×


Դիանա Մարտիրոսյան. Նոթեր Վենետիկի կինոփառատոնից. օր 5-6

Սթիվեն Սոդերբերգի ֆինանսական «Լվացքատունը» եւ Դեւիդ Միշոյի անգլիական «Թագավորը». կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը դիտել է Վենետիկի կինոփառատոնի NETFLIX-յան պրեմիերաներից երկուսը:

Պատկերացնո՞ւմ եք արդյոք Գերի Օլդմենին եւ Անտոնիո Բանդերասին զվարճալի ինտերմեդիաներում, որտեղ յուրաքանչյուրը գրոտեսկի հասցրած ուժեղ ակցենտով մատչելի եւ զվարճալի բացատրում է, թե ինչ է փողը, ինչ տեսք ունի, որտեղ է թաքցվում, եւ ամենակարեւորը` ինչպես կարելի է անվնաս լվալ այն` չկորցնելով հրապուրիչ կանաչ երանգը։ Օսկարակիր Սթիվեն Սոդերբերգը, որը տարիներ առաջ «Էրին Բրոքովիչի» օգնությամբ հասցրեց հասարակության ամենալայն շերտերին, թե ինչ վնաս կարող է հասցնել մարդկությանն աղտոտված ջուրը, այս անգամ պատմում է պարզաջրած թղթի կտորների մասին։ «Լվացքատան» գլախավոր հերոսուհին Էլեն Մարթինն է (Մերիլ Սթրիփ), որը նավով զբոսանքի արդյունքում կորցնում է սիրելի ամուսնուն։ Անփույթ կազմակերպությունը չի տրամադրում պատշաճ ապահովագրություն, եւ Էլենը որոշում է հասկանալ՝ ամենաքիչն ինքն իր համար, որն է ֆինանսական խառնաշփոթի իրական պատճառը։


Սոդերբերգը սիրում է խոսել կարեւոր հարցերի շուրջ պարզ, մարդկային լեզվով։ Նա մատչելի եւ տեսանելի օրինակներով պատմում է դարի խոշորագույն ֆինանսական խարդախության մասին, որտեղ, ինչպես գիտենք բոլորս, ներգրավված են եղել անգամ մեզ քաջ հայտնի բազմաթիվ քաղաքական եւ հանրային գործիչներ։

Ասուլիսին Սոդերբերգը նշել է, որ դիմել է նմանատիպ ժամանցային լուծումներին խիստ դիտավորյալ. լեկցիաներ կարդալու ցանկություն չուներ, իսկ սույն ֆիլմի՝ Ջեյք Բերնսթայնի գրքի էկրանվորման ամենագլխավոր ոգեշնչման աղբյուրը եղել է Սթենլի Կուբրիկի «Դոկտոր Սթրենջլավը»՝ լուրջ եւ ամենակարող պարոններին անհեթեթ եւ զավեշտալի իրավիճակներում մերկացնող կինոյի պատմության լավագույն սեւ կատակերգություններից մեկը։

Վենետիկի կինոփառատոնի այս տարվա հիմնական ծրագիրը, կարծես, բաղկացած է չգրված մի քանի տեսակից` ընտանեկան պատմություններ, սեւ կատակերգություններ, պատմական դրամաներ։ Եվ եթե Սոդերբերգի ֆիլմը քիչ թե շատ տեղավորվում է «սեւ կատակերգություն» հասկացության մեջ, ապա ավստրալացի ռեժիսոր Դեւիդ Միշոն ներկայացրել է Անգլիայի պատմությունը, որի կիզակետում է Հենրիխ 5-րդն ու 15-րդ դարասկզբի անգլոֆրանսիական հարաբերությունները։ Շեքսպիրյան պիեսների («Հենրիխ Չորրորդ» եւ «Հենրիխ Հինգերորդ») հիմքը ծառայել է միմիայն որպես հիմք. ֆիլմի սցենարը գրվել է մաքսիմալ ժամանակակից նոտաներով, որովհետեւ, ինչպես ասաց անձամբ ռեժիսորը, անգամ լավ կրթված մարդիկ հաճախ գլուխ չեն հանում հնադարյան էպոս-ֆիլմերից, իսկ իրենք ստեղծել են կինո բոլորի համար։

Հենրիխ Հինգերորդը (Թիմոթի Շալամե) գիշերներն անխղճորեն հարբում է փաբերում, իսկ ցերեկները քնում է կամ զարթնում մարմնավաճառների գրկում, հոր՝ թագավոր Հենրիխ Չորրորդի հետ լարված հարաբերությունների մեջ է. գահն իրեն չի հասնելու, արքայազնական լուրջ գործունեությամբ զբաղվելու կարիք եւ մոտիվացիա չկա։


Սակայն ինչպես եւ հարիր է միջնադարյան էպոսին՝ հայրն ու եղբայրը մահանում են, եւ Անգլիան իր մեծածավալ ներքին եւ արտաքին խնդիրներով հայտնվում է խաղաղասեր եւ փառասիրությունից զուրկ երիտասարդի ձեռքում։

Ռեժիսոր Դեւիդ Միշոն եւ պրոդյուսեր, սցենարիստ եւ գլխավոր դերակատարներից Ջոել Էջերտոնը ստեղծել են բավականաչափ պարզ եւ հասանելի կինո, որը համեմված է փոքրաքանակ, բայց որակյալ կատակներով, հավասարակշռված եւ գծած մոխրագույն օպերատորական բնավորությամբ եւ մեկ-երկու տեղ «Գահերի խաղից» ոգեշնչված տեսարաններով, որոնցից մեկը, օրինակ՝ նկարահանել են Հունգարիայում՝ սարսափելի շոգ եղանակին։ Դեւիդ Միշոն փորձել է համատեղել ժանրի ակադեմիական եւ դասական դարձած հիմքը զվարճալի, ժամանակակից կատակերգությանը բնորոշ լուծումներով, օրինակ` ֆրանսիական դոֆինի դերում հանդես եկող բրիտանացի Ռոբերտ Փաթինսոնը գրեթե ստենդափային կերպով արտահայտվում է միմիայն ֆրանսիական ակցենտից խիստ տուժած, կոտրտված անգլերենով՝ մեկումեջ արիստոկրատական սեթեւեթանքին բրորոշ շարժումներով դեմքից հետ տանելով թափվող վարսերը։

Թիմոթի Շալամեն հավասարակշռված թագավորի դերում համոզիչ է, ինչպես միշտ` զուսպ, լակոնիկ։ Խաղում է մինիմալ դիմախաղային արսենալով, ինչպես եւ ֆրանսիական արքայադստեր փոքր դերում հանդես եկող Լիլի-Ռոուզ Դեփը։


Դեւիդ Միշոն եւ Սթիվեն Սոդերբերգը նկարահանել են իրենց «վենետիկյան ֆիլմերը» Netflix-ի շնորհիվ։ Երկու պատմությունն էլ ունենալու են մաքսիմալ մեծ լսարանային ֆիդբեք. նախագծերում ներգրավված են առաջին թարմության եւ վերին էշալոնի դերասաններ։ Ֆիլմերն անցումային են՝ միանշանակ չեն համարվի կինոգործիչների կարիերաների գագաթնակետը, բայց եթե երկու պատմությունների հետ կինոծանոթության արդյունքում միջին վիճակագրական թինեյջերը Գուգլում կփնտրի անգլոֆրանսիական հարյուրամյա հակամարտության մանրամասները կամ գուցե ավելի պատասխանատու կվերաբերվի ապահովագրական նյուանսներին, արդեն վատ չէ։

Դիանա Մարտիրոսյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին