1988 թվականից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել է մարդու իմունային անբավարարության վիրուսի` ՄԻԱՎ վարակի 1924 դեպք, որոնցից 305-ը` այս տարվա 11 ամսվա ընթացքում, ինչը գերազանցում է նախորդ բոլոր տարիների տարեկան դեպքերի թիվը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի եւ սեռական առողջության հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունները, որոնք իրականացնում են տարաբնույթ հանրային տեղեկատվական միջոցառումներ, դեռ 2010 թվականին ստեղծել են “ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության եւ հետազոտության խումբ”: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ այս խումբը եւ դիջեյ Վակցինան “Կամի” ակումբում կազմակերպել էին մրցանակաբաշխություն, որի ընթացքում երաժիշտների նվագակցությամբ ելույթ է ունեցել Ջիվան Խաչատրյանը, իսկ ներկաները կրել են խորհրդանշական կարմիր ժապավեններ:
Դիջեյ Վակցինայի եւ ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության եւ հետազոտության խմբի կազմակերպած մրցանակաբաշխությանը
Մրցանակաբաշխությունն ամենամյա միջոցառում չէ, սակայն առիթ է դառնում այս ոլորտում աշխատող մարդկանց եւս մեկ անգամ գնահատել եւ խրախուսել: Այս տարվա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի ջատագով են ճանաչվել Լիանա Շախրամանյանը, Հասմիկ Հարությունյանը, Նարինե Կոստանյանը, “Medialab”-ը:
Միջոցառման մասնակիցները
Պատվոգիր է ստացել նաեւ դիջեյ Վակցինան` ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում իր կատարած աշխատանքի համար: Վակցինան, նույն ինքը` Արուսիկ Մկրտչյանը, շուրջ 6 տարի ակտիվորեն ներգրաված է այս ոլորտում, վարում է դասընթացներ միջին եւ ավագ դասարանների աշակերտների համար: Նա նաեւ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագրի “Կարմիր ժապավեն” տարածաշրջանային խմբի անդամ է, որում ընդգրկված են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի ու եւս մի քանի երկրի հանրային մարդիկ.“Փորձի փոխանակման շնորհիվ կարողացա իմանալ, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ տարածել ստույգ տեղեկություն եւ պայքարել վարակի տարածման դեմ: Մարդիկ հաճախ ՁԻԱՀ-ին վերաբերվում են որպես գոյություն չունեցող խնդրի, չեն անհանգստանում, բայց իրականում խնդիրը գոյություն ունի, մեր կողքին ապրում են ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ: Նրանց հանդեպ խտրական վերաբերմունքը եւ հասարակությունից մեկուսացումը խնդիրը միայն բարդացնում է”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Վակցինան:
Դիջեյ Վակցինայի եւ ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության եւ հետազոտության խմբի կազմակերպած մրցանակաբաշխությանը
Երեկույթին, որը վարել է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակից Արեւիկ Պետրոսյանը, ներկա են եղել բժիշկներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպությունների կամավորներ, որոնք առաջին անգամ դիտել են “Կարմիր ժապավեն” տարածաշրջանային խմբի տեսանյութը.“Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ ակումբասեր երիտասարդների թիվը մեծ չէր, այս տարի որոշեցինք պարզապես շնորհակալություն հայտնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրով զբաղվող մարդկանց”:
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Վակցինան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: