“Արմենիա Մարիոթ’’-ի ռեստորանները փետրվարին աշխատելու են “Մարիոթ ինթերնեյշնլ Եվրոպա”-ի “Դուք ուտում եք, մենք տալիս ենք’’ ծրագրի նշանաբանի ներքո: Այս ռեստորաններում ընթրող այցելուները բարեգործներ են դառնում` օգնելով հյուրանոցին պայքարել երիտասարդության գործազրկության դեմ:
"Արմենիա Մարիոթ" հյուրանոցի շեֆ-խոհարար Ռոլֆ Գրաբերն ու Թամարը
Այսպիսով, ռեստորաններում մատուցված յուրաքանչյուր ճաշից եւ ընթրիքից ստացված գումարից 500 դրամը հյուրանոցը նվիրաբերելու է “ՍՕՍ մանկական գյուղեր’’ կազմակերպությանը: Ծրագիրն իրականացվում է “Հնարավորությունների աշխարհ’’ նախաձեռնության շրջանակներում: “Մարիոթ” հյուրանոցային միջազգային ցանցի Եվրոպա տարածաշրջանի հյուրանոցներն օգնում են երիտասարդ տարիքի խոցելի խավին` տրամադրելով կյանքի եւ մասնագիտական հմտություններ` իրենց պոտենցիալն ամբողջովին օգտագործելու համար:
“ՍՕՍ մանկական գյուղեր’’ կազմակերպության սան 13-ամյա Թամարը, որը ներկա է եղել հյուրանոցի ամանորյա տոնածառի զարդարմանը, հենց այդ միջոցառման ժամանակ ցանկություն է հայտնել խոհարար դառնալ: Ինչպես հայտնի է` իրականանում են Ամանորին պահած բոլոր երազանքները:). Թամարի երազանքը որոշում է իրականություն դարձնել “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի Վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Զոլթան Կոնշանսկին:
Թամարը խոհարարության պրակտիկ դասընթացներ է անցնում "Արմենիա Մարիոթ" հյուրանոցում
“Հնարավորությունների աշխարհ’’ նախաձեռնության շրջանակներում Թամարին հրավիրել են խոհարարության պրակտիկ դասընթացներ անցնել ռեստորանի շեֆ-խոհարար Ռոլֆ Գրաբերի մոտ: Այժմ աղջիկը ներգրավվել է ռեստորանի աշխատանքային թեժ պրոցեսին:): Ի դեպ, այսօր էլ Թամարը շեֆ-խոհարարի օգնությամբ պատրաստել է իր առաջին պիցցան:
“Ինձ շատ է դուր գալիս այստեղի մթնոլորտը: Շեֆ-խոհարարն ինձ սովորեցնում է ամեն ինչ: Այսքանից հետո անհնար է խոհարար չդառնալ’’,- ասում է Թամարը:
Թամարը շեֆ-խոհարարի օգնությամբ պատրաստել է իր առաջին պիցցան
Բացի այդ, բարեգործական նպատակներով հավաքված գումարի մի մասը եւս փոխանցվելու է հենց Թամարին` խոհարարական ապագա կրթության ծախսերը հոգալու համար, իսկ մնացածը կհատկացվի “ՍՕՍ մանկական գյուղեր’’ կազմակերպությանը:
Ի դեպ, 2010 թվականին “Մարիոթ”-ի համաշխարհային ցանցը կատարել է 34.6 միլիոն դոլարին համարժեք նվիրատվություն:
Տեքստը` Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: