավորել։ Դեռ իր բալիկի ծնվելուց առաջ պլանավորել էինք նկարահանել, բայց հիմա մեր գաղափարն իրականացնելու ճիշտ ժամանակն է։

Սեւակ Ամրոյանի հետ աշխատել եմ երկու տարի առաջ, երբ գործիքավորում էի «Ախպերս ու ես» երգը, իսկ այժմ զբաղվում եմ իր առաջին ձայնասկավառակի աշխատանքներով ու վերահսկում եմ ողջ գործընթացը։ Ժողովրդական, հայրենասիրական, նույնիսկ կասեի` հեղափոխական հին երգերը Սեւակը կներկայացնի նոր մոտեցմամբ։ Հիմա չի ստացվում, որ ես երգեր գրեմ, ավեի շատ երգիչներին օգնում եմ, որ ընտրեն, երբեմն էլ գործիքավորում եմ ուրիշ հեղինակների գործերը։

ԴերՀովան


Ինձ համար հետաքրքիր է աշխատել նաեւ ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանի հետ։
Նա որոշել է հայկական լսարանի համար առաջին անգամ կատարել «Նուբարի բոյը» հայտնի երգը։ Այժմ ԱՄՆ-ում երգը ձայնագրում է, դեռ չգիտեմ՝ տեսահոլովակով կներկայացնի, թե՝ ոչ։ Միտք ունեմ նրա համար յուրահատուկ երգ գրել, որը կլինի նորություն, ինչ-որ չափով մասսայական ու որակյալ։ Թամարն ամերիկյան շուկայում հաջողություններ ունի, երգում է ամերիկյան լսարանի համար, բայց «Եվրատեսիլ 2105»-ին մասնակցելուց հետո ուզում է նաեւ հայկական երգեր կատարել։

«Եվրատեսիլ 2016»-ի մասին. Ես եւ շվեդ մի հեղինակ միասին այս տարվա «Եվրատեսիլ» -ի համար երգ էինք գրել։ Երբ դեռ հայտարարված չէր Իվետա Մուկուչյանի անունը, ուզում էինք միասին նոր գործ անել, ես էլ այդ երգը որոշեցի հենց «Եվրատեսիլ»-ի համար ուղարկել։ Երգի նախըտրական փուլում հայկական պատվիրակությունը սկզբում կենտրոնացել էր մի քանի երգի վրա, որոնցից մեկն իմն էր, բայց վերջնական ընտրությամբ այն չի հաղթել։ Անընդհատ սպասում էի, թե երբ են Հայաստանի եվրատեսիլյան երգն ընտրելու: Եվս երկու երկիր հետաքրքրված էին այդ գործով. լսել ու հավանել էին, բայց դժբախտաբար, այստեղի պատասխանն ուշացավ, եւ զրկվեցի այդ հնարավորությունից։ Իհարկե, այդ երգն առաջիկայում կհնչի, բայց դեռ հստակ չէ, թե ով կերգի։

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW