×


Կադր՝ «Ապագայի շոկը» ֆիլմից

Դիանա Մարտիրոսյան․ Թուրինի կինոփառատոնը՝ ժյուրիի անդամի աչքերով. մաս 1

Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը BRAVO.am-ի ընթերցողներին պատմում է իտալական Թուրինի կինոփառատոնի ժյուրիում աշխատելու իր բացառիկ փորձառության մասին: 

Թուրինի միջազգային կինոփառատոնի մասին լսել էի բազմիցս՝ հայերից, իտալացիներից, ասիական եւ եվրոպական ամենատարբեր անկյուններից։ Վենետիկից հետո Թուրինը համարվում է երկրի կարեւորագույն կինոփառատոնը, որը մեծ տեղ է տալիս տեղացի եւ արտասահմանյան երիտասարդ ռեժիսորներին։

Թուրինի կինոփառատոնին


Օրինակ՝ հիմնական մրցութային ծրագրում ներկայացված են միայն լիամետրաժ ռեժիսորական դեբյուտներ կամ ռեժիսորների երկրորդ ֆիլմերը, այդ կերպ հանդիսատեսը, քննադատներն ու ժյուրիի անդամները տեսնում են գրեթե լիովին նոր անուններ, որոնք քիչ թե շատ ավելի անկախ են, հետեւաբար՝ սեփական գործողությունների մեջ ավելի ազատ, հնարամիտ, անկաշկանդ։ Նոր անունների պարագայում ժյուրիի անդամներն ենթադրաբար ավելի անկողմնակալ են՝ չկա ծանրակշիռ հանրային կամ մասնագիտական շրջանակներում եփված ու ձեւավորված կարծիք, որն ենթագիտակցաբար կարող է ազդել ժյուրիի ընտրության վրա։ Հատկանշական է նաեւ այն, որ կինոփառատոնի արտիստիկ տնօրենն ու բոլոր հիմնական պրեմիերաների ներկայացնող-ֆիլմի-մեկնարկ-տվողը կինոքննադատ Էմանուելա Մարտինին է․ փոխարինելով փառատոնի նախորդ՝ հիմնականում ռեժիսոր-տնօրեններին՝ նա նաեւ կինոփառատոնի դեմքն է։ Եվ եթե Նաննի Մորետիի կամ Պաոլո Վիրձիի տնօրինության օրոք հյուրերը տեսնում էին հայտնի իտալացի կինոռեժիսորների, Մարտինիի պարագայում խոսքը կինոյի տեսական գիտակի եւ հեղինակության մասին է, ինչը որոշ առումով հավասարության նշան է դնում կինոինդուստրիայի պրակտիկ եւ տեսական մասնագետների միջեւ:

Թուրինը երազանք չէր, սակայն ներկա պահի դրությամբ իբրեւ ժյուրի կամ հյուր թվում էր մի փոքր անհասանելի հարթակ. այնտեղ ՖԻՊՐԵՍԻ-ի (Համաշխարհային կինոքննադատների ֆեդերացիայի) ժյուրիի կազմում լինելու համար նախապատվությունը տրվում է եվրոպական երկրների կինոքննադատներին, սակայն, հավանաբար, ակտիվ վենետիկյան լուսաբանումը եւ իտալական կինեմատոգրաֆիայի վրա շեշտակի, ակտիվ եւ յուրահատուկ սեւեռումն անհետք չմնացին, եւ Ֆեդերացիայի գրասենյակը կինոփառատոնի անձնակազմի հետ միասին որոշեցին «ռիսկի գնալ» եւ երկու եվրոպական երկրի կողքին (Գերմանիա եւ Իտալիա) տեղ տալ հեռավոր Հայաստանին։ Մեր՝ երեք կինոքննադատից բաղկացած ժյուրիի կազմը պետք է դիտեր 15 մրցույթային ֆիլմ եւ առանձնացներ միայն մեկ հաղթողի՝ առանց հստակ եւ կոնկրետ չափանիշների։ Զերծ կմնամ կանխատեսելի չափանիշների նկարագրումներից, մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժյուրիի ընտրությունը հրապարակային քննարկման ենթակա չէ, եւ անդրադառնամ կինոփառատոնային ամենահետաքրքիր մասին՝ առհասարակ բոլոր ֆիլմերին՝ մեր ծրագրից եւ ոչ միայն։

Կադր՝ «Ապագայի շոկը» ֆիլմից


Տասնյակ թարմ, փոքրաբյուջե (եւ միջին բյուջե ունեցող) ֆիլմեր. մինիմալիստական, հստակ, երբեմն հասարակ ու շատ պարզ, բայց ոչ պարզունակ։ Կենտրոնանալով կոնկրետ մեկ խնդրի եւ սյուժետային գծի վրա՝ մեր դատին հանձնվեցին հիմնականում շատ դյուրամատչելի եւ չխճճված պատմություններ։ Օրինակ՝ Մարք Քոլինի ֆրանսիական «Ապագայի շոկը», որը պատմում է մոտ 40 տարի առաջ ապրող եւ ստեղծագործող էլեկտրոնային երաժիշտ Անայի մասին. գտնվելով իր ընկերներից մեկի փարիզյան բնակարանում՝ Անան ստեղծում է ապագայի երաժշտությունը։ Պարային, շարժիչ, նորահայտ, անսովոր։ Ինչպես կարելի է ստեղծել «խմբակային երաժշտություն»՝ ձայնագրելով այն միմիայն տեխնիկական սարքավորումների եւ ոչ բենդի շնորհիվ, ինչ միջավայրում եւ մթնոլորտում էին ստեղծագործում 20-րդ դարի էլեկտրոնային երաժշտության պիոներները, ինչ տեսք ունեն այդ ժամանակաշրջանի իմպրովիզային հոում-փարթիները, որտեղ ընկերների ջանքերի շնորհիվ հայտնվում են կարեւոր երաժշտական պրոդյուսերները՝ ահա թե ինչի մասին է ոչ հավակնոտ «Շոկը»։ Էսթետիկ, մինիմալիստական, մեկ՝ գլխավոր դերասանի վրա կենտրոնացած ֆիլմը չունի պատմությունն արհեստական կերպով կարեւորելու կամ ճոխացնելու միտում, ավելորդություն կամ մեծ պատմություն թվալու հավակնություն, հակառակը՝ կամերային է, համեստ եւ գողտրիկ՝ առանց անտեղի ծանրաբեռնվածությունների։

Չնայած դիտավորյալ մինիմալիզմին՝ դիտելով ֆիլմը, շատ հեշտ է տեղափոխվել դիսկո երաժշտության եւ զավեշտալի թվացող փարթամ սանրվածքների եւ բեղերի ժամանակաշրջան, իսկ ֆիլմի վերջին հատվածում հնչող երգերը պարզապես ցանկանում ես հենց դահլիճում «փնտրել» Շազամով եւ ներկայացնել ընկերներիդ դատին․ դժվար թե ուրիշ տեղ հանդիպեն։

Հենց նույն տրամաբանությամբ բարդ է պատկերացնել, թե որտեղ կարող ես իմանալ երաժշտական ռեֆորմների մասին պատմող ռեժիսոր Բռայան Ուելշի բրիտանական «Բիթեր»-ի մասին, որոնք պատմում են 1994 թվականին Մեծ Բրիտանիայում ուժի մեջ մտած Քրեական արդարադատության եւ հասարակական կարգի մասին բարձրաձայնող ակտի հետեւանքների մասին։ Բանն այն է, որ 1992-ին երկրում տեղի ունեցած Castlemorton փառատոնից հետո Կոնսերվատիվ կուսակցության ներկայացուցիչ եւ ներքին գործերի նախարար Մայքլ Հովարդը որոշում է արգելել երիտասարդ աղջիկներին եւ տղաներին հավաքվել բաց երկնքի տակ մի քանի շիշ գարեջրի շուրջ եւ տրվել անարխիական թվացող, նորածին 128 bpm արձակող երաժշտության ելեւէջներին։ Ֆիլմի գլխավոր հերոսներն են այսօրվա օրով ապրող, իմպուլսիվ եւ լավագույն ընկերոջն անընդհատ անախորժությունների մեջ գցող Սփաները եւ խիստ օրինակելի Ջոնոն, որը շուտով տեղափոխվելու է բարեկեցիկ թաղամաս եւ կտրվելու է կասկածելի միջավայրից։ Այդքան տարբեր դեռահասները ունեն համընդհանուր սեր՝ էլեկտրոնային երաժշտություն եւ, իհարկե, դեմ են օրենքին եւ անձնական հանգամանքների բերումով պետք է դիմադրեն՝ մասնակցելով իրենց քաղաքի կարեւորագույն ռեյվին՝ ընտանիքի անդամներից փախչելու, թմրանյութերի, ավտոմեքենա առեւանգելու եւ այլ՝ դասական դեռահասական անկարգությունների դրամատուրգիական շարքի կանոններին համաձայն։

Կադր՝ բրիտանական «Բիթեր» ֆիլմից


Ֆիլմի օպերատոր Բենջամին Քրաքունը Բռայան Ուելշի հետ միասին ստեղծել է փոքր շոտլանդական տեղանքի աուտենտիկ եւ չափազանց ռեալիստական միջավայր՝ սեւ ու սպիտակ, եղելությունը խտացնող եւ պատնեշներ կոտրող կադրերով։ Կոլորիտային շոտլանդական սլենգը, ըմբոստա-քրեական տարրերն ու իրական պատմության եւ հերոսների վրա հիմնված քաղաքական սյուժեն այնքան միակողմանի չեն, որքան կարող է թվալ սինոփսիսից։ Ընկերություն, ռիսկ, ապագայի մասին մտածող եւ ընտրության խաչմերուկին գտնվող երիտասարդներ, որոնք պարզապես չեն կարող անմասն մնալ սեփական երկրի եւ, հավանաբար, իրենց կյանքի ամենամեծ երաժշտա-հեղափոխությունից։ Ռեյվը դառնում է բողոքի ակցիա, պարահրապարակը՝ հավաքատեղի, դիջեյը՝ անկարգություններին հորդորող առաջնորդ։

Ուելշը ներկայացնում է միայն հարյուրավոր (եթե ոչ հազարավոր) արգելքներից մեկը, կարծես ընկերավարի բզելով հանդիսատեսի ուսին ու մատնանշելով՝ տես, ընդամենը 25 տարի առաջ մեզ չէին թողնում վայելել մեր սիրելի, մի շունչ թարմ օդի պես նիկոտինե թոքերը լցնող դեթրոյթ-տեխնո բիթերը, որոնք միաձուլվում են նեոնային լուսարձակների եւ լուսնի լույսի հետ՝ բաց գիշերային երկնքի տակ, խնդրում եմ, գնահատեք այն, ինչի հնարավորությունն ունեք այսօր։

Շարունակելի։

Դիանա Մարտիրոսյան
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին