×


Ո՞վ է իրական հիմարը․ հայկականացված «Ընթրիք հիմարի հետ»-ի պրեմիերան

Հիմարները բոլոր ժամանակներում կա՛մ զոհ են, կա՛մ տիրում են իրավիճակին։ Երեկ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման առաջնախաղն էր։ Ֆրանսիս Վեբերի պիեսը հայկական ժամանակակից իրականությանը հարմարեցրել են Վան Գրիգորյանը, Մհեր Մխիթարյանն ու Արման Սարգսյանը, որը նաեւ ներկայացման բեմադրիչն է։


«Հիմարի» կերպարում Մհեր Մխիթարյանն է, որի պատճառով իրադարձություններն այլ ընթացք են ստանում։ «Բեմադրիչն ասաց՝ այս դերը «կխզարես»։ Ես էլ պատվով փորձեցի գլուխ բերել։ Շատ եմ սիրում այս գործը եւ մարդկանց ծիծաղ պարգեւելը։ Ինձ համար կարեւոր է նաեւ, որ ասելիքս տեղ հասնի»,- նշել է դերասանը։


Լեւոն Հախվեդրյանը մարմնավորում է ընկերոջը փրկելու եկած կերպարին, որը պատրաստ է աչք փակել նախկինում տեղի ունեցածի վրա։ Մարիամ Ադամյանի հերոսուհին՝ Մանեն, ուժեղ ու սիրող կին է, որը, սակայն, նաեւ ինտրիգների սիրահար է։ Իսկ իր ներկայությամբ բեմադրությունը համեմում է սիրուհու՝ Արմինեի կերպարը, որին մարմնավորում է Լուիզա Մելքոնյանը։


Սոս Ջանիբեկյանի կերպարն է կազմակերպում ընթրիքն ու հրավիրում «հիմարին»։ Դերասանը խոստովանել է, որ իր բնավորության համաձայն՝ առաջնախաղից միշտ վատն է սպասում։ Նրա խոսքով՝ ամենաբարդը բեմ դուրս գալուց մի քանի վայրկյան առաջ է։


«Այդպիսին եմ։ Այսօր ներկաների արձագանքը լավն էր, ինչը շատ ոգեւորող է։ Որոշեցի խաղալ այս ներկայացման մեջ, քանի որ այն դասական գործի հաջող ադապտացիա է։ Ինձ համար դա շատ կարեւոր է, որովհետեւ հաճախ դասական ստեղծագործությունները պահպանում են իրենց ժամանակի շունչը, իսկ դրանք նորովի ներկայացնելու խնդիր կա։ Երբ կարդացի պիեսը, հասկացա, որ դրա դրամատուրգիան ու առանցքը պահպանված են, բայց նաեւ ժամանակակից շունչ ունի»,- ասել է Ջանիբեկյանը։


Տարոն Իսպիրյանը (Պոնչ) մարմնավորում է հիշաչար, բայց միեւնույն ժամանակ շատ խոցելի ՊԵԿ-ի աշխատակցի։ «Պիեսը լավն է, հայաֆիկացված։ Սա իմ առաջին բեմելն է թատրոնում։ Դերասանական կազմը շատ լավն է, իսկ Մհերն ու Սոսը հիմնական ծանրությունն իրենց վրա վերցրին ու առաջ տարան ներկայացումը: Հանդիսատեսի ժպիտներից կարելի է ենթադրել, որ ամեն ինչ ստացվել է, բայց դեռ շատ բան կարող է հղկվել ընթացքում»,- նշել է նա։


«Ընթրիք հիմարի հետ» ներկայացումը Mitoyan Production-ի եւ Art Platform Production-ի համատեղ նախագիծն է:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW