Դիանա Մալենկոյին այսուհետեւ կարելի է տեսնել ոչ միայն հեռուստաէկրանից, այլեւ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում: Հաղորդավարուհին BRAVO.am-ին պատմել է դերասանի կարիերա սկսելու որոշման մասին:):
Դիանա Մալենկոն
“Նախորդ տարվա մայիսին այնպես ստացվեց, որ առաջին անգամ բեմ բարձրացա մի ուսանողի դիպլոմային աշխատանքի շրջանակում: Շատ բարդ գործ էր ընտրված` Մրոժեկի “Կարոլ” պիեսը, որն անվանափոխել ենք “Շեֆ”: Շատ “ծուռ” գործ է, եւ ոչ բոլորն են համարձակվում բեմադրել այն: Երկարատեւ ու տանջալից աշխատանքներից հետո ներկայացումը հաջողվեց”,-ասել է 18-ամյա Դիանան:
Նա “Շեֆ”-ում մարմնավորել է թոռնուհու կերպար, որը “տղայական” դաստիարակություն է ստացել, մտածում եւ գործում է տղամարդու պես.“Ըստ պիեսի` տղա թոռնիկ պետք է լիներ, բայց սա մեր կատարած միակ փոփոխությունը չէ. սցենարը մոտեցրել ենք այսօրվա օլիգարխիային”:
Դիանա Մալենկոն
Դիանա Մալենկոն տեղեկացրել է, որ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանից առաջարկ է ստացել դառնալ այս թատրոնի դերասանուհիներից մեկը: Հաղորդավարուհին մասնագիտությունների համադրումն արդյունավետ է համարում.“Դերասանություն ասելով` բոլորը հասկանում են խաղալ, ձեւացնել, ինձ համար հակառակն է` բեմ դուրս գալ եւ լինել անկեղծ: Հաղորդավարության ոլորտում դա եւս կարեւոր է”:
Դերասանուհիները կերպար կերտելիս հաճախ ստիպված են լինում հրաժարվել երկար վարսերից, խիզախ քայլերի դիմել: BRAVO.am-ի հարցին, թե ինչ “զոհողությունների” է պատրաստ հանուն ստանձնած դերի, նա պատասխանել է.“Ավելի ուշ հանդես կգամ Շեքսպիրի “12-րդ գիշեր” ներկայացման մեջ: Բացի այն, որ մարմնավորելու եմ տղամարդու կերպար, ստիպված եմ երկարացնել մազերս: Վերջին տարիներին կարճ սանրվածքով եմ, շեշտում էի` ոչինչ ինձ չի կարող ստիպել կրկին երկար վարսեր ունենալ, բայց, ինչպես ասում են, երբեք մի ասա` երբեք:)”:
Դիանա Մալենկոն
Դիանա Մալենկոյից նաեւ հետաքրքրվեցինք` մեր դերասանուհի-հաղորդավարուհիների շրջանում կա՞ մեկը, որի հաջողությունը կցանկանար կրկնել եւ նրա ճանապարհն անցնել.“Ինձ համար իդեալ է Նազենի Հովհաննիսյանը: Մասնագիտական առումով նրանից շատ բան ունեմ սովորելու: Անկեղծ ասած, այնպես չէ, որ իրենով ոգեշնչված եմ որոշել դառնալ հաղորդավարուհի կամ դերասանուհի, բայց, լինելով այս ասպարեզում, ամեն օր նրանից կարող եմ սովորել խոսել, խնամվել, շփվել, շարժվել, խաղալ եւ այլն”:
Տեքստը` Աշխեն Դաշյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Աղայանի եւ Դիանա Մալենկոյի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: