×


Դինա Ավետիսյան.“Չկա ավելի գեղեցիկ բան, քան ամուսնուդ հետ երեխաներիդ ամեն մի քայլը վայելելը”

Դինա Ավետիսյանին կհիշեք “Թեժ անկյուն” թոք-շոուից, գովազդային հոլովակներից  եւ հեռուստատեսային մի շարք նախագծերից: Հաղորդավարուհին ավելի քան 4 տարի է, ինչ ամուսնացել եւ մշտական բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում: Նրա կյանքում հաճելի փոփոխություններ են եղել, որոնց մասին պատմել է BRAVO.am-ին:

Դինա Ավետիսյանը` դստեր հետ


Ընտանիքի մասին


Տարիները շատ արագ անցան: Այս ժամանակահատվածի գործունեությունս ոչ թե մասնագիտական էր, այլ, մեծ մասամբ, ընտանեկան: Տարիները փոխեցին իմ կյանքը: Մայրանալով՝ ստացա Աստծո ամենամեծ հաճոյախոսությունը` դստերս` Մարտային:  Ինչպես ասում են՝ երբ Աստված ուզում է հաճոյախոսություն անել կնոջը, դստրիկ է պարգեւում:  Հետո արդեն վայելեցի կյանքիս ամենամեծ ուժը՝ որդուս: Մարվինն արդեն 1 տարեկան 7 ամսական է:  Անվան ընտրությունը ամուսնուս է պատկանում.  շատ բծախնդրորեն է ընտրել:

Դուստրս սիրով հաճախում է մանկապարտեզ: Միաժամանակ երկու լեզու է սովորում` հայերեն եւ անգլերեն: Արդեն ընկերներ ունի, փորձում է նկարել, իսկ  նրան միշտ սիրահարված աչքերով հետեւում է փոքրիկ եղբայրը: Յուրաքանչյուր օր շնորհակալ եմ Աստծուն: Չկա ավելի գեղեցիկ բան, քան ամուսնուդ հետ երեխաներիդ ամեն մի քայլը վայելելը:

Վարդուհի Ալեքսանյանը եւ Դինա Ավետիսյանը


Նախասիրությունների եւ աշխատանքի մասին

Ամուսնուս շնորհիվ խորացված ուսումնասիրեցի արվեստի աշխարհը եւ կատարեցի իմ առաջին քայլերն արվեստի բնագավառում՝  համագործակցելով Հայաստանի երիտասարդ նկարիչների հետ: Այժմ պարուհի-հաղորդավարուհի Վարդուհի Ալեքսանյանի հետ զբաղված ենք պարի դպրոցի աշխատանքներով: Առաջին անգամ լսելով Վարդուհու` պարի ստուդիա հիմնելու արդեն հասունացած ցանկությունը՝ հասկացա, թե որքան կարեւոր է այն իրականացնել Միացյալ Նահանգներում: Գաղափարի մշակման առաջին իսկ օրվանից հասկացանք, որ դա պետք է լինի մշակույթի դպրոց, որտեղ սկզբունքային է որակյալ մանկավարժական կրթությունը, հայեցի խոսքը, բարոյահոգեբանական մթնոլորտը եւ, որ ամենակարեւորն է, երեխաների ծնողների վստահությունը: Մանկուց սիրել եւ գնահատել եմ նաեւ պարարվեստը: Վարդուհին ինձ հարազատ մարդ է, գնահատում եմ նրա վաստակը արվեստի ոլորտում, նրա շնորհն ու տաղանդը` բեմում:  Որպես գործընկերներ՝ միմյանց նկատմամբ վստահությունը ձեռք ենք բերել դեռ վաղուց` Երեւանում հիմնադրելով  “UNI  STAFF” ընկերությունն ու իրականացնելով մեծ եւ տարաբնույթ մի շարք միջոցառումներ, նախագծեր: Այսօր արդեն հպարտորեն վայելում ենք մեր դպրոցի ամեն մի գեղեցիկ անկյունն ու ընդունում մեր առաջին սաներին: Նրանցից է նաեւ իմ աղջիկը` Մարտան:  Նա բալետի դասարանում է սովորում` 3-ից 5 տարեկան երեխաների խմբում:

Հաղորդավարի աշխատանքի մասին դեռ լուրջ չեմ մտածում: Միգուցե, որովհետեւ այստեղ հայկական հեռուստաընկերությունները դեռ լուրջ նախագծեր չեն իրականացնում, լուրջ ռեսուրսներ դեռ չկան՝  թե ՛ տեխնիկապես, թե ՛ բովանդակային առումով:

Դինա Ավետիսյանը` որդու հետ


Կարոտ, հայրենիքի կանչ


Ամենամեծ դժվարությունը կարոտն է, երբ ամեն օր ապրում ես այդ զգացումով: Կարոտում եմ հարազատներիս, ընկերներիս, Երեւանիս ամեն մի անկյունը, Հայաստանիս ամեն մի վանքը:

Կարոտից բացի, ամեն տարի աշունն է ինձ կանչում Հայաստան: Նախորդ տարի Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոներին հայրենիք էի եկել ընտանիքիս հետ: Միացյալ Նահանգներ վերադարձա գարնանը: Լավագույն օրեր անցկացրի իմ տանը՝ մայրիկիս կողքին: Ուրախ էի նաեւ, որ իմ տարեդարձի օրը հարազատներիս հետ էի` հայրենի երկրում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Դինա Ավետիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW